Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եկեղեցին ընդդիմանում է, որովհետեւ համոզված է՝ այս ձեւով կրթական բարեփոխում կատարելը ճիշտ չէ». հայր Զաքարիա

Սեպտեմբեր 11,2020 16:49

«Այս երկար քննարկումներում մեկ դրական բան կա: Կարծես թե առաջին անգամ է, որ կրթական չափորոշիչների հարցում այսքան բուռն ասելիք եւ քննարկման նյութ կա: Հանրության տարբեր շերտեր սկսեցին դրական եւ բացասական կողմեր տեսնել չափորոշիչներում»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը, որով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միավորվելու է «Հայոց պատմությանը»:

«Հիմնական խնդիրը մենք տեսնում ենք գաղափարական հողի վրա: Եկեղեցին համոզված է՝ ներկայացված չափորոշիչներով չենք կարող պատրաստել այնպիսի քաղաքացի, որը պատրաստ կլինի իր գիտելիքներով եւ հմտություններով դիմագրավել երկրի եւ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին: Մեր պես երկրների համար, որոնք շրջապատված են ոչ բարեկամ երկրներով եւ ունենք ինքնության պահպանման խնդիր, շատ կարեւոր է ազգային նկարագրի եւ ինքնության պահպանումը՝ սերնդի կրթության, հոգեւոր մտածողության համար»,-համոզմունք հայտնեց հայր Զաքարիան:

Նա շեշտեց՝ չափորոշիչներում որպես առաջնահերթություն են հռչակված բնագիտական առարկաները, օտար լեզուների իմացությունը, ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետումը. «Սա իսկապես շատ լավ է, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս ամենը չպետք է լինի հայագիտական առարկաների հաշվին: Եկեք խոստովանենք, որ հայագիտական առարկաներով է մարդը ձեւավորում իր ինքնությունը՝ լեզվով, պատմությամբ, գրականությամբ: Մեր առաջարկն էր, որպեսզի հայագիտությունը եւս հռչակվի գերակա ուղղություն: Մեզ համար մտահոգիչ են նաեւ «Հայոց պատմություն» առարկայի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ժամերի, ժամանակագրական խեղաթյուրումների վերաբերյալ: Փաստերով ենք ցույց տվել, որ խնդիր ունենք»:

Հայր Զաքարիայի խոսքով՝ բարեփոխումները շատ լավն են, եթե միտված եւ հայի կերպարի հզորացմանը. «Պատրաստելով «համաշխարհային քաղաքացու» գաղափարը՝ դա գուցե այլ երկրների համար է, բայց ոչ մեր: Մենք ինքնության խնդիր ունենք: Կարծում եմ՝ չափորոշիչներով չենք կարող պատրաստել մի մարդու, որն ամեն ինչով կապված կլինի իր հայրենիքի հետ: Հակառակը, նա կարող է ամեն տեղ ապրել: Այսինքն, չենք պատրաստում ՀՀ քաղաքացի, այլ անձ, որն ունի որոշակի գիտելիքներ: Եկեղեցին չի ընդդիմանում, որովհետեւ դրված է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի տարրալուծման խնդիրը, այլ որովհետեւ մենք ունենք համոզմունք՝ այս ձեւով կրթական բարեփոխում կատարելը ճիշտ չէ: Հավելեմ, որ քննարկում չի եղել Մայր աթոռի հետ: Նման կերպ առարկան հանելը ճիշտ չէ, այս ամենն իսկապես մտահոգիչ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930