Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան թոշակ են ստանալու դատավորները. Իմքայլական պատգամավորների նոր նախագիծը

Սեպտեմբեր 11,2020 13:56

Դատավորներին կենսաթոշակի վճարման կարգի եւ չափի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ՍԴ-ի կողմից ճանաչվել են հակասահմանադրական: Ու օրենքում հիմա բաց կա՝ ինչպես, ինչ կարգով դատավորներին թոշակ տալ:

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը նախաձեռնել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փոփոխություն: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացվեց նախագիծը, որով առաջարկում են ամրագրել՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ 12 ամսվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ լրացուցիչ աշխատավարձերի, այսինքն՝ հավելավճարի 75%-ից:

Սերգեյ Ատոմյան

«Իմ քայլից» Սերգեյ Ատոմյանը հարցրեց՝ այդ 75 տոկոսը նախկինից ավելի՞ է, թե՞ պակաս՝ Արթուր Դավթյանը (գլխավոր լուսանկարում), որը հիմնական զեկուցողն էր, պատասխանեց, որ նախկինում 55% է եղել, ինչը ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել՝ գտնելով, որ պետք է ավելացնել: Ընդ որում, այս նոր կարգավորումը հետադարձ ուժ կունենա: Այս պահին ունենք մոտ 77 դատավոր, որոնք ստանում են կենսաթոշակ, որոնցից շուրջ 35-ին թոշակ է նշանակվել 2014-ի հուլիսի 1-ից հետո եւ ընդհանուր շուրջ 30-ի թոշակը նշանակվել է դատարանի հիման վրա: Նրանց թոշակի չափը որեւէ իրավակարգավորման տակ չի մտնում:

Սմբատ Սաիյան

Կառավարությունը կողմ է, բայց առաջարկներ ունի: Նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ասաց. «Պետք է սահմանել կենսաթոշակի երաշխավորված չափ դատավորի համար, որը կկազմի նրա զուտ աշխատավարձի 75%-ը: Նախագծով այդ չափը սահմանված է կեղտոտ աշխատավարձի 75%-ի չափով, ինչը գործնականում նշանակում է մոտ 100 տոկոս փոխհատուցման գործակից: Դա մեզ համար՝ կառավարության համար ընդունելի չէ»:

Ընդ որում, զուտ աշխատավարձի մեջ մտնում են նաեւ հավելավճարները, որոնք սահմանվում են դասային աստիճանի, ստաժի համար, բայց դրա մեջ չի մտնում հավելումը, օրինակ, պարգեւատրումը, գիշերային ժամերի աշխատանքի դիմաց վարձատրությունը: Երաշխավորված կենսաթոշակը հաշվարկելիս նաեւ հաշվի է առնվում կուտակային բաղադրիչը. «Այսինքն, սահմանում ենք 75%, բայց կենսաթոշակի բուն չափը սահմանում ենք այդ 75 տոկոսի եւ անձին վճարվող կուտակային կենսաթոշակի տարբերության չափով: Կառավարությունը երաշխավորում է 75% փոխհատուցման գործակից, բայց վճարում է փաստացի կուտակային բաղադրիչի եւ այդ 75%-ի տարբերության չափով»:

Սաիյանը նաեւ ասաց, որ պատգամավորների նախագիծն ընդունելու դեպքում «դիսբալանս» կլինի ՍԴ-ի դատավորների հետ կապված: Մինչեւ 2014-ը ՍԴ դատավորների համար այլ կարգավորում կար, 2014-ին օրենքը փոխվել է. «Որպես կենսաթոշակի հաշվարկման հիմնական կարգ, այն անձանց համար, ովքեր այս անցման շրջանում՝ 2014-ի հունվարի մեկից հետո են ՍԴ անդամի պաշտոնը զբաղեցրել, նրանց համար այլ մեխանիզմ էր հաշվարկվում, հիմքում դրվում է այն աշխատավարձը, որը նրանք ստացել են 2014-ի հուլիսի դրությամբ: Ուստի պետք է օրենսդրությունը ներդաշնակեցնել: Այլընտրանք չկա: Չենք կարող դատավորի համար ավելի բարենպաստ պայմաններ սահմանել, քան ՍԴ-ի դատավորի»:

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց. «Կուտակային բաղադրիչը, կոպիտ ասած, իմ փողն է, որը ես ներդնում եմ իմ կենսաթոշակի մեջ, իսկ դատավորի սոցիալական երաշխավորությամբ ապահովումը պետության պարտականությունն է: Եթե, օրինակ, անձը մասնավոր ընկերությունում աշխատել է եւ կուտակային կենսաթոշակի բաղադրիչի շրջանակներում բավականին լուրջ հաջողությունների է հասել, ի՞նչն է իրեն մղելու դատավոր դառնալու: Ի վերջո, դատավորներն էլ թող իմանան, ասեմ, որ այս թոշակը նվեր չի դատավորներին, սա երաշխիք է նրա, որ դատավորներն իրականացնելու են արդարադատություն ու իր իրականացրած որակյալ արդարադատության համար կենսաթոշակային տարիքի հասնելուն պես ունենալու է ապահով ծերություն: Ցավոք, միշտ չէ, որ կարող ենք ասել որակյալ արդարադատության մասին»:

Փոխնախարարը պատասխանեց. «Տարբերություն չկա՝ կենսաթոշակի չափը, որը պետությունը խոստացել է, ինչպես է ապահովում՝ պետական բյուջեից տրվող գումարների՞ց, թե՞ այդ անձի կողմից ներդրած միջոցներից, նկատի ունենանք, որ պետությունը համամասնորեն մասնակցում է դրան»:

Վլադիմիր Վարդանյանը նաեւ հարցրեց՝ այս պահին ՍԴ երեք դատավոր ունենք, որոնք պետք է թոշակի գնան ու իրենց էլ, մեզ էլ հետաքրքիր է, թե ինչ կենսաթոշակի են ստանալու:

Սաիյանը պատասխանեց, որ նախատեսվում է, այն անձինք, ովքեր 2014-ի հուլիսի 1-ից առաջ են դատավոր նշանակվել, նրանց կենսաթոշակի չափը կհաշվարկվի իրենց՝ 2014-ի աշխատավարձի 75%-ի չափով, իսկ 2014-ի հուլիսի 1-ից հետո նշանակվածների թոշակը կհաշվարկվի այսպես. հիմնական կենսաթոշակի չափ, որը այդ կատեգորիայի անձանց համար 14 հազար է, բազմապատկած ՍԴ դատավորի պաշտոնի համար սահմանված գործակցով, որին գումարվում է բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու յուրաքանչյուր տարվա համար 5000 դրամ»:

Կառավարությունն առաջարկում է, որ եթե փաստացի դատավորի կենսաթոշակի չափն ավելի բարձր է, քան իր կենսաթոշակի չափը, որը կստացվեր այս դրույթով հաշվարկելով, ապա իրավական ակտի հետադարձ ուժը վատթարացնող կլինի նրանց համար, ուստի նրանց կենսաթոշակը պետք է վճարել այնքան, ինչքան նախկինում:

Առաջարկները նախագծի հետ կապված շատ էին, ուստի մինչեւ 2 ամսով նախագիծը հետաձգվեց՝ լրամշակելու նպատակով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930