Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցուցանակներն» առերեւույթ ամբաստանյալներ են

Սեպտեմբեր 11,2020 13:30

Ուզո՞ւմ ենք հանրապետությունը լինի հայատառ, քաղաքները, գյուղերը՝ օտարանուն ցուցանակներից զերծ, գրավիչ: Ուզում ենք: Ու «ուզողներից» մեկն էլ ՀՀ Լեզվի կոմիտեն է, որի հայցերը ՀՀ վարչական դատարանում ճանապարհային ոստիկանությունից հետո երկրորդն են իրենց քանակով:

Լեզվի կոմիտեի նախագահի հայցն ընդդեմ «Իտալիկուս» ՍՊԸ տնօրեն Լուսինե Ավակիմյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, դատարանը բավավարել էր. տնօրենը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով: Առկա է բողոք: 2019 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչական դատարան էր դիմել Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ ընդդեմ «Իտալիկուս» ՍՊԸ տնօրենի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Հայցվորը հայտնել էր, որ 2019թ. ապրիլի 25-ին հրապարակվել է Լեզվի կոմիտեի նախագահի 25.04.2019 թիվ 16 հրամանը, որով կոմիտեի աշխատակիցները լիազորվել էին պարզելու նշված  ՍՊԸ-ի ք. Երեւան, Թումանյան 31 հասցեում գործող խանութի ցուցանակները ոչ հայերեն ձեւավորված լինելու փաստերի առկայությունը: Ըստ հայցվորի. «ցուցանակները ոչ հայերեն ձեւավորելու զանցանքը առկա է», «ցուցանակները ոչ հայերեն ձեւավորելու զանցանքի օբյեկտը կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հասարակական հարաբերություններն են»։

Վարչական պատասխանատվության էր ենթարկվել նաեւ նշյալ ՍՊԸ-ի «դրկիցը»՝ «ՊՐՈՖ ՓԻԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որին պատկանող Երեւանի Թումանյան 30 հասցեում գտնվող խանութի մուտքի վերեւում, ներսում, մուտքի աջ եւ ձախ ցուցափեղկերին տեղադրված են եղել ոչ հայերեն` «FREYWILLE» («ՖՐԻՎԻԼ»), «CLOSING SALE-50% OFF» («ՔԼՈՍԻՆԳ ՍԵՅԼ-50% ՕՖՖ») օտարատառ ցուցանակներ: Գործում առկա է վարչական իրավախախտման օբյեկտ համարվող իրեղեն ապացույցները լուսանկարելու վերաբերյալ արձանագրությունը եւ «ամբաստանվող» ցուցանակների լուսանկարները:

Ուշադրության արժանի էր այն, որ Թումանյան փողոցն էր դարձել «զանցագործ ցուցանակներն ասֆալտին փռելու վայր»:

Միշտ չէ, որ ստուգումները ընդունելի են լինում պատասխանող կողմի համար: Օրինակ, «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի վարչական գործով, պատասխանողը հայտնել էր դատարանին. «Լեզվի կոմիտեի կողմից իրականացված «ստուգումը» ուղղված չի եղել օրենքով սահմանված նպատակների իրականացմանը, այլ միտված է եղել առարկայազուրկ վարչական խախտման արձանագրման միջոցով անհարկի ֆինանսական պարտավորությունների առաջացմանը:

Եթե մի պահ, տեսականորեն անտեսենք այն հանգամանքը, որ Լեզվի կոմիտեն ստուգում իրականացնելու լիազորություն չունի, ինչը այդպես չէ, ապա սույն գործի փաստերից ելնելով պետք է ենթադրել, որ Լեզվի կոմիտեի գործունեության նպատակն ընդհանուր առմամբ ուղղված պետք է լիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովումը: Հետեւաբար, տվալ դեպքում անհրաժեշտ է պարզել հետեւյալ փաստական հանգամանքը, թե արդյոք վարչական հարկադրանքի միջոցի կիրառումը հետապնդել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված նպատակը, այն է՝ արդյոք Լեզվի պետական տեսչության գործողությունները ուղղված է եղել գրական հայերենի կանոնարկմանը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովմանը»:

Այս տասնյակ գործերի քննության ժամանակ ուշագրավ իրավահարաբերություններ կարող են պարզվել, մասնավորապես, ՀՀ Մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցվել են ապրանքային նշաններ, ընկերություններին տրամադրվել է ապրանքային նշանի գրանցման վկայականներ, առկա է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետ: Ընդ որում՝ ժամկետը դեռ ուժի մեջ է: Ու այս ամենին զուգահեռ, հնարավո՞ր է իրավախախտման վերացումը: «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքային նշանի իրավատերը իրավունք ունի ապրանքային նշանը կիրառել գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձեւաթղթերում, ցուցանակներում եւ այլն: Ու նկատենք, որ Լեզվի կոմիտեի պահանջը կատարելու դեպքում կխախտվի գործող իրավանորմերի պահանջը, քանի որ ՍՊԸ-ներից շատերն իրավունք չունեն լեզվական, գունային, գրաֆիկական կամ այլ փոփոխության ենթարկել օրենքով սահմանված կարգով փորձաքննություն անցած համակցված ապրանքային նշանը, իսկ ֆիրմային անվանումը օգտագործում է գրանցված կանոնադրությամբ սահմանված լեզուներով, այնպես, ինչպես գրանցված է Մտավոր սեփականության գործակալությունում:

ՀՀ վարչական դատարանում իրենց քննությանն են սպասում  «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի, Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Համլետ Բատիկյանի, մաքսատների, հատկապես՝ Արարատյանը,  տասնյակ ՍՊԸ տնօրենների դեմ գործերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930