Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք դատախազությանը նաև մեր կարծիքը լսել․ Տափերականցիները գլխավոր դատախազության դիմաց են

Սեպտեմբեր 11,2020 12:42

Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչները Գլխավոր դատախազության շենքի դիմաց էին՝ «Ազատել Ալենին անօրինական կալանքից», «Անօրինություններ Արարատի մարզում», «Պահանջում ենք ազատել մեր տափերականցուն» պաստառներով։

Ալեն Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Արման Արզումանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի սկզբնական շրջանում երկու շատ վիճելի ապացույցներ են ձեռք բերել, որի հիման վրա Ալեն Պետրոսյանին ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել․ «Բայց հետո՝ գործի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Ալեն Պետրոսյանը որևէ առնչություն չի ունեցել մեղսագրվող արարքին։ Այլ կերպ ասած՝ իրական կատարողը, իրական կրակոցներ արձակողը ինքնակամ ներկայացավ վարույթն իրականացնող մարմին, տվեց խոստովանական ցուցմունքներ, հետագայում նաև հանձնեց հանցագործության գործիք զենքը, բայց և այնպես գործը որևէ կերպ տեղից չի շարժվում, այս ծայրահեղ միջոցները արդարությունը վերականգնելու ևս մի եղանակ են։ Մենք արդեն ոչ մի ելք չենք տեսնում, այս խնդրի լուծումը չենք տեսնում»։

Արման Արզումանյանը նշեց, որ խափանման միջոց կալանքը երկու անգամ բողոքարկել են. «Առաջին անգամ, երբ կալանքի ժամկետը երկարացվեց, շատ տարօրինակ ձևով մեր որոշումները սկսեցին ուշ գալ։ Դատավարության բոլոր մասնակիցները մեզնից առնվազն 11 օր շուտ որոշումները ստացան, այսինքն՝ նույն օրը ստացան, և մենք ստացանք 11 օր հետո։ Եվ համոզված եմ, որ դա պատահականություն չէր, և երբ դա բողոքարկեցինք վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը մերժեց մեր բողոքը էլի նույն մեղադրանքով։ Եվ երբ երկրորդ անգամ էր կալանքի ժամկետը բողոքարկվում, մենք դեռ առաջին ժամկետի բողոքարկման արդյունքում կայացված որոշումը դեռ չէինք ստացել։ Այդ երկու որոշումները իրար հետ ստացել եմ ամսի 8-ին, այսինքն՝ առաջին ժամկետի և երկրորդ ժամկետի վերաբերյալ բողոքարկման արդյունքում կայացված որոշումները ես նույն օրն եմ ստացել։ Եվ այս մոտակա քանի օրը վճռաբեկ բողոք կներկայացնեմ, և եթե Ալեն Պետրոսյանին կալանքից չազատեն, ես ֆաքսով ՄԻԵԴ գանգատ կուղարկեմ»։

Նրա խոսքով՝ իրենց պահանջը դատախազությանը նաև իրենց կարծիքը լսելն է․ «Ես համոզված եմ, որ ստորադաս դատախազները ամբողջական տեղեկատվություն չեն հայտնում վերադասին։ Վերադասը ամբողջական տեղեկատվություն չունի։ Այս գործը չի քննվում ապացույցների հիման վրա, այսինքն՝ այս հետևությունները, այս գործողությունները ապացույցների հիման վրա չեն։ Կարծում եմ՝ ինչ-որ կողմնակի որոշակի տեղեկությունների հիման վրա է քննվում, որը իրականությանը չի համապատասխանում, որովհետև բոլորը գիտեն, որ Ալեն Պետրոսյանը կապ չունի այդ կրակոցների հետ։ Ընդամենը պետք է մտնեն Տափերական գյուղ, այնտեղ բոլորը տեղյակ են»։

Գլխավոր դատախազության աշխատակիցը հրավիրեց Արմեն Արզումանյանին ներս՝ քննարկելու իրավիճակը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930