Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի լավացման ֆոնին Ռուսաստանը Բեռլինին իրավական օգնություն տրամադրելու մասին լրացուցիչ հայտ կուղարկի։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Սիբիրի դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ լրատվամիջոցները հայտնել էին Ալեքսեյ Նավալնու՝ գիտակցության գալու և ամեն բան հիշելու մասին։
«Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին գիտակցության է եկել բժշկական կոմայից նրան դուրս բերելուց հետո»,- գրում է Meduza-ն՝ հղում կատարելով գերմանական լրատվամիջոցներին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա առողջական վիճակն ավելի լավ է, քան կարելի էր սպասել նման իրավիճակում։ Der Spiegel-ը, օրինակ, գրում է, որ Նավալնին նորից կարողանում է խոսել։
Կարդացեք նաև
Բժիշկների կարծիքով Նավալնին գրեթե ամբողջովին վերականգնվել է, իսկ ֆիզիկապես նրան կհաջողվի վերականգնվել 90 տոկոսով։ Նրանց խոսքով՝ Նավալնին ողջ է մնացել միայն օդաչուների՝ Օմսկում կատարած արտակարգ վայրէջքի, ինչպես նաև հենց օդանավակայանում ատրոպինի ներարկում ստանալու շնորհիվ։
The Insider-ը գրում է, որ Նավալնուն արդեն թույլատրվում է այցելուներ ընդունել, սակայն նրա սենյակը խիստ հսկողության տակ է գտնվում։ «Շարիտե» հիվանդանոցի անվտանգության միջոցառումները խստացվել են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Նավալնին ամեն բան հիշում է։
Այս տեղեկությունները, սակայն, չեն շտապել հաստատել Նավալնու մտերիմները։
«Ես միայն ուրախ կլինեի, եթե գրածը ճշմարտություն լիներ, բայց, ցավոք, այդ հոդվածում շատ սխալներ կան»,- Meduza-ին հայտնել է Նավալնու համախոհ Լեոնիդ Վոլկովը։ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշն էլ հայտարարել էր, թե հոդվածը «շատ է չափազանցված»։ Իսկ Բեռլինի ոստիկանությունից «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էին, որ տեղյակ չեն, թե որտեղից է հայտնվել «Շարիտեի» հսկողությունը խստացնելու մասին տեղեկությունը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ