«Իմ քայլի» պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցը եւ Հերիքնազ Տիգրանյանը հեղինակել են «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ Վարազդատ Կարապետյանն ասաց, թե ինչ հարց են կարգավորում այս նախագծով. «Մարդիկ, երբ դիմում են ՊՈԱԿ-ում պաշտոն զբաղեցնելու համար, պետք է ունենան երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժ: Գործող օրենքով բարձրագույն կրթությունը նախատեսված էր: Երկրորդ՝ մրցույթ պետք է անցկացվի, երկու փուլ է մրցութային կարգում: Առաջինը՝ գրավոր մրցույթ է, որը հիմա կա, երկրորդը՝ բանավոր: Բանավոր մրցույթի ժամանակ պետք է դիմորդը ներկայացի կազմակերպության, ոլորտը զարգացնելու հայեցակարգ ու հարցերը պետք է լինեն այդ հայեցակարգի վերաբերյալ: Եթե հիմա նայեք, թե ինչպես են բանավոր քննությունները անցկացվում, դրանք էլի գրավոր քննության նման են, որտեղ մարդը տոմս է քաշում, տոմսի մեջ երեք-չորս հարց է, անգիր պետք է անի, գա նստի հանձնաժողովի մոտ այդ հարցերին պատասխանի, իրենք էլ ասեն՝ հա, անգիրին համապատասխանեց, թե ոչ: Սա իրականում ձեւական է: Հիմա մարդը պետք է պատմի, թե ոնց է հիմնարկը զարգացնելու, որովհետեւ ձեւական գրում տալիս են փաստաթուղթը, բայց իրականում այդ փաստաթղթի մասին հարց չի քննարկվում»:
Փոփոխություններից մեկն էլ այն է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է նույն պահանջներին բավարարի, ինչ տնօրենի դեպքում է:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ