Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն՝ սահմանամերձ համայնքներին՝ 3 տարով. Կոմունալ վարձերի 50% փոխհատուցում, հակառակորդի կրակից զոհվելու դեպքում 5 մլն օգնություն

Սեպտեմբեր 10,2020 16:58

Այսօր իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն ստացավ:

Սահմանամերձ համայնքներում սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի համար 50 տոկոսի չափով փոխհատուցում տրամադրելու, նաեւ ոռոգման ջրի համար փոխհատուցում տալու օրենքով սահմանված ժամկետը սպառվում է ու այս նախագծով եւս 3 տարով այդ արտոնությունը սահմանամերձ համայնքների բնակիչները կունենան:

Շուրջ 38 բնակավայր է մտնում դրա մեջ, այն համայնքներն են, որոնք Ադրբեջանի ռմբակոծության թիրախում են գտնվում՝ ըստ ՊՆ-ի վիճակագրության: Այդ բնակավայրերը կազատվեն նաեւ հողի հարկից եւ գույքահարկից:

Նախագիծը ներկայացնելիս Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ դպրոցական դասագրքերը սահմանամերձ համայնքներում տրամադրվում են փոխհատուցմամբ, ընդ որում, գրված է փոխհատուցում, բայց դա իրավական տերմին է, իրականում անվճար է տրամադրվել ու կշարունակվի անվճար տրամադրել: Գործող օրենքով, եթե Ադրբեջանի կողմից ռազմական, ահաբեկչական գործողությունների հետեւանքով քանդվում է տունը, պետությունը պարտավորվում է նոր բնակարան տրամադրել: Բայց լինում են դեպքեր, որ ոչ թե տունն ամբողջությամբ է քանդվել, այլ վնասվածքներ է ստացել, որոնք հնարավոր է վերականգնել ու այս մասը օրենքում բաց է: Հիմա ամրագրվում է, որ պետությունը պարտավոր է լինելու վնասված գույքը վերականգնել, նաեւ ավելացվում է, որ գյուղատնտեսական կենդանիների վնասները ենթակա են փոխհատուցման բյուջեով. «Սա նոր բան է: Գյուղացիները նշում են, որ շատ ժամանակ կենդանիները արոտավայրում կրակոցներից սատկում են, այս դեպքում փոխհատուցում կլինի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Գյուղացիները նաեւ առաջարկում են, որ գյուղատնտեսական տրակտորները, գործիքները վնասվելու դեպքում նույնպես փոխհատուցում տան: Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ գյուղատնտեսական տեխնիկա կա՝ շատ թանկ արժե, պետք է հասկանան, թե ինչ չափով փոխհատուցում տան:

Հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե Ադրբեջանի գործողությունների հետեւանքով վիրավորվեն մարդիկ ու ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից՝ 1-3 մլն դրամ միանվագ օգնություն կտրամադրվի, բուժումը կլինի անվճար, իսկ եթե, Աստված մի արասցե, զոհ լինի, միանվագ 5 մլն դրամ կտրամադրվի ու պետությունը կհոգա թաղման ծախսերը:

Հարց եղավ՝ գերեվարվածներ կան, նրանց ընտանիքները անելանելի վիճակում են, չգիտեն, թե ինչպես կլինի իրենց վիճակը, հիմնականում արական սեռի ներկայացուցիչներն են գերեվարվում, ընտանիքի օգնող ձեռքը, ուստի պետք է գերեվարված ընտանիքներին նույնպես տրամադրել օգնություն: Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ դա քննարկման թեմա է, կարող է երկրորդ ընթերցման ժամանակ որոշեն, թե ինչպիսի օգնություն է պետք՝ դրամակա՞ն, թե՞ այլ:

Առաջարկեցին նաեւ փոխհատուցում տալ այն դեպքում, երբ սահմանամերձ համայնքում գյուղացին ողջ տարին արտ է մշակել, վարել ու ցանել, բայց բերքը չի կարողանում հավաքել, որովհետեւ հակառակորդը կրակում է ու բերքն արտում փչանում: Մինչեւ երկրորդ ընթերցում կքննարկվի նաեւ այս առաջարկը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930