Հայաստանը գինու հնագույն հայրենիք է, եւ աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը 6000 տարեկան է, գտնվում է Հայաստանում՝ Արենիում: Գինի վայելելու մշակույթն այսօր էլ ավելի գեղեցիկ դրսեւորումներ է ստացել մեր երկրում: Իսկ կաթի մշակույթը շեշտադրելու վրա կենտրոնացել է «Երեմյան Փրոջեքթս»-ը, որը «Լավաշ» ռեստորանում կազմակերպել էր կաթի և կաթնամթերքի համտես-քննարկում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար՝ հիմնավորելով, թե որքան կարեւոր է կաթի մշակույթի զարգացումն ու հանրայնացումը:
Պատահական չէ, որ ընկերության «Կաթը սեր է» տեղեկատվական արշավի ժամանակ, տարբեր տարիքի ու ոլորտների հայտնի մարդիկ կաթը ներկայացնում են տարբեր բաժակներով՝ անգամ գինու:
Կաթն արժեքավոր սննդանյութ է, որի մարսելիությունը շուրջ 98 % է, իսկ մարդն օրական պետք է օգտագործի 250-500 գ կաթ:
Կարդացեք նաև
«Երեմյան Փրոջեքթսի» գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը նշեց, որ բարձրորակ կաթի արտադրության համար կարևոր են մի քանի գործոններ՝ կաթնատու, տոհմային կենդանիները, իրենց պարագայում` մաքրացեղ ֆլեկվի և հոլշտեյն բարձրարժեք գենետիկայով կովերը, ֆերմայում ներդրված տեխնիկան և սարքավորումները եւ վերջապես կիթը ճիշտ կազմակերպելը:Նա հավելում է, որ որակյալ կաթի հիմնական երաշխիքներից է ֆերմայում իրականացվող մեքենայացված կիթը, որը բացառում է կաթի շփումը օդի հետ, նաեւ հատուկ սառնարան-մեքենայով տեղափոխվումը համապատասխան ստանդարտներով կառուցված իրենց «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման արտադրամաս:
«Երեմյան Փրոջեքթսի» «Արցախ» խոհանոց-գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը նշում է, որ իրենց համար առաջնային է արտադրանքի որակն ու սննդամթերքի անվտանգությունը, որը վերահսկում են լաբորատոր հետազոտությունների միջոցով: Ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գևորգյանը ներկայացրեց Yeremyan Products-ի կողմից իրականացվող «Կաթը սեր է» խորագրով տեղեկատվական արշավը:
Նա նշեց, որ իրենց թիմի, գործընկերների, հայտնի և սիրված դեմքերի, տարբեր տարիքային խմբերի, մասնագիտությունների տեր մարդկանց մասնակցությամբ «Կաթը սեր է» խորագրով տեղեկատվական արշավի հիմնական նպատակը կաթի կարևորության բարձրացումն ու դրա օգտագործման մշակույթի զարգացումն է: Անահիտ Գեւորգյանի խոսքով, դա օգնում է սովորել ու տարբերակել որակյալը, հասկանալ՝ կաթն ու կաթնամթերքն ինչպես, ինչ քանակով, երբ և ինչ մթերքների համադրությամբ օգտագործել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ