Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական եւ տնտեսական վիճակի վատթարացում կա, սակայն չկա սոցիալական ճգնաժամ։ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսը չէր կարող աննկատ անցնել որեւէ տնտեսության կողքով, սակայն ապոկալիպտիկ կանխատեսումները չափազանցված են։ Նա հավելեց, որ 2019 թվականի տնտեսական ակտիվության ավելացումն ու մրցունակության որոշակի բարձրացումը թույլ տվեց ավելի լավ դիմագրավել այս ճգնաժամը, սակայն հարվածը շատ ուժեղ էր եւ դրանից անվնաս դուրս գալ հնարավոր չէր։
Հարցին՝ հուլիսին 2019-ի հուլիսի համեմատ շուրջ 6600-ով ավելացել են աշխատատեղերը, ինչո՞վ է այն պայմանավորված՝ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ ճգնաժամային իրավիճակ էր, Քթոյանը պատասխանեց. «Մենք ակտիվություն ունենք նոր հիմնվող տնտեսվարող սուբյեկտների առումով։ Սա կարող է վկայել այն մասին, որ տնտեսական գործունեության այն մոդելը, որը վարչապետը փորձում է 2018 թվականից որպես ուղենիշ դարձնել՝ (այսինքն, որ մարդը պետք է ինքը հաղթահարի աղքատությունը) արդյունք է տալիս»։
Նրա կարծիքով՝ այս նոր աշխատատեղերը նաեւ ինչ-որ առումով ստվերից են դուրս բերվել։
Կարդացեք նաև
«Ընդհանուր առմամբ, եթե նախորդ ամիսների կտրվածքով դիտարկենք՝ շինարարության, առեւտրի, ծառայությունների ոլորտներում արդեն ստորին կետը հաղթահարել ենք, որոշակի վերականգնում է տեղի ունենում եւ այս աշխատատեղերի թվի ավելացումը եւս դրան է միտված»,- նշեց տնտեսագետը։
Սակայն Քթոյանը այստեղ խնդիր է նկատում։ Ըստ նրա՝ աշխատատեղերի թվի ավելացումը բալանսային է, որոշ ոլորտներ ունենք, որտեղ զգալի կրճատում կա եւ ոլորտներ կան, որտեղ դրական բալանս կա։ Բացասական բալանս կա առաջին հերթին՝ զբոսաշրջության ոլորտում, հյուրանոցներում։
Հարցին՝ այլ երկրների համեմատ կորոնավիրուսի պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները Հայաստանն ինչպե՞ս է տարել, տնտեսագետը պատասխանեց. «Եթե մենք դիտարկենք այն առանցքային ցուցանիշները, որով տարբեր երկրների տնտեսությունները համեմատվում են իրար հետ, ապա Հայաստանի իրավիճակը վատագույնը չէ։ Մենք գտնվում ենք միջին դիրքերում տնտեսական առումով»։
Համեմատելով Հայաստանն ու Վրաստանը իրար հետ տնտեսագետն ասաց, որ այնտեղ ավելի խորն է ճգնաժամը՝ պարտքի բեռի պատճառով։
Քթոյանի կարծիքով՝ Հայաստանը 2021 թվական կմտնի ավելի պնդացած եւ ավելի լավ, քան շատ այլ երկրներ, իսկ վատագույնը կլինի անցյալում։
Նիկոլայ Ավետիսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: