Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարանտինի և սահմանափակումների ռեժիմն ապօրինի ձևով թույլատրելի սահմանից մի քանի անգամ ավելի է խստացվում». Վահե Գրիգորյան

Սեպտեմբեր 11,2020 18:25

«Ասել, թե ռեժիմը մեղմանում է, ընդհանրապես չի կարելի, ընդհակառակը, քրեական օրենսգրքում կատարված լրացումը միայն բավարար է ինձ պնդելու, որ կարանտինի և սահմանափակումների ռեժիմն ապօրինի ձևով ավելի է խստացվում՝ թույլատրելի սահմանից մի քանի անգամ ավելի»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը:

Սեպտեմբերի 11-ից Հայաստանի ողջ տարածքում ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին: Այս մասին նշված է «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» կառավարության որոշման մեջ:

Ըստ Վահե Գրիգորյանի՝ կարանտինը պետք է լիներ ավելի թույլ իրավական ռեժիմ, ավելի նվազ խստության սահմանափակումներով շարունակվեր, քան արտակարգ կամ ռազմական դրությունը: Այս առիթով նա պարզաբանեց. «ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածը, որը վերաբերում է արտակարգ դրությանը, դրա կարգավորումներին, առավել խիստ մեխանիզմներ է առաջարկում և հնարավորությունների ծավալ իրավունքների և ազատությունների հիմնարար սահմանափակումների գնալու: Երբ սեպտեմբերի 4-ին ԱԺ-ն ընդունեց մեծ փաթեթ, որը նախատեսում է կարանտինի ընդունման կարգը, իրավունքների սահմանափակման ծավալը, նաև այն սուբյեկտները, որոնք կարող են դրան գնալ, մենք ականատես ենք լինելու, որ մարզպետների, կառավարության որոշմամբ կարող են տեղի ունենալ իրավունքների այնքան խիստ սահմանափակումներ, որոնք առկա են արտակարգ դրության ընթացքում: Նախատեսված տուգանքների և քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ՝ կարող եմ անգամ ասել, որ կարանտինի ռեժիմն իրավամբ լինելու է ավելի խիստ ու վտանգավոր հասարակության լայն շերտերի համար, քան արտակարգ դրությունն էր: Տարբերությունը լինելու է զուտ անվանական. քաղաքացին ասելու է գրեթե վեց ամիս ապրել եմ արտակարգ դրության մեջ, հիմա ապրում եմ կարանտինի ռեժիմում: Տարբերությունը լինելու է իրավական, որ դիմակ չկրող կամ հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտած անձինք, որոնք ենթադրաբար անզգուշորեն առաջացրել են այլ անձի վարակում, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930