Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը մերժում է «Մադրիդյան սկզբունքները»

Սեպտեմբեր 11,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Բայց լռում է Լավրովի՝ այժմ բանակցվող փուլային տարբերակի գոյության թեմայով

Պահպանել ստատուս քվոն՝ մինչեւ աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, գտնում է Արցախի նախագահը

Սեպտեմբերի 2-ին տոնեցինք Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հերթական տարեդարձը: 29 տարի առաջ այդ օրը Արցախը հռչակեց իր անկախությունը: Արցախի միջազգային ճանաչման գործընթացի մասին վերջին ժամանակներս առանձնապես չի խոսվում: Թերեւս, սա այն գործընթացն է, որի մասին պետք է ոչ այնքան խոսել, որքան գործել:

Անցյալ շաբաթ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ լրագրողների առջեւ՝ նախագահի պաշտոնավարման 100 օրվա առիթով: Արցախի նախագահը խոսեց ղարաբաղյան բանակցություններից:

Նա նշեց, որ այն տարբերակները, որոնք քննարկվում էին նախկինում` Հայաստանի նախկին իշխանությունների օրոք, երկուսն էին խոշոր հաշվով: Երկու տարբերակ էր քննարկվում. մեկի համաձայն, ըստ Արայիկ Հարությունյանի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձներ հինգ շրջան, մյուսի համաձայն` յոթ շրջան:

«Մադրիդյան սկզբունքներում, այո, հստակ կար երկու առաջարկություն. 5 շրջան` ինչ-որ անորոշ կարգավիճակով, հետագայում ոչ թե հանրաքվե, այլ պլեբիսցիտի տարբերակով, դա հանրաքվե չէ, հանրաքվեի թույլ տարբերակ է` առանց հստակեցնելու… մի տարբերակը դա է եղել քննարկվող: Մյուսը` կարծես թե 7 շրջան, ինչ-որ միջանցք, Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Այսինքն` էլի ոչ վերջնական: Բայց… կարեւորը մեր անվտանգությունն է: Իսկ նման պարագայում մեր անվտանգությունը ավելի խոցելի է դառնում: Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որեւէ տարբերակ, որը կարող է թուլացնի Արցախի անվտանգության աստիճանը»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Արցախի նախագահն ասաց նաեւ, որ իր համար դժվար է գնահատական տալ` հայկական կողմը հաղթե՞լ, թե՞ պարտվել է այդ պատերազմում: Նրա խոսքով, փաստն այն է, որ այդ ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիները կարողացան գրավել հայկական դիրքեր, սակայն չեն կարողացել լուծել իրենց առջեւ դրված խնդիրները: Նաեւ նշեց, որ բոլոր այդ դիրքերը ռազմավարական նշանակություն ունեն. «Այն, որ դիրքեր գրավել են` գրավել են, այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական` չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացողություն: Բայց արդյո՞ք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից, կամ հաղթանակ Ադրբեջանի կողմից, կամ հաղթանակ մեր կողմից: Ամեն մարդ կարող է յուրովի… Այն, որ Ադրբեջանը տարիներ տասնյակ միլիարդների զենք է ձեռք բերել, եւ շատ ավելի ամպագոռգոռ հայտարարություններ են անում միշտ, մշտապես ղեկավարությունը` Ալիեւի գլխավորությամբ: Ժամերի ընթացքում, օրերի ընթացքում տեսել ենք ապրիլին, տեսել ենք Տավուշում. մենք հաստատ գիտենք, որ այդքան հեշտ չէ ունենալ հաջողություն: Բայց հաղթել ենք, թե չենք հաղթել, ես նշում եմ` մենք կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ: Ադրբեջանն ունեցել է կորուստներ, հաջողվել է գրավել որոշ դիրքեր: Մենք պետք է նաեւ ռեալիստ լինենք, մենք գիտենք, որ տասնամյակներով այս հարցի լուծման հնարավորությունը շատ ցածր հավանականություն ունի: Հնարավոր չի, չենք տեսնում դա: Դրա համար մեր բանակի հզորացման շնորհիվ պարտադրել հակառակորդին հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս քվոն պահպանել մինչեւ աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որը հնարավոր է բերի Ղարաբաղյան խնդրի գոնե մասնակի լուծման: Ամբողջական լուծում հնարավոր չէ: Կոսովոն էլ ամբողջապես լուծված չէ անկախության… բայց գոնե ինչ-որ առումով լուծված է այդ ամենը»:

Արցախի նախագահն, այսպիսով, առաջ է բերում ստատուս քվոյի պահպանման, բանակի հզորացմամբ՝ Արցախի ճանաչման հեռանկարը: Սա, իհարկե, նոր մոտեցում չէ, սակայն պետք է հասկանալ՝ պաշտոնական Երեւանը եւս ամբողջապես կիսո՞ւմ է այս ուղին:

Իհարկե, պաշտոնական Երեւանը չի կարող հայտարարել, որ վարում է՝ ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն, դա կնշանակի, որ ՀՀ իշխանությունները պարզապես մասնակցում են բանակցությունների՝ հանուն մասնակցության, իրականում բանակցություններով արդյունքի հասնելու հնարավորություններին չեն հավատում:

Այնուամենայնիվ, Ստեփանակերտից նման դիրքորոշումը ունի ապրելու իրավունք, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ է վարում մի երկրի հետ, որի ղեկավարը պարբերաբար փակուղի է մտցնում բանակցությունները, չի կատարում միջնորդների պահանջները, իսկ սահմանին եւ շփման գծում պարբերաբար լարվածություն է ստեղծում՝ զարկ տալով հայատյացությանն ու պատերազմի քարոզչությանը:

Արցախի ԱԳ նախարարը համարում է, որ «Մադրիդյան սկզբունքները» «սեղանի վրա չեն»

Անցյալ շաբաթ Ստեփանակերտից նաեւ այլ դիրքորոշում հնչեց:

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն «Ազատության» հետ զրույցում ուշագրավ հայտարարություններ է արել:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թերահավատությանը՝ բանակցությունների հեռանկարի հետ կապված, եւ արտահայտած դիրքորոշմանը, որ իր համար ավելի կարեւոր է անվտանգության հարցը, քան միջազգային ճանաչման հարցը, Մասիս Մայիլյանը նկատել էր. «Նախագահը նաեւ ասաց, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է կազմակերպում օրինակ` Հայաստանի Հանրապետության պետական տարածքների վրա` Տավուշի ուղղությամբ, եւ այդ ատելության քարոզչությունը կա այնտեղ եւ այլն, այս պայմաններում որեւէ սպասումներ չունի, այսինքն` սա շատ կարեւոր է նշել, որ մթնոլորտ է, ինչ մթնոլորտում կարելի է սպասել ինչ-որ առաջխաղացում, ինչ մթնոլորտում կարելի չի սպասել: Այս կոնտեքստում մենք պետք է նայենք: Իհարկե, անկախությունը, ինչպես նշված է նաեւ ծրագրում, բացառիկ արժեք է, եւ շատ կարեւոր է, առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, նաեւ մենք դիտարկում ենք անկախության ճանաչումը, միջազգային ճանաչումը որպես քաղաքական եւ դիվանագիտական լրացուցիչ լծակ` զսպելու Ադրբեջանին: Այսինքն` այս երկու հարցերն իրար հետ փոխկապակցված են, բայց իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է»:

Գալով ղարաբաղյան բանակցություններին եւ Արայիկ Հարությունյանի հայտարարություններին՝ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ, թե քննարկվում էր երկու տարբերակ. առաջին տարբերակի համաձայն` հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում 5 շրջան, երկրորդ տարբերակի համաձայն` Ադրբեջանին է հանձնում 7 շրջան ճանաչման անորոշ հեռանկարով, Մասիս Մայիլյանը պատասխանել է. «Մադրիդյան առաջարկները», ինչպես գիտեք, առաջարկվել էին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին 2007թ. նոյեմբերին, բայց այդ մադրիդյան տրամաբանությունն ինքը, արմատները դրա ավելի խորն են, դա հասնում է մինչեւ 91 թվականի դեկտեմբերի 16-ը, եւ Եվրոպայի 12 պետությունների արտգործնախարարներ մի փաստաթուղթ ընդունեցին, այն չափանիշներն ընդունեցին, որի համաձայն իրենք կարող են ճանաչել որպես անկախ այն պետությունները նախկին Խորհրդային Միությունում եւ Արեւելյան Եվրոպայում, որոնք համապատասխանում են այսինքն` այդ չափանիշներին:

Եվ այն ժամանակվանից սկսած՝ այդ տրամաբանությունն իշխել է, եւ մինչեւ վերջերս այդ տրամաբանության մեջ էին գնում բանակցությունները, այսինքն` իրենց որոշման համաձայն` իրենք ճանաչել են որպես անկախ հանրապետություններ միութենական հանրապետության կարգավիճակ ունեցող հանրապետություններին, բայց այն ժամանակ օրինակ` նույն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն հռչակվել էր, այսինքն` սեպտեմբերի 2-ին հռչակվել էր, դեկտեմբերին իրենք որոշում են կայացնում, բայց անտեսում են այդ իրողությունները, որ կա օրինակ` նախկին Խորհրդային Միության տարածքում: Եվ այդ տրամաբանության մեջ շարունակվել է այս ամեն գործընթացը, եւ դրա արտացոլումը եղել են «Մադրիդյան առաջարկները», որը երկար կյանք է ունեցել` 10 տարուց ավելի քննարկման թեմա է եղել իր տարբեր վարիացիաներով: Այսինքն` մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին, եւ դրա մասին հայտարարվել է մեր հայաստանյան գործընկերների կողմից, որ սեղանի վրա որեւէ փաստաթուղթ, որեւէ առաջարկ այսօր չկա: Դա նշանակում է, որ սեղանի վրա չկա անգամ նաեւ այդ` «Մադրիդյան առաջարկները»:

Այսինքն` այդ երկու առաջարկները չկան, լրագրողի ճշգրտմանը, Արցախի ԱԳ նախարարը հավելել է. «Ընդհանրապես որեւէ առաջարկ չկա, նաեւ չկան այդ առաջարկները: Այս առումով կարծում եմ` քանի որ չկան այդ առաջարկները, նաեւ քննարկելու անհրաժեշտություն չկա, այդ փաստաթղթերը, կարելի է ասել, կամ առաջարկներն ավելի շուտ մնացել են անցյալում, բայց որն է արդիական, որ պետք են նոր առաջարկներ, նոր մոտեցումներ, որ մենք կարողանանք առաջ տանել այս գործընթացը»:

Այսինքն` հայկական կողմերը մերժե՞լ են «Մադրիդյան սկզբունքները», այն այլեւս չի՞ քննարկվում, ճշգրտող հարցին ի պատասխան՝ Մասիս Մայիլյանն ասել է. «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ վարչապետ Փաշինյանն իր պաշտոնավարման հենց սկզբում կոչ է արել կամ ասել է, համանախագահներից որոշ ճշտումներ է ուզել, որովհետեւ այդ նույն փաստաթղթի շուրջ թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում, թե՛ Ադրբեջանում տարբեր ընկալումներ ունեին կողմերը, եւ տարբեր ինտերպրետացիայի էին ենթարկվում, եւ հստակ գնահատական էր պետք, որ բոլորը միաձեւ ընկալեն այդ առաջարկները, բայց ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ արդեն այդ առաջարկները հիմա քննարկման մեջ չեն, եւ ավելի շատ հիմա արդիական է մեր տարածաշրջանի կայունության ապահովումը, ռիսկերի նվազեցումը, զինադադարի միջազգային մեխանիզմների կիրառումը եւ այլն: Այսինքն` սկզբից պետք է ստեղծվի նորմալ մթնոլորտ, պետք է փակվեն ռազմական հեռանկարները, որը թույլ կտա արդեն բովանդակային ինչ-որ քննարկումներ սկսել»:

Դե ինչ, Արցախի ԱԳ նախարարը, վստահաբար, որոշակի տեղեկատվության տիրապետում է: Եթե Հայաստանի բանակցողները Արցախի իշխանություններին հավաստիացրել են, որ «Մադրիդյան սկզբունքները» այլեւս բանակցությունների սեղանին չեն, այսինքն՝ պաշտոնական Երեւանը մերժել է դրանք, ապա պետք է հասկանալ, թե ինչ են դրանց այսօր փոխարինում. արդյոք «մադրիդյանից» շատ սկզբունքներ, տարրե՞ր են մնացել, թե՞ ամբողջապես փիլիսոփայություն է փոփոխվել…

Բացի այդ, վատ չէր լինի, եթե Արցախի իշխանությունները նաեւ մեկնաբանեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արդեն որերորդ անգամ հնչեցրած միտքն այն մասին, որ կողմերի հետ մշակել եւ քննարկում են կարգավորման փուլային տարբերակ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930