«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայրս շուրջ 24 տարվա գիտամանկավարժական գործունեությունից հետո երեկ սեփական դիմումի համաձայն թողել է ԵՊՀ-ում դասախոսի իր աշխատանքը։ Հայրս այն առաջին մասնագետներից էր, ովքեր տարիներ առաջ ինքնուրույն մասնագիտացել էին Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառում ու Հայաստանում հիմք դրել այդ մասնագիտացման ակադեմիական ուսուցմանը։ Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառը բարձր վարձատրվող աշխատանքի բնագավառ է, ուստի դասախոսելուն հատկացվող ժամանակը զուտ նվիրաբերություն է այդ մասնագիտացման կայացման գործին՝ նվիրում առաքելությանը, երազանքին։ Հարկ չեմ համարում ավելին ասել նրա կենսագրության մասին, որովհետև ոլորտից տեղյակ ցանկացած մարդու հարցնելով թե ինչ մասնագիտական և բարոյական որակների տեր մարդ է Սամվել Նահապետյանը՝ կստանաք նույն պատասխանը։
Հիմա նա թողել է ԵՊՀ-ում դասախոսելու իր այդ առաքելությունը և ես նրան հասկանում եմ։ Տարիներ շարունակ թերի ֆինանսավորվող գիտության, թերի կառավարվող բուհական համակարգի, հաճախ անազնիվ, անարդար, հակակրթական ու հակագիտական մի շարք դրսևորումների միջավայրում հայրս միշտ գտել է լուսավոր մի կետ, ապագայում ավելի լավ լինելու ինչ-որ մի հույս ու նվիրվել այդ լավ օրվա նախապատրաստությանը։ Որ, երբ այդ օրը գա, լինեն այդ դպրոցով անցած մարդիկ, ովքեր կստանձնեն ոլորտի պատասխանատվությունը։ Ընդ որում սա արել է իրեն երբևէ չտեսնելով որևէ վարչական պաշտոնում՝ ոչ առաջ, ոչ հետո։
Այդ օրը պիտի գար 2018 թվականի մայիսին։ Սակայն կրթությունը, գիտությունը և ԵՊՀ-ն ոչ միայն որևէ ռեֆորմի չենթարկվեցին, այլև մի շարք դեպքերում ավելի դեգրադացվեցին, ավելի հետ գնացին։ Եվ հիմա, երբ առաջիկա տարիներին ոչ մի լավ բանի սպասելիք չկա՝ անիմաստ է շարունակել բարձր վարձատրվող ժամանակը վատնել հանուն ոչ մի բանի։ Եվ այստեղ խնդիրը համալսարանի առանձին պաշտոնյաները չեն, ուսանողները չեն, ֆինանսը չէ… Այստեղ խնդիրը ամենայն խորությամբ համակարգային է, աշխարհայացքային, որի ուղիղ և անմիջական պատասխանատուներն են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Այս մարդիկ ոչ միայն որևէ դրական փոփոխություն չբերեցին ակադեմիական միջավայրին այլև էլ ավելի դեգրադացրեցին այն՝ չունենալով որևէ մոտեցում, որևէ պատկերացում «ուր ենք գնում» հարցի մասին։ ԵՊՀ-ն երբեք այսքան մշուշոտ հեռանկարներ չի ունեցել որքան այսօր, կրթության բնագավառը երբեք այսքան անորոշ և իր ուղենիշը կորցրած վիճակում չի եղել, որքան այսօր։
Իսկ հայրս, մեկ ուրիշը, այն երրորդը քաղաքական գործիչներ չեն, նրանք չեն գալու ԿԳՄՍ նախարարության առաջ «ավանդույթների» մասին իռացիոնալ փաստարկներով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջեն ու թնդանոթի միս դառնան կիսագրագետ ու հաբռգած պռոկառավարական թուլեքի ծաղրանքի համար։ Նրանք գիտնականներ են, մտավոր աշխատանքի մարդիկ ովքեր կամ հույս են կապում տվյալ կառավարության հետ, կամ ոչ և կառավարությունն էլ ըստ այդմ կամ հաջողում է կամ ձախողվում։
Վերջում ուզում եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը ինձ համար մարդկային մեծ հիասթափություն է։ Ոչ մի այլ նախարարի նշանակվելիս այդքան ուրախ չեմ եղել, բայց ոչ մի այլ նախարարի հեռանալիս այդքան անտարբեր չեմ լինելու։ Նա մնալու է պատմության էջերում որպես ոչինչ, որպես մարդ ով ռեֆորմների ալիքի վրա եկել ու զրո արդյունք է ցույց տվել։ Նա քայլելու է փողոցներով ու արժանանալու տոտալ անտարբերության։ Նրան ոչ ոք չի հիշելու ու չի ճանաչելու՝ ինչպես 90-ականներին 2-3 ամիս աշխատած պաշտոնյաներին այսօր փողոցում ոչ-ոք չի հիշում։
Բայց հիմա թող ապրեն իրենց կյանքով, ձևացնեն թե ոչինչ էլ չեն ձախողում, որ քննադատողները նախկիններն են ու նրանց արբանյակները, որ կյանքը դինամիկ զարգանում է և իրենք հերոսաբար կռիվ են տալիս ու մաքառում խնդիրների դեմ։ Թող մի քիչ էլ վայելեն ամեն օր մեծ փոփոխությունների պատրաստված մարդկանց աշխատավարձից եռակի բարձր իրենց աշխատավարձը, նրանց աշխատասենյակից եռակի մեծ աշխատասենյակը, նրանց ասածների հետ համաձայնողներից երեք անգամ շատ անվերապահ աջակցող ունենալու այս աստեղային ժամը։ Իսկ ես քանդելու եմ ոլորտի քաղաքականություն մշակող այս համակարգը, բնաջնջելու եմ ու զրոյից նորը հավաքեմ։ Որովհետև մարդկանց երազանքներին այսպես ցինիկ վերաբերվել չի կարելի՝ անբարոյականություն է, իսկ ես անբարոյականության տակ չեմ մտնի։
Հ.Գ. հուսով եմ հայրս ըմբռնումով կմոտենա իր կոնկրետ դեպքը մասշտաբային իրավիճակի համատեքստում դնելու ու հարցը քաղաքական կողմից ձևակերպելու այս մոտեցմանը։