ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր. «Ժողովրդավարության դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետեւյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ո՞ւր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները»:
Մենք Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե ինչու 2018 թ․ արտահերթ ընտրությունների արդյունքները ժամանակին չբողոքարկեցին, չդիմեցին դատարան, ԿԸՀ, չպահանջեցին վերահաշվարկներ անել, փաստեր չներկայացրին եւ հիմա՝ 2 տարի անց, բարձրացնում են իրենցից գողացված ձայների հարցը։
Արմեն Աշոտյանն ի պատասխան ասաց: «Ընտրություններից անմիջապես հետո մենք ասել ենք, որ Հանրապետականի ձայները նվազեցվել են, ընթերցեք այդ ժամանակվա մեր բոլոր հարցազրույցները, եւ մենք հենց այդ պահին ենք ասել, որ ՀՀԿ-ն անցել է, եւ, ի դեպ, ողջ հանրապետությունը վստահ էր, որ ՀՀԿ-ն անցել է։ Հաշվարկի այդ փնթի տեխնոլոգիաները, որ կիրառվեցին, ընդհատումները հաշվարկի, հիշում եք, հեռուստատեսություններից մեկով, պարտադրանքը՝ անցնել բացառապես ԿԸՀ թվերին եւ այլն։ Այնպես որ, մենք հենց այդ պահին ենք ասել, որ իրականում հաղթահարել ենք 5 տոկոսը եւ պետք է լինեինք ԱԺ-ում։
Իրականում մեր արդյունքը երկրորդ-երրորդն էր»։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, ինչո՞ւ այն ժամանակ չվիճարկեցին, մանավանդ որ ընտրարշավի ու բուն ընտրական գործընթացի (խախտումների) մասին էլ, ինչպես պնդում են, բազմաթիվ փաստեր ունեին։ Արմեն Աշոտյանն ասաց՝ պարզապես իրավական տեսակետից Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու համար քաղաքական որոշում կայացվեց՝ ՀՀԿ-ն ինքնանպատակ գործողությունների չի մասնակցելու։ Նաեւ ասաց, որ թեեւ վստահ էին, բայց ընտրական հանձնաժողովներից եկած տեղեկատվությունը չէր բավարարում, որպեսզի այդ պահին դիմեին ՍԴ։
Իսկ հիմա խոսելն ի՞նչ իմաստ ունի։ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ անցել է 2 տարի, ու տեղերից այնպիսի պատմություններ են ի հայտ գալիս, որ միայն վերահաստատում են իրենց նախնական տեղեկություններն ու տպավորությունները։ «Ավելին ասեմ՝ Հայաստանում նոր իշխանափոխությունից հետո 18 թ․ ընտրությունների միֆը՝ որպես եզակի ժողովրդավար եւ արդար, վստահեցնում եմ՝ հօդս է ցնդելու»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: