Լրահոս
Օրվա լրահոսը

ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը Aravot.am-ի գրավոր հարցերին հրաժարվում է պատասխանել՝ առանց հիմնավորման

Սեպտեմբեր 11,2020 19:40

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը որոշել է Aravot.am-ի գրավոր հարցմանը չպատասխանել։ Ինքը որոշել է, որ հիմա մեր հարցերին պատասխանելու ժամանակը չէ։ Սա մեզ փոխանցել է նրա մամուլի քարտուղարը։

Մինչ այսօր պարբերաբար զանգահարում էինք, որպեսզի ճշտեինք՝ պատասխանները երբ կստանանք։ Պատասխանները ձգձգվում էին, չէին տալիս։ Մենք էլ հանգիստ չէինք տալիս ANIF-ին, կրկին զանգում էինք։ Ընդ որում, հարցումն ուղարկելուց կարճ ժամանակ անց, մեզ փոխանցեցին՝ սպասել, ANIF-ը շնորհանդես է պատրաստում, որի հրապարակումից հետո կարող ենք ստանալ մեր հարցերի պատասխանները։ Չհամաձայնելով այս առաջարկի հետ, մանավանդ, որ պարզ չէ, թե այդ շնորհանդեսը երբ է լինելու, պնդեցինք՝ մեր հարցերի պատասխաններն առանձին մեզ ուղարկել։ Ենթադրվում է, որ եթե շնորհանդես են պատրաստում, ուրեմն գոնե մի քանի հարցերի պատրաստի պատասխանը պիտի ունենային։ Բայց, չէ, վերջնական ու «չորով» մերժեցին։

Aravot.am-ը դեռ օգոստոսի 31-ին էր հարցում ուղարկել ANIF-ին, հետաքրքրվել էինք, թե ի՞նչ փուլում է մայիսի 21-ին կառավարության հավանությանն արժանացած եւ վարչապետի բնորոշած՝ «շրջադարձային, մեր պատմության մեջ աննախադեպ» ծրագիրը։

Այդ օրը կառավարությունը որոշում ընդունեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում ANIF-ին 5 միլիարդ դրամ հատկացնել՝ սա առաջին փուլի համար։ Ընդհանուր առմամբ կառավարությունը նախատեսում է 50 միլիարդ դրամ հատկացնել՝ տաս փուլերով։ Այս ծրագրի տրամաբանությունն այն է, որ ֆոնդին փոխանցված միջոցներով ֆոնդը տարբեր կազմակերպություններում, ինչպես որոշման մեջ է գրված, փայեր է ձեռք բերում։

Սա ըստ էության, ներդրում է տվյալ ընկերությունում՝ ակնկալելով որոշակի եկամուտ։ Եվ սա, ըստ էության, տնտեսական այս ճգնաժամային շրջանում մեծ աջակցություն կարող է լինել պետության կողմից՝ բիզնեսին։ Եթե իհարկե, բիզնեսի հայտը բավարարվի։ Իսկ բիզնեսը, հայտնի բան է, արագություն է սիրում, առավելեւս տնտեսական ճգնաժամի շրջանում ակնկալվում էր, որ ֆոնդը պիտի նախաձեռնողականություն ցուցաբերի, շտապի կործանումից փրկել բիզնեսին։

ANIF-ին տաս հարց էինք ուղարկել․ մասնավորապես՝ ներդրում անելու համար մինչ օրս ANIF-ը քանի՞ ընկերություններ է գտել եւ քանիսի՞ հետ է շփվել՝ հասկանալու ներդրումների հնարավորությունը։ Ընկերությունները ո՞ր ոլորտներից են եւ ո՞ր ընկերություններն են, քանի՞սն են նոր ընկերություններ, քանի՞սը՝ կայացած, քանի՞սն են տեղական, քանի՞սը՝ օտարերկրյա, քանի՞ ընկերություն է մերժվել, քանիսի՞ հետ են պայմանագիր կնքել, 50 միլիարդ դրամ ներդրումային գումարը որքա՞ն ժամանակում կկարողանան իրականացնել կամ «տեղաբաշխել» եւ այլն։

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններից պարզ կլիներ 5 միլիարդն ինչ արագությամբ կամ դանդաղկոտությամբ է ներդրվում տնտեսության մեջ, եւ ընդհանրապես, ֆոնդը կարողանո՞ւմ է արդյունավետ աշխատել, թե՝ ոչ, կամ գուցե՝ շատ արդյունավետ։ Վարչապետի շեշտած՝ թափանցիկ աշխատող եւ հանրությանը հաշվետու այս կառավարությանը ենթակա կառույցի նման գաղտնապահությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, ամենաշատը՝ լեգիտիմ կասկածներ, որ որեւէ լուրջ արդյունքի չեն հասել։

Մայիսի 21-ին, երբ որոշումը հաստատվեց, կառավարության անդամներով նիստում (ներկա էր նաեւ Դավիթ Փափազյանը) հայտարարեցին, որ երեք ամիս հետո կանդրադառնան ծրագրի արդյունքներին։ Անդրադարձան, բայց, խոշոր հաշվով, Դավիթ Փափազյանը որեւէ կոնկրետ ու վերջնական արդյունք չներկայացրեց։ Հուլիսի 21-ին վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել է ANIF-ի՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Պաշտոնական այս հաղորդագրության մեջ ասվում է․«Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս արագ առաջ մղմանը և կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները: Չնայած դրան, աշխատանքներն ընթացքի մեջ են, և ANIF-ը նոր հաշվետվություն կներկայացնի մեկ ամիս անց»: Օգոստոսի 28-ին էլ, կրկին վարչապետի մոտ, կրկին խորհրդակցություն է եղել, հետո կրկին ANIF-ի ծրագրերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն տարածվել «Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել է, որ մշակվել են առաջարկներ ծրագրերի ուսումնասիրության մեթոդաբանության՝ չափորոշիչների, որոշումների կայացման, վերլուծության գործընթացի լավարկման վերաբերյալ»:

Այս հաղորդագրությունները 5 միլիարդ դրամի ներդրումների արդյունքների մասին ոչինչ չեն ասում, մի տեսակ հավատ էլ չեն ներշնչում։ Իսկ ANIF-ի պաշտոնական եւ բացառապես անգլալեզու կայքում այս ծրագրի մասին մի տող էլ չկա։ Այստեղ վերջին լուրը, որ տեղադրվել է, մայիսի 22-ին է եղել։

Ընդհանրապես, այս կայքը գործարարին որեւէ օգտակար տեղեկատվություն չի տալիս։

ANIF-ի այս ծրագիրը կառավարությունը սեպտեմբերի 3-ին, այսպես ասած՝ խմբագրեց, որոշեց՝ նախկինում կառավարության՝ 1-2 միլիոն դոլարին համարժեք դրամ ներդրումը դարձնել կես միլիոնից մինչեւ 4 միլիոն դոլար: Կառավարությունն այսպիսի որոշման է եկել մասնավոր հատվածի հետ քննարկումներից հետո։ Այս մասին փաստել է էկոնոմիկայի նախարարը․ նա նախագիծը զեկուցելու ժամանակ, նշել է՝ դեպքեր եւ վիճակագրություն եւ զեկույց ունեն, որ կառավարության՝ ավելի մեծ ներդրումի դեպքում ծրագրերն առաջընթաց կունենան։ Այդ նույն օրը ֆոնդի կառավարչի պարգեւավճարի հարցն էլ լուծեցին՝ նախատեսվում է 8% եկամտաբերությունը գերազանցող, փաստացի եկամտաբերությունը ապահովելու դեպքում ֆոնդի կառավարիչը կստանա պարգեւավճար՝ գերազանցող գումարի 10%-ի չափով, որը կստանա փայերի մարման ժամանակ։

Ի թիվս նշված այս կետերի, սեպտեմբերի 3-ին ANIF-ի վերաբերյալ այլ փոփոխություններ էլ կատարվեցին, որոնք առանձին անդրադարձի թեմա են։

Թե քանի բիզնես կօգտվի պետության՝ առաջին հայացքից այս հրաշալի ներդրումային ծրագրից եւ ANIF-ի հետ պայմանագիր կկնքի, հուսանք ավելի շուտ կտեղեկացնեն, քան վարչապետն իր 100 փաստը կներկայացնի։ Իսկ առաջիկայում մենք կրկին հարցում կուղարկենք ANIF-ին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930