Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեռեւս կան մարդիկ, ովքեր շարունակում են իրանց շուստրիի տեղ դնել, թռցնել, իբր իրանք էնքան խելոք են, որ կարան բաներ անեն ու չբռնվեն»

Սեպտեմբեր 11,2020 14:43

Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ նախկինում կոռուպցիա կար ու լավագույն դեպքում դպրոցի տնօրեն էր բռնվում, կամ ԺԷԿ-ի պետ, իսկ այսօր բարձրաստիճան պաշտոնյա է ենթարկվում պատասխանատվության

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019-ին իրականացված կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում, ինչպես տեղեկացրել ենք, լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել ու այդ հարցով արդեն զբաղվում են իրավապահները։ Օրերս «Փաստինֆոն» հրապարակեց ՊՎԾ-ի պաշտոնական գրությունն այդ մասին:

Կառավարական առանձնատները գտնվում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, որին վերապահված է կառավարական առանձնատների սպասարկումը, այդ թվում՝ վերանորոգումների կազմակերպումը։ ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի հսկողության տակ է: Թե ինչքան գումարի չարաշահման մասին է խոսքը, ՊՎԾ-ն չի հայտնել: Այս որոշումները գաղտնիության գրիֆի տակ են:

Ընդհանրապես կառավարական առանձնատների վերանորոգման հարցը մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել դեռ անցյալ տարի: Ըստ լուրերի, կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել, ու ամառանոցներում տեղակայվել է անգամ տիկին Աննա Հակոբյանի անձնական օգտագործման համար վարսավիրանոց: Սակայն վարչապետը ուղիղ եթեր մտավ ու սկսեց ցույց տալ, թե կոնկրետ այն առանձնատան վրա, որտեղ իր ընտանիքն է բնակվում, ինչ աշխատանքներ են կատարվել: Ըստ նրա, այդ թիվն ուռճացված է մոտ 10 անգամ: Հիմա էլ մամուլում տարբեր թվեր ու վարկածներ են հրապարակվում վերանորոգման չարաշահումների հետ կապված:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, որի անունը նույնպես կապվում էր չարաշահումների կոռուպցիոն պատմության հետ: Հարցին՝ ո՞նց եք վերաբերվում այն հանգամանքին, որ առհասարակ այս եւ այլ կոռուպցիոն թեմաներ կապվում են նոր իշանությունների հետ, որովհետեւ թվում էր, թե հեղափոխությունից հետո այլեւս նման պատմություններ ի հայտ չեն գա ու նման լուրեր չենք ստանա: Նա պատասխանեց. «Որովհետեւ այդ լուրեր տարածողները գիտենք ովքեր են: Նրանք հիմա լուր են տարածել, թե ես կապ ունեմ սրա հետ, բայց ակնհայտ սուտ լուր է, չէ՞: Պարզ է, չէ՞, թե որտեղից են այդ լուրերը տարածում»:

Դիտարկմանը, որ չարաշահումների փաստը ՊՎԾ-ն հաստատել է պաշտոնական գրությամբ, դա՞ էլ է սուտ՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չարաշահումները, որ հաստատվել են՝ չարաշահում անողը կենթարկվի պատասխանատվության, կտեսնենք ով է արել: Ոնց որ նախկինում մեր իշխանության օրոք եղել են պաշտոնատար անձինք, որոնք կոռուպցիայի մեջ են եղել, նրանք ենթարկվել են պատասխանատվության, այդ թվում նաեւ այս դեպքը բացառություն չի լինելու: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է ստացվում, որ նախորդների նման է լինում, ասեմ՝ նախորդների նման չի լինում, նախորդների օրոք բոլոր այդ գործերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն զբաղվում էին կոռուպցիայով, չէին բացահայտվում, որեւէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չէր ենթարկվում: Եթե  ինչ-որ մեկը մտածում է, որ սա դեռ հին Հայաստանն է ու կարելի է զբաղվել կոռուպցիայով, լինի բարձրաստիճան պաշտոնյա, լինի բարեկամ, թե ընկեր՝ ենթարկվելու է պատասխանատվության: Մենք դրա ականատեսը եղել ենք: Մենք տեսել ենք բարձրաստիճան պաշտոնյա, ով այսօր ազատազրկված է կոռուպցիայի համար, տեսել ենք բարեկամ, ում վրա քրեական գործ է հարուցվել: Տարբերությունը այդտեղ է, ոչ թե նրանում, որ ասում եք՝ այն ժամանակ էլ կար կոռուպցիա, հիմա էլ կա: Ո՛չ: Այն ժամանակ կար կոռուպցիա ու որեւէ մեկը պատասխանատվության չէր ենթարկվում, կամ ենթարկվելուց էլ դպրոցի տնօրեն էր բռնվում, կամ ԺԷԿ-ի պետ, իսկ այսօր բարձրաստիճան պաշտոնյա է ենթարկվում պատասխանատվության»:

Դիտարկմանը, որ ամեն դեպքում, փաստն այն է, որ ինչքան էլ ուղերձներ են հղում, որ կոռուպցիա չկա, կոռուպցիայով չեք կարող զբաղվել, մեկ է, գայթակղությանը չեն դիմանում՝ Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Երբ որ երկրում 20 տարի է, քիչ չի էլի, մարդիկ զբաղվել են կոռուպցիայով եւ հանգիստ են եղել, ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվել, այդ 20 տարուց հետո 2 տարին շատ քիչ ժամանակ է, որ ամբողջությամբ դաշտը մաքրվի: Դեռեւս կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, շարունակում են իրանց շուստրիի տեղ դնել, թռցնել, իբր իրանք էնքան խելոք են, որ կարան բաներ անեն ու չբռնվեն: Մեկ էլ բռնվում են ու լավ չի լինում»:

Կառավարական առանձնատների վերանորոգման շուրջ այս խառնաշփոթն ու տարաբնույթ մեկնաբանություններ եղան, որովհետեւ այդ ծախսերի որոշումները հույժ գաղտնի, գաղտնի գրիֆի տակ են պահվում, ինչպես նախատեսված է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով: Հարցին՝ ներկայիս իշխանությունները մատնացույց են անում նախկին իշխանությունների օրոք ընդունված այդ օրենքները, ո՞նց է ստացվում, որ այդ օրենքները, որոնք հարմարեցված էին այսպես ասած «նախկին ռեժիմին», նոր իշխանությունները շատ լավ այդ օրենքի տակ պատսպարվում են ու այդ օրենքները ձեր իշխանության համար էլ են տանիք դառնում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Մենք որեւէ օրենքի տակ պատսպարվելու խնդիր չունենք, այսօրվա իշխանությունը որեւէ օրենքի տակ պատսպարվելու խնդիր չունի: Անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե որ օրենքի մասին է խոսքը, չեմ տիրապետում, երբ որ ժամանակը գա, մենք այդ օրենքը կփոխենք: Բայց վստահեցնում եմ, որ մենք որեւէ օրենքի տակ պատսպարվելու խնդիր չունենք: Այսօր կառավարական ամառանոցում եղել է չարաշահում, գործը գնացել է Քննչական կոմիտե, կա կասկածյալ, որ չարաշահում է արել, եթե ապացուցվի՝ պատասխանատվության կենթարկվի, այսինքն, ստացվեց, որ պատսպարվելու խնդիր իսկապես չկա: Պատսպարվում են այն մարդիկ, որոնք ուզում են դա սղացնեն, որ գնա անցնի, ոչ մեկը չիմանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930