Ինչպես արդեն հայտնել էինք, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչները Գլխավոր դատախազության շենքի դիմաց էին։ Նրանք պահանջում էին արդար դատաքննություն իրենց համագյուղացի Ալեն Պետրոսյանի գործով։
Փաստաբան Արմեն Արզումանյանը գլխավոր դատախազի խորհրդականի և տեղակալ Արմեն Աֆանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց․ «Մենք քննարկեցինք գործի հանգամանքները, մեզ հայտնի տեղեկությունները փոխանցեցինք պարոն Աֆանդյանին։ Լիահույս ենք, որ ինչպես խոստացավ՝ մոտ օրերս այդ հարցը կհանգուցալուծվի՝ որևէ ձև, բայց կհանգուցալուծվի։ Այսինքն՝ որոշակի կոնկրետություն կմտցվի գործի վարույթում։ Ենթադրում եմ՝ որոշակի օպերատիվ հետախուզական միջոցառումներ կամ քննչական կամ դատավարական գործողություններ կկատարվեն»։
Նրա խոսքով՝ քննարկել են գործի հետ կապված բոլոր առանձնահատկությունները․ «Այս պահի դրությամբ՝ մենք նրանց հասկանում ենք, որ պետք է որոշակի գործողություններ անեն, որ իրենց մեջ էլ այդ համոզմունքը ձևավորվի, որ Ալեն Պետրոսյանը չի առնվազն։ Այսինքն՝ մենք համոզված ենք, որ Ալեն Պետրոսյանը չի, և այդ համոզմունքը ի վերջո պետք է վարույթ իրականացնող մարմնի մոտ ձևավորվի։ Դրա համար առանձնապես դրա հետ չենք վիճում, մենք վիճում ենք պարզապես կալանքի տակ պահելու հարցում»։
Կարդացեք նաև
Արմեն Արզումանյանը հայտնեց, որ գլխավոր դատախազությունից ասել են, որ մոտակա օրերս այդ հարցը կկարգավորվի։ Բողոքի ցույցը դադարեցվեց․ «Մենք այս պահին վստահում ենք գլխավոր դատախազությանը, մենք չենք վստահում մարզային դատախազությանը։ Գլխավոր դատախազությանը չվստահելու որևէ առիթ այս պահին չունենք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ