Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Ասլիբեկյան Արծրունի. «Երջանկության պահերը պետք է որսալ եւ ապրեցնել» (տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2020 17:40

Թատերագետ, գրող Անուշ Ասլիբեկյան Արծրունու հետ զրուցել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում: Անուշն ասում է, որ կարեւոր դերակատարություն ունեցող մարդիկ շատ են իր կյանքում: «Երբ հետհայացք եմ նետում, տեսնում եմ, որ բոլոր ոլորտներում, թե թատրոնի, թե գրականության, միշտ նախախնամության եւ Աստծո ձեռքով իմ ճանապարհին հայտնվել են այնպիսի հրաշալի մարդիկ, որոնք ինձ համար դարձել են հոգեւոր հենարան, սատարել են ինձ ու ուղիներ ցույց տվել:

Նախ առաջինն այդպիսիք իմ ծնողներն են, որ դեռ վաղ մանկությունից իմ մեջ հայտնաբերեցին ստեղծագործողին, պարուրելով ինձ հոգածությամբ, պաշտպանելով արտաքին աշխարհի դժվարություններից եւ ստեղծեցին բոլոր հնարավորությունները` արվեստում ինձ գտնելու: Նրանք ինձ ուղղորդեցին նկարչական, երաժշտական դպրոց, որտեղ ֆլեյտա էի նվագում, զուգահեռ հոգեւոր երգչախումբ էի այցելում եւ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում էի նվագում, նաեւ էստրադային մի նվագախմբում իմ գրած երգերն էինք կատարում…Երբ 5 տարեկանում քառատող հորինեցի, մայրս այդ պահից նկատեց, որ դեպի արվեստ եմ գնալու: Իսկ հայրս միշտ ասում էր` իմ աղջիկը պետք է սովորի գեղարվեստաթատերականում, ինքը նկատի ուներ հատկապես գեղարվեստի բաժինը, ես իսկապես գնացի գեղարվեստաթատերական, բայց ընտրեցի ոչ թե գեղարվեստը, այլ թատրոնը»:

Ինչ վերաբերվում է գրական ճանապարհին, հայտնեց, որ շրջադարձային է եղել հանդիպումը բանաստեղծ Արտաշես Արամի հետ. «Անցնում էի խմբագրության դռան մոտով, դուռը բաց էր, ես ուսանող էի… Չճանաչելով ոչ մեկին այդ աշխարհում` որոշեցի լինել համարձակ, մտնել «Նոր դարի» խմբագրություն եւ ուղղակի ցույց տալ իմ ստեղծագործությունները: Եվ որքան երջանիկ եմ ես, որ ինձ ընդառաջ եկավ հենց այդպիսի` բաց, երիտասարդներին ընդունող, առանց նախապաշարմունքների մի պոետ, գրող եւ մեծատառով մարդ, որ նայելով գործերս, ասաց, որ այդ համարում կլինեն դրանք: Դրանից հետո շատ ու շատ հետաքրքիր այլ գրողների հանդիպեցի, որոնք այս կապ այն փուլում ինձ համար եղել են ուսուցիչ, ավագ գրչընկեր` Գուրգեն Խանջյան, Ռազմիկ Դավոյան, Վահան Վարդանյան, Կարինե Խոդիկյան…Հետագայում նրանցից ոմանք դարձան իմ գրքերի խմբագիրները` Լեւոն Անանյանը, Դավիթ Մուրադյանը: Ճակատագրական եմ համարում նաեւ գրականագետ Անի Փաշայանի հետ հանդիպումը»:

Հարցրինք, թե այս պահին ի՞նչ գիրք է ընթերցում: «Ուրիշի գրքերը կարդալով է, որ հայտնագործում ես, որ դու էլ ես ուզում գրել կամ կարող ես գրել: Այդպիսի գրողներ եղել են իմ կյանքում, որոնք այնպիսի մեծ բացահայտում են եղել ինձ համար, որ ինձ ուղղակի վերցրել-տարել են գրականության աշխարհ եւ այնտեղից մինչ այսօր ես դուրս չեմ եկել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նման գրողներից մեկն էլ Անուշ Ասլիբեկյան Արծրունու համար Հովհաննես Թումանյանն ու Սարոյանն են, վերջինը նաեւ իր գիտական կյանքի ամենակարեւոր հենարաններից է, գիտական թեզը հենց սարոյանական թեմայով է եղել: «Սարոյանն ինձ համար մի հսկա տիեզերք է, այն իմ սեղանի գիրքն է, վերջերս նորից վերընթերցեցի Հրանտ Մաթեւոսյան, չնայած զբաղվածությանս` որոշեցի ինքս ինձ այդ հաճույքը պատճառել: Իսկ հիմնականում ավելի շատ թատերագիտական, մասնագիտական գրականություն եմ կարդում, որոնք կապ ունեն այն գործի հետ, ինչով զբաղված եմ…»,-հավելում է գրողը:

Անուշ Ասլիբեկյան Արծրունուց հետաքրքրվեցինք, թե երկու արվեստի մարդ` ինքն ու ճանաչված երգիչ, երգահան Վահան Արծրունին ինչպե՞ս են կարողանում մեկ հարկի տակ «գոյակցել», արդյոք արվեստի հողի վրա անհամաձայնություններ չեն ունենում: Մեր զրուցակիցը նշեց, որ իր կյանքը երբեք արվեստից դուրս չի ընկալել, բնականոն կյանքի ընթացք է համարում նաեւ արվեստագետի հետ իր ճակատագիրը կապելը. «Մեծ բարեբախտություն եմ համարում կյանքի ընկեր, կողակից ունենալ հենց արվեստի ոլորտի մարդու, որի հետ պարզապես համախոհներ ենք…

Ես Վահանից անվերջ սովորելու բան ունեմ, ես ամեն վայրկյան բացահայտումներ եմ անում: Մենք երկու տարբեր ոլորտի, բայց արվեստում արարող մարդիկ ենք ու միասին գտնում ենք համագործակցության եզրեր: Օրինակ իմ «Մերսեդես» պիեսի բեմադրության կոմպոզիտորը Վահան Արծրունին էր, «Կոմիտաս. Լույս բարեբեր» իմ պիեսի բեմադրության կոմպոզիտորը նաեւ կատարող-դերակատարը կրկին Վահանն էր: Ինչպես արվեստում ենք համախոհներ, այդպես էլ կյանքում, բոլոր հարցերում`  եւ բալիկներին պահելու եւ նրանց դաստիարակելու, հիմնականում չենք հակադրվում, այլ նայում ենք նույն ուղղությամբ…Մեր երեխաներին մեծ ազատություն ենք տալիս եւ կարեւորում ենք երեխային իբրեւ անհատականություն ճանաչելը: Երկուսիս համար էլ կարեւոր է նրանց մեջ բացահայտել իրենց նախասիրությունները, նրանց ճիշտ ճանապարհով ուղղորդելը»:

Անուշն ասում է, որ իր բնավորության ամենատիպական գիծը ուղղախոսություն է, ազնվությունը, թեեւ թատերագետ լինելը թույլ է տալիս լինել ճակատային, երբեմն կոշտ, բայց ուղղախոս լինելիս նրբանկատություն է ցուցաբերում. «Միշտ նկատի եմ ունենում, որ ստեղծագործող մարդկանց հետ գործ ունեմ, եւ կարող է մի կոպիտ արտահայտությունը ստեղծագործողին «կոտրել»: Երբեւիցե ստի, երկիմաստության հետ չեմ կարող համաձայնել, գնալ կոմպրոմիսի, եթե անգամ դրանից շատ մեծ բաներ են կախված, եւ նժարին շատ մեծ բաներ են դրված»:

Անուշի հետ խոսեցինք նաեւ լավ գրականության եւ լավ ներկայացման մասին: «Եթե շատ վերացական ասեմ` երբ գրականություն ես կարդում, քո առաջ բացվում են քեզ համար անծանոթ աշխարհներ, սակայն դու ունենում ես այնպիսի ապրումներ, որտեղ հայտնաբերում ես քեզ ծանոթ բույրեր, նոտաներ, թաքնված հույզեր, որոնք միշտ ունեցել ես քո ներսում, բայց երբեւէ չես կարողացել ձեւակերպել:

Բայց ահա կարդում ես գրողի տողը, որը կարծես թե պրպտել է քո հոգու ապրումը եւ կարողացել է նյութեղենացնել, ձեւակերպել: Երբ նման զգացողություն ես ունենում, երբ նման գրականությունը կարողանում է քեզ կտրել իրականությունից, դարձյալ իրական, բայց շատ ավելի բարձր տեղ տանել քեզ, ուրեմն դա լավ գրականություն է, բարձր գրականություն է: Նույնն էլ թատրոնին է վերաբերվում:

Այսօր թատրոնում եւ գրականության մեջ մաքուր ձեւեր չկան, երկուսի մեջ էլ ժանրասեռային այնպիսի ներթափանցումներ, փոխաձեւումներ կան, որոնք ապշեցնում են, որոնք երբեւիցե թատրոնի եւ գրականության պատմության մեջ չեն եղել: Այսօր անսահման մեծ ազատություն կա,եւ թվում է, թե 21-րդ դարում չկա մի բան, որ չի ասվել: Սակայն արվեստում միշտ կարեւոր է կերպը: Իսկ 21-րդ դարը տվել է այդ կերպի, ինչպեսի անսահմանափակ հնարավորությունները…Ի դեպ, թատրոնը մի կարևոր առաքելություն ունի` այս պահին կայանալու ծիսակարգային բնույթ եւ այս պահին իր հետ հանդիսատեսին իր աշխարհը ներքաշելու հատկանիշ: Եթե ստեղծագործողը որսա այդ առանձնահատկությունը, կայանա ստեղծագործական ակտը, դա կլինի լավագույն արարումը, լավ թատրոնը: Երբ դու կարողացար զարմացնել, ու հանդիսատեսին դարձնել քեզ հետ համաարարող, ուրեմն այդ ժամանակ կայացած է քո ստեղծագործությունը»,-համոզված է թատերագետը:

Նրա ձեւակերպմամբ` հաջողակ լինելու համար մի քանի նախապայման է անհրաժեշտ. մեկը ճիշտ ընտրված մասնագիտությունն է, մյուսը կյանքի ճիշտ ընկերը. «Իմ պարագայում նաեւ հաջողակ եմ, որ երեք հրեշտակների մայրիկ եմ: Հաջողակ եւ երջանիկ լինելու զգացողությունը շարունակական չէ, նման զգացողություն ունենում ես, օրինակ, երբ կայանում է քո պիեսի բեմականացումը եւ դու արարման մասնակից ես քեզ զգում, երբ հանդիսատեսի աչքերին նայելով հասկանում ես, որ նրանք երջանիկ են, ուրեմն դու էլ ես երջանիկ: Իմ դեպքում մասնագիտական երջանկությունը նույնանում է կենսական երջանկության հետ…Երջանկությունը պահերի ամբողջություն է, պահեր, որոնք պետք է որսալ ու երկար ապրեցնել»:

Անուշը երբեւէ ստացած ամենաթանկ նվեր եւ Աստծո պարգեւ է համարում իր ծնողներին, իր բալիկներին` Անաիսին, Անդրեասին եւ Լեոյին եւ անպայման իր ամուսնուն` Վահան Արծրունուն:

Ասում է` իր կյանքը բաժանել է մինչեւ Վահան Արծրունին եւ Վահան Արծրունուն հանդիպելուց հետո փուլերի: Նաեւ մեծ պարգեւ է համարում կյանքն առհասարակ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի եւ Անուշ Ասլիբեկյան Արծրունու ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930