Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյան ընտանիքը որևէ կապ չունի ոստիկանության հայտարարության հետ»․ Գյումրու քաղաքապետը՝ «Սև Բերդ»-ն ապօրինի ձեռք բերելու մասին

Սեպտեմբեր 10,2020 19:30

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը  հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով,  որ  Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ապօրինի կերպով է օտարվել  ֆիզիկական անձի։ Այն 1995  հունիսի 6-ին թվականին կառավարության որոշմամբ հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Իսկ 2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է պաշտպանության նախարարությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև,  որ պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք ելնելով  անձնական շահագրգռվածությունից ու չարաշահելով իրենց լիազորությունները՝ ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը։

Ֆիզիկական անձի անվամբ այն գրանցել են 2005 թվականի մայիսի 19-ին, ինչի հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ։

Ինչպես հայտնի է,  այժմ  «Սև Բերդ» ամրոցը պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին։

Գյումրու քաղաքապետը ոստիկանության հաղորդագրության շուրջ պարզաբանումներ է ներկայացրել Aravot.am-ին՝  նշելով, որ Բալասանյան ընտանիքը բացարձակապես կապ չունի  այս ամենի հետ, իրենք ամրոցը ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար  Հայկ Հայրապետյանից 2012 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Սամվել Բալասանյանը նոր էր ընտրվել  քաղաքապետ, իսկ  Հայկ Հայրապետյանի ընտանիքը վաճառքի էր հանել ամրոցը։

«Ես գնահատական չեմ տալ անցած ճանապարհին, թե ով է սեփականաշնորհել, ինչ ձևի են սեփականաշնորհել, կառավարության ինչպիսի որոշում է եղել, ես մեկնաբանեմ այն մասը, որից տեղյակ եմ։  2012 թվականին իմ ընտանիքը գնել է «Սև ամրոց»-ը։ Հայկ Հայրապետյանը  Լենինգրադից էր եկել այն ժամանակ և այստեղ «Սև ամրոց»-ի շինարարական աշխատանքներ էր սկսել՝ լուրջ ծրագրով։ Այդ ծրագիրն հիմա իմ մոտ է, ինքը մահացավ, բնականաբար, իր ընտանիքը ուզում էր վաճառել ,և որևէ մեկը որևէ մի անգամ  ցանկություն չհայտնեց «Սև Բերդ»-ը գնել։

Ես Ազգային Ժողովի պատգամավոր եմ եղել ,մի քանի անգամ նույնիսկ ինձ են խնդրել, թե տեսեք՝ կարո՞ղ է որևէ մեկը ցանկություն ունենալ  «Սև Բերդ»-ը գնելու, գործարարը ոնց որ թե պարտքերի մեջ էր։  Զանգում  էին, խնդրում էին, հիշեցնում էին, 2012 թվականին, երբ ես ընտրվեցի քաղաքապետ, պարզ է՝  մեր քաղաքով հետաքրքրվող մարդիկ ուզում էին, որպեսզի ես գնեի, վերակառուցեի՝ իհարկե, տեսնելով իմ աշխատանքը, թե Գյումրիում ինչքան աշխատատեղեր եմ ստեղծել, գործարաններ եմ կառուցել։

Առաջարկեցին գնել  «Սև Բերդ»-ը, մի քանի անգամ իրենց ներկայացուցիչները եկան և, ճիշտն ասած, ընտանեկան քննարկում արեցինք, խորհրդակցեցի որդիներիս ու նաև այն  գյումրեցիների հետ, որոնք մեծ հետաքրքրություն ունեին քաղաքի նկատմամբ։

Քաղաքը վերականգնելու համար ամենակարևորը պատմական արժեքների վերականգնում է։

2012 թվականին մեր ընտանիքը գնեց այն։

Կան նկարներ, տեսագրություններ, թե ինչ վիճակում էր գտնվում բերդը․ այնտեղ հիմնականում հավաքվում էին շներ գզվեցնող մասսան, թմրամոլները,  երբ սկսեցինք  մաքրել տարածքը, շատ էին ներարկիչները,  ցփնված էին ամբողջ բերդի տարածքով։ Հիշում եք՝ ճանապարհի վրա սպանություն տեղի ունեցավ, այն դարձել էր այնպիսի մի շինություն, որն արտացոլում էր ամենավատը։

Բերդի քարերն ապօրինի վաճառում էին, քարերը բավականին մեծ էին, այն քարհանքի վրա էր, քարերը հանել, կառուցել էին,  դրանք հանում, վաճառում էին սեփականատերերի,  եթե չգնեինք բերդը, այն կքանդվեր լրիվ, քանդում, վաճառում էին։

Այնտեղ պահպանման խնդիր կար, պահակային ծառայության խնդիր կար, պահակներին գումար չէր տրվել, չեմ ուզում շատ մանրամասնել։ Բերդը, որը պատմական արժեք է քաղաքի համար,  պետք էր վերականգնել, ճանապարհը կառուցել ։

2012 թվականին  այն, ինչքան հիշում եմ Տիգրան Պետրոսյանի անունով  էր, իհարկե,  Հայկ Հայրապետյանին էր,  բայց իր անունով չէր, երևի ինքը ՌԴ-ում  գրանցում ուներ, դրա համար  իր բարեկամի անունով էր գրանցել։

Ինչևէ, մենք նրանից գնեցինք բերդը, բոլոր փաստաթղթերն առկա են․  եղավ օրենքի սահմաններում, ինչ կառուցեցինք, անցավ բոլոր գերատեսչություններով, շինարարներ աշխատեցին, մինչև հիմա էլ վերականգնում ենք, շատ բարդ է պահպանել նման կառույցը։ Եվ այդ հրապարակումը, որ դուք ասացիք՝ ինձ հետ ընդհանրապես կապ չունի, իմ ընտանիքի հետ ընդհանրապես կապ չունի»։

Քաղաքապետը նշում է, որ այսօր «Սև Բերդ»-ը բոլոր տուրիստական ընկերությունների համար դարձել  է շատ կարևոր վայր, այն քաղաքի պատմության մի մասնիկն է,  այնտեղ թանգարան են հիմնել, ջրհոր՝ 23 մետր խորությամբ ու բոլոր կարևոր միջոցառումները, օրինակ՝ Անկախության տոնը, կոմիտասյան օրերն, Տիգրան Մանսուրյանի երեկոն անցկացվել են այնտեղ ու բոլորն անվճար։

Բերդը, ըստ քաղաքապետի, շատ կարևոր վայր է դարձել մեր քաղաքի համար, պահպանման ծախսերը, բնականաբար, արվում է քաղաքապետի ընտանիքի կողմից, որը բավական թանկ է նստում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930