Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության հարցը «եռում է» ԵԽԽՎ-ում». փակ քննարկում՝ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին

Սեպտեմբեր 10,2020 21:45

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության հարցը «եռում է» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստը: Մեր տեղեկություններով՝ այն բավականին լարված մթնոլորտում է անցել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, թեժ քննարկումների ժամանակ կոշտ հակադարձել են ադրբեջանական կողմի պնդումներին՝ ներկայացնելով հայկական դիրքորոշումը:

Նշենք, որ հուլիսյան լարվածության ժամանակահատվածում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները նամակագրական կապի միջոցով ԵԽԽՎ բոլոր մարմիններին ներկայացրել էին իրավիճակը: Բնականաբար, ադրբեջանական կողմն էլ իր դիտանկյունից էր ներկայացրել իրավիճակը:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձությունների հարցն օրեր առաջ քննարկվել էր նաև ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Մոնիտորինգային հանձնաժողովի՝ այսօր կայացած փակ նիստում ելույթներով հանդես եկան այս հարցով համազեկուցողները՝ Հայաստանի համազեկուցող, Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակ Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրիացի պատվիրակ Ստեֆան Շեննախը եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Ռոջեր Գեյլը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև ատոմակայանի հարցին, ապրիլյան պատերազմին և այլն: Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն ըստ օրակարգի նախատեսված է հոկտեմբեր ամսին:

Իհարկե, առանձին զեկույց չի նախատեսվում, բայց եթե COVID-19 համավարակի հետ կապված այս նստաշրջանը ևս չհետաձգվի, նստաշրջանի ընթացքում ևս հուլիսյան իրադարձությունների հետ կապված հարցը կքննարկվի:

Aravot.am-ը փորձեց մոնիտորինգի հանձնաժողովի և ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերի հետ կապված տեղեկություններ ստանալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից: Մանրամասները կներկայացնենք քիչ ուշ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930