Երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը գրառում կատարեց, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային հակասությունների պատճառով որոշել է պատգամավորական մանդատը վայր դնել, լրատվամիջոցները հիշեցին նաեւ, որ նրա կինը՝ Հերմինե Ղազարյանը, ազատվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտից, որտեղ նա թարգմանիչ էր աշխատում:
Aravot.am-ը ինստիտուտի պրոռեկտոր Անժելա Նուշիկյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, թե ճի՞շտ է արդյոք այդ լուրը: «Այո, Հերմինե Ղազարյանը մեր ինստիտուտում աշխատանքի է ընդունվել 2019 թվականի մարտ ամսին եւ երեք ամիս անց ազատման դիմում է գրել: Որպես թարգմանչի, նրա մասնագիտական որակների հետ կապված որեւէ դժգոհություն չի եղել: Ավելին, Հերմինեն մեր մոտ եկավ ինստիտուտի համար աշխատանքային բավականին ծանր շրջանում եւ շատ օգտակար եղավ: Իսկ թե նա, իբր հարկադրված է եղել դիմում գրել, ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց պրոռեկտորը:
Ավելի ուշ ինստիտուտից տեղեկացանք, որ աշխատանքից ազատվելու դիմում գրելը Հերմինե Ղազարյանը պայմանավորել է մասնավոր բիզնեսի օգնելու անհրաժեշտությունով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ