Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փոխադարձ վիրավորանքներ չկային, բայց բավականին նյարդային բանավեճ էր ընթանում». Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում հուլիսյան բախումների մասին քննարկումների առիթով

Սեպտեմբեր 11,2020 15:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը փակ նիստում քննարկեց հայ-ադրբեջանական սահմանային հուլիսյան լարվածության հետ կապված հարցեր: Օրեր առաջ էլ այս հարցը քննարկվել էր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ Մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստի վերաբերյալ տեղեկատվություն հայտնել չի կարող, բայց նաև ասաց, որ հուլիսյան բախումների վերաբերյալ քննարկումները երկու հանձնաժողովներում նույն բնույթի են եղել: Նա տեղեկացրեց՝ ԵԽԽՎ տարբեր մարմիններ նամակներ էին ուղարկել ոչ միայն հուլիսյան բախումների ժամանակ, այլև դրանից առաջ՝ կապված Ադրբեջանի ներկայացուցիչների՝ բացահայտ ռազմատենչ հայտարարությունների հետ. «Նիստի ընթացքում, բնականաբար, ներկայացրինք նախապատմությունն այդ օրերի: Անձամբ ես մեջբերել եմ Ադրբեջանի նախագահի, ՊՆ նախարարի բոլոր այն հայտարարությունները մինչև հուլիսյան օրերը, որոնցից ակնհայտորեն բխում էր, որ իրենք պատրաստվում են հարձակվել Հայաստանի վրա: Բնականաբար, բարձրաձայնել ենք նաև Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու խայտառակ հայտարարության վերաբերյալ և, բնականաբար, խոսել ենք նաև Թուրքիայի չափազանց ապակառուցողական դերի վերաբերյալ և՛ հայ-ադրբեջանական համատեքստում, և՛ ընդհանրապես Կովկասում ու Եվրոպայում»:

Հարցին՝ ո՞րն է եղել հայկական կողմի հիմնական հակափաստարկը և ինչո՞ւ ԵԽԽՎ-ում պետք է մեզ հավատան, քանի որ բնականաբար, ադրբեջանական կողմն էլ վստահ տոնով իրենն է պնդել, նա արձագանքեց. «Մի քանի շեշտադրումներ կան, բայց գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ օրինակ, հունիսի 21-ին իր հրապարակային հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ նախարարը բառացիորեն ասել էր, որ հույս ունի՝ իրենք շուտով կհարձակվեն կամ որ ասել են՝ հայերը հույս ունեն, թե միջազգային կառույցները թույլ չեն տա Ադրբեջանին հարձակվել, բայց նրանք սխալվում են: Այսպիսի հայտարարություններ, որոնք հստակ ցույց են տալիս՝ Ադրբեջանն ուներ նպատակ հարձակվելու, և ընդամենը երկու շաբաթ անց դա տեղի ունեցավ: Մեկ այլ փաստարկ է, որ մարտական գործողությունների սկիզբն այն էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում գտնվող դիրքի վրա»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն էր արձագանքը կոնկրետ ԵԽԽՎ-ի համազեկուցողների և պատվիրակների կողմից, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Համազեկուցողներն ավանդաբար չեզոք դիրքորոշում են հայտնում, բնականաբար, ադրբեջանցի և թուրք պատվիրակները միասնական ճակատով պաշտպանում էին Ադրբեջանի դիրքորոշումները: Կային մի շարք պատգամավորներ, որոնք կրկին չեզոք կողմնորոշման էին, խաղաղության կոչով էին հանդես գալի: Մեր հույն գործընկերն, իմ ընկալմամբ, ավելի հայամետ ելույթով հանդես եկավ»:

Մեր դիտարկմանը՝ ակնկալվում էր բավականին լարված մթնոլորտ, մամուլում որակումներ եղան, թե սպասվում են թեժ մարտեր, այդպե՞ս եղավ՝ հաշվի առնելով այն, որ ԵԽԽՎ լիագումար նիստերի ժամանակ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև երբեմն հեռակա փոխհրաձգություն է լինում, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց. «Եթե խոսքը փոխադարձ վիրավորանքների մասին է, ոչ, բայց, բնականաբար, շատ նյարդային բանավեճ էր գնում»:

Հստակեցրինք՝ հնարավո՞ր է հոկտեմբերին կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին նման հարց քննարկվի, եթե, իհարկե, նստաշրջանը չհետաձգվի, Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ այն կհետաձգվի և հավելեց. «Եթե լիագումար նիստը չհետաձգվի էլ, չեմ կարծում, որ նման հարց քննարկվի, քանի որ նման հարց չկար: Քանի որ հուլիսյան օրերին և դրանից առաջ ու հետո և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն իրենց դիրքորոշումները նամակներով և այլ միջոցներով հայտնել են ԵԽԽՎ-ին, այս քննարկումների նպատակն էր լսել երկու կողմերին առանց փաստաթղթի ընդունման նպատակադրության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930