Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչի՞ վրա է հույս դրել կառավարությունը, եթե ոչինչ չի ձեռնարկվում՝ հետևանքն ինչպիսի՞ն պետք է լինի». Էդուարդ Պետրոսյան. «Փաստ»

Սեպտեմբեր 11,2020 12:22

Տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելու տնտեսական հնարավոր հետևանքներին, հունվար-հուլիսին գրանցված մակրոտնտեսական ցուցանիշներին, խոսել նաև բյուջեի եկամուտների մասին: Տնտեսագետը կարանտինի ռեժիմի առումով մի բացասական գործոն է առանձնացնում. «Մենք աշխարհում COVID-19-ի տարածման ցուցանիշներով արդեն բավականին մեծ բացասական համբավ ենք ձեռք բերել, ու եթե այդ իրողությանը գումարվի կարանտին տերմինը, կվանի տուրիստական հոսքերին, թեպետ ապագայում առանձնապես նման հոսքեր չէին էլ սպասվում:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ այլ խնդիր կա. եթե անգամ կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարվի, ներդրումների մասով էական դրական դինամիկա չենք գրանցի: Մեր ներդրումային դաշտն է խնդիրը, որը լի է անորոշություններով, որոնք լուրջ բացասական հետևանք են թողնում: Որքան հնարավոր է՝ կառավարությունը բարդացրել է ներդրումային միջավայրը, ներդրումներ ներգրավելու ռազմավարություն ևս չկա: Իրավական դաշտը ևս հստակ չէ: Հաշվի առնենք վերջին շրջանում ընդունված մի շարք օրենքները, որոնք իրավական որոշակիության հետ կապված խնդիր ունեն»: Է. Պետրոսյանի խոսքով, վերոնշյալ տեսանկյունից կարևոր գործոն են նաև տնտեսական բացասական միտումները:

Անդրադառնալով հունվար-հուլիս ամիսների ցուցանիշներին ու այդ համատեքստում դիտարկելով մասնավորապես կառավարության ղեկավարի այն պնդումը, թե երկրում սոցիալական ճգնաժամ չկա, մեր զրուցակիցը նախ շեշտեց. «Դասական առումով, մենք փաստացի ճգնաժամում ենք: Եթե ցանկացած միջին վիճակագրական քաղաքացու հարցնենք՝ ի՞նչ վիճակ է իր մոտ, միանշանակ կասի՝ ճգնաժամային: Կասի՝ եկամուտը նվազել է, ծախսերը չի հասցնում կատարել և դրանք կրճատել է:

Հասկանալու համար, թե ինչու են այդպես հպարտորեն պնդում ճգնաժամի բացակայության մասին, բացենք վերջին մի քանի ցուցանիշները՝ մինչ այդ ամրագրելով հետևյալը. ելնելով մեր տնտեսության առանձնահատկությունից, երբ տնտեսական իրական հատվածը տուժում է, այդ հագնամանքը մակրոտնտեսական ցուցանիշների վրա սահմանափակ անդրադարձ է ունենում: Այսինքն, մակրոտնտեսական ցուցանիշներն իրական պատկերը չեն արտացոլում: Հիմա փորձենք բացել, օրինակ՝ արտահանման ծավալի ցուցանիշը, որը պաշտոնական վիճակագրությամբ հունվարհուլիս ամիսներին նվազել է ընդամենը 6,4 տոկոսով: Առաջին հայացքից կատաստրոֆիկ ցուցանիշ չէ, բայց եկեք հասկանանք, թե իրականում արտահանման ծավալի «մեղմ անկումն» ինչի հետ է կապված:
Ըստ էության, արտահանման անկման տեմպերը կարողացել ենք զսպել մեր ընդերքն անխնա շահագործելու հաշվին: Իսկ եթե դիտարկենք արտահանման այլ ցուցանիշները, կտեսնենք, որ անգամներով ավելի անկում ենք ունեցել: Ստացվում է՝ պարզապես ընդերքը թալանել ենք, որ կարողանանք զսպել արտահանման անկումը»:

«Ընդհանուր առմամբ, կառավարության հակաճգնաժամային անարդյունք, չկշռադատված ծրագրերը, ռեսուրսի անիմաստ վատնումը, սահմանափակ սոցիալական ծրագրերն իրենց հետևանքն արդեն թողել են՝ մեր տնտեսությունը հետզհետե կորցնում է իր մրցունակությունը:
Հետևանքները, մեծ հաշվով, անկանխատեսելի են: Ինչի՞ վրա է հույս դրել կառավարությունը, եթե ոչինչ չի ձեռնարկվում՝ հետևանքն ինչպիսի՞ն պետք է լինի: Սոցիալական ճգնաժամը խորանալու է: Եվ խոսել այն մասին, թե սոցիալական ճգնաժամ չկա, մեղմ ասած, անլուրջ է: Անգամ այն երկրներում, որտեղ բարեհաջող հաղթահարում են COVID-19-ն ու դրա տնտեսական հետևանքները, չեն համարձակվում հայտարարել, թե ճգնաժամ չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930