Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքագրված գումարից 13000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող լրատվամիջոցներին. դրամահավաք-արշավի արդյունքները

Սեպտեմբեր 11,2020 15:36

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը, որի արդյունքում հավաքագրվել էր շուրջ 312,000 ԱՄՆ դոլար։ Հանգանակությունը փոխանցելիս, դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100,000 ԱՄՆ դոլար։

Այսպիսով, հավաքագրված գումարը կազմում է 412,000 ԱՄՆ դոլար, որից 310,000 դոլարը համամասնաբար բաշխվում է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։ Ավելացված 100,000 դոլարը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքագրված գումարից 13,000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին։

«Լիբանանահայերը մշտապես մեծ նվիրումով սատարել են թե’ հայրենիքին, թե’ սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ Հանգանակված գումարը որոշ չափով կթոթափի սոցիալ-տնտեսական դժվարությունները, որ ահագնացել են Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ով այժմ գտնվում է Բեյրութում՝ նվիրատվությունն անձամբ փոխանցելու առաքելությամբ։

Հայկակ Արշամյանը նաև հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառին։ Վեհափառը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ի նպաստ Հայաստանի և Սփյուռքի կայունության և հզորացման։

Շնորհակալություն ենք հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանությանը ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի  այցի ընթացքում ցուցաբերած մշտական աջակցության համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությունը Լիբանանում գործող հայ կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին շարունակական բնույթ է կրում։ Այն սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ երկրում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը վերջին 9 ամիսների ընթացքում ավելի քան 600,000 դոլարի օգնություն է ցուցաբերել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և իր տեղական մարմիններին անվերապահ աջակցության և վստահության համար։

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930