Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Հայրապետյան. «Հնարավոր է մի հատ էլ jam session անենք` հանդիսատեսն էլ մեջը»

Սեպտեմբեր 11,2020 14:37

Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15-ից մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում» կկայանա ջազային փառատոն` Yerevan Jazz Fest-ը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այս առիթով «Մեցցո» ակումբում կայացած ասուլիսում նշեց. «Երջանիկ եմ մեր բազմաժանր գոյության համար: Մի քանի օր առաջ Ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական երաժշտության սպասումով էինք հանդիպել, իսկ հիմա բոլորովին հակադիր մի բեւեռից` ջազի մեր առաջատար ներկայացուցիչների հետ դարձյալ «Թիկունքը՝ մշակույթ» ծրագրով լինելու ենք Բերդում»:

Փոխնախարարը կարեւորեց նախաձեռնության բարոյական եւ հոգեբանական ազդեցությունը, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, նախաձեռնությունը գերազանցում է բոլոր ակնկալիքները: Նրա խոսքով, նախաձեռնությունը սահմանամերձ համայնքներում ունենում է նաեւ իր տնտեսական ներգործությունը, որովհետեւ յուրաքանչյուր համերգին հետեւելու նպատակով Երեւանից եւ ՀՀ տարբեր քաղաքներից Տավուշ են մեկնում բազմաթիվ քաղաքացիներ:

«Նախորդ օրը մարզպետն ասաց, որ լրջագույն խնդիր ունեն ազատ հանրային սննդի վայրեր, հյուրատներ եւ սակավաթիվ հյուրանոցներում ազատ սենյակներ գտնելու առումով: Սա նշանակում է, որ մշակույթն ուղղակիորեն նպաստում է տեղական տնտեսության, ենթակառուցվածքների զարգացմանը: Նաեւ պարզվում է, որ մշակույթի ապակենտրոնացում կոչվածը միանգամայն իրագործելի, կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ տվող նախաձեռնություն եւ միջոց է»,-ասաց փոխնախարարը:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը տեղեկացրեց, որ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը, Samvel Gasparyan Electric Trio-ն։ Ընդհանուր թվով մասնակցելու է շուրջ 10 խումբ եւ 50 երաժիշտ: Միջոցառման մուտքն ազատ է լինելու:

«Մինչ փառատոնի սկիզբը երբեւէ չէի եղել Բերդ քաղաքում, հիմա առիթ եղավ, այցելեցի եւ հասկացա, որ շատ մեծ բան եմ կորցրել: Այնպես որ այսուհետ Ջազի հայկական ասոցիացիան հետեւողական կլինի, եւ մյուս միջոցառումները կազմակերպելիս` հաշվի կառվի ոչ միայն Տավուշի մարզը, այլեւ սահմանամերձ գոտում գտնվող այլ վայրեր ու քաղաքներ»,-հայտնեց Կամո Մովսիսյանը: Նշեց, որ փառատոնը 6-րդ անգամ է կազմակերպվում, որի ընթացքում տարբեր տարիների նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ են ժամանել Հայաստան:

Ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագ Հայրապետյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ երիտասարդ ջազային երաժիշտներ են մասնակցելու փառատոնին, որոնցից շատերի դեբյուտային ելույթն է լինելու: «Այս անգամ պաշտոնական աթոռներ եւ ֆիլհարմոնիկ, դասական համերգային վիճակ չի լինելու, լինելու է խոտածածկ տարածք… Այնպես որ հետներդ կվերցնեք ծածկոցներ, որ կարողանաք խոտերի վրա վայելել համերգը…Լինելու է հիանալի միջավայր, հնարավոր է վերջում բոլորս մի հատ էլ jam session անենք, հանդիսատեսն էլ մեջը»,-ասաց Վահագն Հայրապետյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930