Վրաստանի 6 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռութավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա մեկնարկը ևս 2 շաբաթով հետաձգվել է։ Այս քաղաքներում դասապրոցեսը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից, հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
«Այս քաղաքների բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում դասապրոցեսը կսկսվի հոկտեմբերի 1-ից։ Դա մեզ անհրաժեշտ է եղած ռիսկերը ճիշտ գնահատելու համար։ Մեզ և համաճարակաբաններին դրա համար 2 շաբաթ ժամանակ է պետք։ Դրանից հետո մենք երեխաների հետ կապված լրացուցիչ որոշում կկայացնենք»,- ասել է Գախարիան։
Առնվազն 2 շաբաթ՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ը, դպրոցականներ ու ուսանողները հեռավար ռեժիմով կիրականացնեն ուսումնառության գործընթացը։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր վարակվածության ամենաբարձր ցուցանիշը՝ 87 դեպք մեկ օրում։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ