Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթաթուրքի հետ նույն նժարին են դրվում Անդրանիկը, Նժդեհը». ուշագրավ մանրամասներ՝ հայ եւ թուրք պատմաբանների համատեղ գրքից

Սեպտեմբեր 11,2020 17:14

«Չափորոշիչների հանրային քննարկումների ժամանակ վերջերս բացահայտվեց, որ չափորոշիչների հեղինակները կամ նրանցից ոմանք ընդգրկված են հայ-թուրքական համատեղ ծրագրերում, ընդ որում՝ դրանք վերաբերում են կրթությանը, դասավանդման առանձնահատկություններին, պատմության դասագրքերի առանձնահատկություններին»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը:

Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Չխախտելով որեւէ մեկի անմեղության կանխավարկածը՝ մի քանի դիտարկում անեմ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացն աջակցող ծրագրով, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, ՀՀ-ից եւ Թուրքիայից մի շարք կազմակերպություններ ընդգրկված են որոշակի նախագծերում: Մեկը 2017թ.-ին հրապարակված՝ Թուրքիայում եւ Հայաստանում պատմություն առարկայի դասավանդման մասին գիրքն է: 2019թ.-ին էլ նույն նախագծով հրատարակվել է մեկ այլ գիրք՝ Հայաստանի եւ Թուրքիայի համար պատմության դասավանդման ալտերնատիվ մոդուլների վերաբերյալ: Հայ հեղինակների թվում են Լիլիթ Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը եւ կոմիտեներից մեկի նախագահը: Գրքի նախաբանում նշված է, որ այն միտված է նպաստելու դասագրքերի բարեփոխումներին: Ենթադրում եմ, որ այդ բարեփոխումները կապված են այս չափորոշիչների հետ»:

Գրքի նախաբանում, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, առաջարկվում է, թե ինչպես է պետք «խաղաղասիրական ոճով» դասավանդել պատմություն՝ ՀՀ-ում եւ Թուրքիայում:

Մասնավորապես, առաջարկվում է.

-Դասավանդումն իրականացնել ազգայնականության քննադատական մոտեցմամբ՝ պատմությունը հեռացնելով պետականակենտրոնությունից,

-Դեր տալ անտեսված, լռեցված խմբերին, կնոջ եւ տղամարդու իրավահավասարությանը, ֆեմինիստական խմբերին,

-Մեծ տեղ տալ հասարակական շարժումներին, անդրադառնալ ԼԳԲՏ անձանց իրավունքներին վերաբերող շարժումներին, դասագրքերում ընդգրկել այդ շարժման պատմությունը, տարբեր դրվագներ, օրինակ՝ Հոլանդիայում այդ շարժման սկիզբը,

-Որպես օժանդակ նյութ՝ սովորվողներին հանձնարարել 2000թ.-ին տպագրված «Լեսբուհիների եւ գեյերի պատմությունների եւ մշակույթների հանրագիտական» գիրքը:

-Մեծ տեղ տալ Հնդկաստանի անկախության շարժումների ուսումնասիրությանը,

-Քննարկել սովորողների հետ ինքնության հարցը՝ ո՞վ եմ ես:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ «ո՞վ եմ ես» հարցը գերակշռող է Թուրքիայում, որտեղ հանրության մեծ մասը խառնածին է, եւ շարքային քաղաքացու մոտ նման հարց է առաջանում. «Այս հարցը հայկական միջավայրում նշանակություն չունի: Ի դեպ, նշյալ՝ 2000թ.-ի գրքի համահեղինակներից է Մարիա Կարապետյանը: Իսկ հայկական ազգային-ազատագրական շարժումներին որեւէ անդրադարձ չկա»: Թուրքագետն ընդգծեց՝ «ազգայնականություն» տերմինը Թուրքիայում եւ ՀՀ-ում լիովին տարբեր ընկալումներ ունեն. «Թուրքիայում այն միայն մեկ ձեւակերպում ունի, իսկ մեզանում կա նաեւ ազգայնամոլությունը, որը բացասական երանգ ունի: Ըստ այդմ, հայ-թուրք մասնագետների այս խումբն առաջարկել է քննադատել ազգայնականությունը, եւ կշեռքի նույն նժարի վրա է դրվում հետեւյալը. իրենց համար ազգայնական է Աթաթուրքը, եւ նույն հարթությունում պետք է դիտարկվեն Անդրանիկը, Նժդեհը եւ մյուսները: Այսինքն, սա մեթոդական սխալ է»: Թուրք պատմաբանների հետ համատեղ լույս տեսած գրքի մասին պատմաբան Լիլիթ Մկրտչյանի մեկնաբանությունը՝ այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել