Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյան․ Արսեն Ջուլֆալակյանի մեկնաբանությունը ես անհաջող եմ համարում

Սեպտեմբեր 11,2020 18:15

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր գումարել։ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ ամեն շաբաթ իրենք քառօրյաներից առաջ հավաքվում են, որ քննարկեն իրենց մոտեցումները օրակարգում առկա և ներքաղաքական հարցերի վերաբերյալ։

Հարցին, թե արդյոք քննարկելու են Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հարցը, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այո՛, որովհետև դուք էլ լսել եք և՛ նաև իմ կողմից, և՛ նաև խմբակցության ղեկավարի կողմից, որ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելը անակնկալ էր մեր խմբակցության համար, և կարծում եմ, որ տրամաբանական է, որ անակնկալները կքննարկվեն մեր խմբակցության նիստում»։

Մյուս հարցին, թե արդյոք նիստին մասնակցելո՞ւ է խմբակցության թեկնածուն, որը զբաղեցնելու է Արսեն Ջուլֆալակյանի տեղը Ազգային ժողովում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ մասնակցելու են միայն խմբակցության անդամները․ «Ցուցակով հաջորդ թեկնածուն դեռ մանդատը չի վերցրել, հետևաբար՝ պատգամավոր չէ։ Ո՛չ չի մասնակցի նիստին»։

Իսկ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը՝ նա ասաց․ «Դա «Լուսավոր Հայաստանի» իրավունքն է, թո՛ղ նախաձեռնեն, տեսնենք՝ ինչ են նախաձեռնում։ Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանի վարած քաղաքականությանը, ես ուզում եմ նշել, որ դա միայն պարոն Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ։ Դա «Իմ քայլը» քաղաքական թիմի վարած քաղաքականությունն է, որի մեծ մասին դուք ինքներդ ծանոթացել եք դեռևս նախընտրական շրջանում, դեռևս հեղափոխության օրերին և հեղափոխությունից հետո։ Առկա տարբեր տեսակի դիտարկումները, մեկնաբանությունները, առաջարկությունները, դժգոհությունները՝ ինչո՞ւ չէ նաև, որ որոնք տարբեր կողմերից արտահայտվում են կապված ոլորտի հետ, դրանք բոլորն էլ քննարկելի են։ Սակայն, բոլոր մոտեցումները, որ քաղաքականության տապալված լինելու մասին են խոսում, ես ուզում եմ նշել, որ դուք էլ եք վստահաբար նկատել, որ նման ծայրահեղական գնահատականներ հնչում են հիմնականում այն ուժերի կողմից, որոնք հնչեցնում են ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։

Պարոն Ջուլֆալակյանի մեկնաբանությունը ես անհաջող եմ համարում, ճիշտն ասած։ Ափսոսում եմ, որ նման մեկնաբանություն է հնչեցրել պարոն Ջուլֆալակյանը, բացառապես համամիտ չեմ մեկնաբանության հետ։ Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք այս կամ այն որոշումների հետ ունեն անհամաձայնություն, լրացում կամ նաև այլ առաջարկներ, սակայն դա չի նշանակում, որ ոլորտը տապալված է, դա նշանակում է, որ մենք գտնվում ենք առողջ միջավայրում, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կարող է անհամաձայնություն ունենալ գործադիր մարմնի այս կամ այն որոշումների հետ, ինչը նաև արտահայտվում է Ազգային ժողովի դահլիճում՝ ամբիոնից»։

Արթուր Հովհաննիսյանը համաձայն չէ Արսեն Ջուլֆալակյանի քայլի հետ, նա կարծում է, որ ԱԺ պատգամավորը անհամաձայնություն ունենալու դեպքում ունի բոլոր լծակները այդ անհամաձայնությունները հանրային կերպով արտահայտելու և հանրային ճնշման միջոցով տեղ հասցնելու։ Ըստ նրա, այդ լծակները սպառված չէին․ «Իմ քայլը» խմբակցության բոլոր նիստերում հնչում են բազմաթիվ կարծիքներ, ամենատարբեր հարցերի շուրջ ամենատարբեր կարծիքներն են հնչում։ Մենք մշտապես անկաշկանդ արտահայտում ենք մեր մոտեցումները, և սեփական կարծիք արտահայտելը, որը կարող է հակասել մյուս գործընկերոջ կարծիքին ամենևին չի նշանակում, որ դու թիմին դեմ ես»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930