«Ո՛չ հնի վերադարձին», «Եղեգնուտն առանց թալանի» ցուցապաստառներով այսօր Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության առաջ էին: Եղեգնուտցիները չեն համակերպվում դատարանի այն որոշմանը, որ նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը վերականգնել է լիազորությունները եւ կրկին ղեկավարում է համայնքը:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել 2018 թվականին՝ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ եղեգնուտցիների պահանջով:
Ինչպես ցույցին մասնակից գյուղացիները նշեցին, Արմավիրի մարզպետը չի կարողանում հարցը լուծել, այդ պատճառով էլ հասել են վարչապետի նստավայր: Նրանք պահանջում եմ պաշտոնանկ անել նախկին համայնքապետին եւ նոր ընտրություններ նշանակել՝ հակառակ դեպքում չեն դադարեցնի բողոքի ցույցերը:
Եղեգնուտցիների խոսքով, արդեն քանի ամիս է գյուղի անդորրը խաթարված է. բնակիչները թույլ չեն տալիս, որ գյուղապետարանն աշխատի: Ռազմիկ Մարգարյանն էլ դեղատան շենք է վարձակալել, նոր կնիք է հանել ու փորձում է համայնքը ղեկավարել:
Կարդացեք նաև
«Մի գյուղն ունի մի քանի գյուղապետարան, գյուղացիների գործերը կանգնած են, եթե այսպես շարունակվի ու քայլեր չձեռնարկեն՝ հնարավոր է կտրուկ քայլերի գնանք, անգամ մարդասպանություն լինի»,-սպառնացին գյուղացիները: Նրանք վրդովված թվարկեցին այն խնդիրները, որոնք նախկին գյուղապետի օրոք համայնքն ունեցել է՝ 30 տարի որդնած ջուր են խմել, անբարեկարգ ճանապարհներով երթեւեկել, գյուղը մթության մեջ կորած է եղել, զոհված ազատամարտիկների անունով 1 միլիոն դրամ է դուրս գրվել ու մի լումա անգամ չի ծախսել այդ նպատակով: Ռազմիկ Մարգարյանի այդ արարքն, ըստ բնակիչների, ոստիկանության 6-րդ վարչությունն է բացահայտել եւ այդքանից հետո նախկին գյուղապետը չի լքում պաշտոնն իսկ մարզպետը «ձեռքերը լվացել՝ մի կողմ է քաշվել»:
Հիշեցնենք, որ այս առիթով Արմավիրի մարզպետարանը հայտնել էր, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար:
Եղեգնուտում համայնքապետի նոր ընտրությունները նախատեսված են 2021 թվականի աշնանը, սակայն բնակիչները անգամ մեկ օր չեն ուզում նախկին գյուղապետի պաշտոնավարման տակ ապրել. «Մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ական կոռուպցիոներին հետ բերել: Եթե 34 տարվա թալանչուն հետ են բերում՝ Արմավիրի մարզը տանուլ է տալիս հեղափոխությունը: Մենք պահանջում ենք նոր ընտրություններ: Համայնքի բնակիչները դեմ են նրան, չենք ուզում ու վերջ: 600 եւ ավելի ստորագրություն ներկայացրել ենք պարոն Փաշինյանին, մի՞թե նրան խնդիրը ճիշտ չեն ներկայացնում»:
Եղեգնուտցիների ցույցի էին եկել մեծով ու փոքրով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ