ԱՄՆ Պետդեպարտամենտը ծավալուն զեկույցով անդրադարձել է Հայաստանի ներդրումային միջավայրին։ Նշելով, որ ամերիկացի ներդրողները Հայաստանում գործունեություն են ծավալում բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական և լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, զեկույցում ընդգծվում է, որ վերջին տարիներին Հայաստանը երկրի բիզնես և ներդրումային միջավայրը գնահատող միջազգային ինդեքսներում պատկառելի վարկանիշ է գրանցել։
«Հայաստանը ներդրողների համար լայն հնարավորություններ է ընձեռում, իսկ երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունն ուղղված են ներդրումներ ներգրավելուն։ Սակայն բիզնես միջավայրը Հայաստանում նաև խնդիրներ ունի, որոնց թվում են փոքր շուկան, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով աշխարհագրական մեկուսացումը, օրենքի գերակայության ու դատական համակարգի բացերը, ինչպես նաև կոռուպցիոն ժառանգությունը»,- ասվում է Պետդեպի զեկույցն ու հավելվում, որ անմիջական օտարերկրյա ներդրումների մաքուր հոսքը փոքր է։
Զեկույցում դրական է գնահատվում օտարերկրացիների կողմից Հայաստանում գույք ձեռք բերելու հասանելիությունը։ «Բիզնես գրանցելու գործընթացը պարզ է։ Հայաստանը չի սահմանափակում դրամական միջոցների փոխանցումն ու կոնվերտացիան կամ կապիտալի ու եկամուտի վերադարձը ներդրողի հայրենիք։ Բանկային համակարգը Հայաստանում կայուն է և լավ է կարգավորվում, բայց ներդրողները բողոքում են նաև վատ զարգացած ֆինանսական համակարգից։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջեւ երկկողմ ներդրումային պայմանագիրը ԱՄՆ ներդրողներին հնարավորինս պաշտպանում է։ Թեպետ Հայաստանի օրենսդրությամբ մտավոր սեփականության իրավունքը պաշտպանվում է, սակայն օրենքը պահպանելու կամ դատարան դիմելու գործընթացները բարելավման կարիք ունեն»,- նշվում է զեկույցում։
Պետդեպը 2018թ․ ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դրական տեղաշարժ է տեսել Հայաստանի ներդրումային միջավայրում։ «2018թ․ իշխանափոխությունից հետո բիզնես միջավայրը կարծես թե ավելի բաց է մրցակցության համար։ Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունից հեռացան Հայաստանում զգալի բիզնես ակտիվներ ունեցող պատգամավորներ, որոնք շատ մեծ ազդեցություն էին գործում տնտեսության խոշոր ճյուղերի վրա։ 2018թ․ հետո երկրում հակակոռուպցիոն արշավ սկսվեց, որի շրջանակներում շատ աղմկոտ գործեր բացվեցին։ Այդ փոփոխությունները նպաստում են ներդրումային և մրցակցային միջավայրի բարելավմանը, թեպետ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալ և երկարաժամկետ լինի հատկապես դատական, հարկային, մաքսային և առողջապահության ոլորտներում»,- նշված է զեկույցում։
Կարդացեք նաև
Ըստ Պետդեպի՝ չնայած կոռուպցիայի դեմ պայքարին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք Հայաստանը ներդրողների համար առավել գրավիչ են դարձնում, դեռևս պահպանվում են որոշ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում թափանցիկ, արդար գործնական միջավայր ապահովելու համար։ «Երկրում հանքարդյունաբերության շուրջ վեճը մեծ միջազգային ուշադրություն է գրավել և տարիներ շարունակ լուծում չի ստանում»,- հիշեցրել է զեկույցը և մտահոգություն հայտնել անկախ ու ուժեղ դատական համակարգի բացակայությամբ, ինչը, ըստ զեկույցի, սասանում է թափանցիկության մասին կառավարության վստահեցումները և դժվարություններ ստեղծում ներդրումային ու կոմերցիոն վեճերի ժամանակ արդյունավետ իրավական պաշտպանություն ստանալու հարցում։
«ՀՀ կառավարությունը պաշտոնապես աջակցում է օտարերկրյա ներդրումներին։ Հայաստանը երկրում բիզնես միջավայրը գնահատող գլոբալ ինդեքսներում պատկառելի դիրքերի է հասել։ Երկրում ներդրումային և առևտրային քաղաքականությունը հարաբերականորեն բաց է․ արտասահմանյան ընկերություններն օրենքով ունեն այն նույն իրավունքները, ինչ տեղականները։ Հայաստանը մեծ մարդկային ներուժ ունի, բնակչությունը կրթված է հատկապես գիտության, տեխնոլոգիաների, ինժեներության, մաթեմատիկայի ոլորտներում, ինչը հանգեցնում է բարձր և ինֆորմացիոն տեխնոլոգիաների սեկտորում ներդրումների աճի, ինչի արդյունքում էլ շատ միջազգային ընկերություններ Հայաստանում բացել են դուստր ընկերություններ և մասնաճյուղեր»,- ասված է Պետդեպի զեկույցում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ