«Ծնողների հետ ապրելուց լավ բան չկա. գալիս ես աշխատանքից տուն, սենյակը մաքուր, ճաշը պատրաստ, դա իսկական երջանկություն է»,- Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի «Մասնագիտությունը՝ մայրիկ» խորագրի ներքո մեր կատարած փոքրիկ հարցախույզի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց 35-ամյա Կարինե Հայրապետյանը:
Սակայն Կարինեն մեր հարցախույզի եզակի մասնակիցներից էր, որ կողմ է երիտասարդ ամուսնական զույգի՝ ծնողների հետ ապրելու գաղափարին:
Դեռ հնուց հայկական ավանդական ընտանիքին բնորոշ է եղել, որ տղան ընտանիք կազմելուց հետո պետք է ծնողների հետ միևնույն հարկի տակ ապրի, մանավանդ, եթե նա ընտանիքի միակ որդին է: Սակայն ժամանակի ընթացքում այս կարծրատիպը փոխվել է: Հատկապես երիտասարդ զույգերը ամուսնանալուց հետո ձգտում են ծնողներից առանձին ապրել:
«Մենք հիմա վարձով ենք բնակվում՝ ամուսնուս ծնողներից առանձին, որպեսզի կարողանանք իրար հասկանալ: Առանձին ապրելն ամրապնդում է հարաբերությունները»,-ասաց 25-ամյա Արփինե Սեդրակյանը:
Կարդացեք նաև
29-ամյա Վարդգես Պողոսյանի կարծիքով՝ իրենց ընտանիքն ավելի մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ կունենա, քանի որ առանձին ապրելով դարձել են ավելի անկախ, ավելի կազմակերպված և ավելի ինքնուրույն: Նա պատմեց. «Ամուսնանալուց հետո մոտ 5 տարի ապրել ենք ծնողներիս հետ՝ իմ հայրական տանը, բայց հասկացանք՝ մենք՝ որպես նորաստեղծ ընտանիք՝ չենք աճում»:
Թեև աստվածաշնչյան խոսք կա «Տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը, և երկուսով պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24), այնուամենայնիվ, սա չի նշանակում սիրելի ծնողներից հրաժարում, այլ ծնողական ընտանիքի հովանավորությունից դուրս գալու, նոր ընտանիք՝ մեծ ընտանիքի ներքո, ստեղծելու գաղափարն է:
Ծնողների հետ, թե ծնողներից հեռու ապրելու հարցն ունի ոչ միայն հոգեբանական, այլև տնտեսական դիտանկյուն: Շատ զույգեր ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ստիպված են ծնողների հետ ապրել, քանի որ պարզապես չեն կարողանում հոգալ բոլոր ծախսերը՝ կոմունալ վճարներից մինչև հիփոթեք կամ տան վարձակալության վճար: Mamamia հարթակում, որտեղ ընտանեկան թեմաներով բուռն քննարկումներ են ծավալվում, կարելի է գտնել բազմաթիվ իրական պատմություններ, թե ինչպես է երիտասարդ զույգը սկզբնական շրջանում ապրել ծնողներից առանձին, սակայն հետո տնտեսական և ֆինանսական խնդիրների պատճառով վերադարձել ծնողների տուն: 27-ամյա մի երիտասարդ կին պատմում է. «21 տարեկանում ամուսնացանք և երկու տարի ապրեցինք ծնողներից առանձին: Խենթ ու խելառ օրեր անցկացրինք, սակայն շուտով հասկացանք, որ մեր բանկային հաշիվն այլևս ի վիճակի չէ հոգալ այդ ամենի ծախսերը»:
Aravot.am-ն առաջիկա հրապարակումներում կներկայացնի նաև, թե ինչ կարևորություն ունի առանձին ապրելը հոգեբանական տեսանկյունից և ի՞նչ միտումներ կան երիտասարդ զույգերի՝ հոգեբանի ծառայության դիմելու հարցում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ