Գյումրիում կորոնավիրուսով վարակվածների թվի նվազում է նկատվում․ այս պահին ակտիվորեն թեստավորում են ուսուցիչներին, սկսել են Գյումրիի դպրոցներից։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը, մինչ այս պահը Գյումրիի 9 դպրոցների 495 մանկավարժների են թեստավորել, որոնցից 16-ի մոտ է առկա եղել վիրուս։
Ընդհանուր առմամբ՝ թեստավորման ենթակա են մարզի 5848 ուսուցիչներ։
Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, Շիրակի մարզում համաճարակային վիճակը կայուն է․ նկատվում է նվազման միտում, օրինակ՝ երեկ թեստավորված 169 հոգուց 10-ի մոտ է եղել դրական պատասխան, երկու հոգու են տեղափոխել մայրաքաղաք՝ բուժման։
Կարդացեք նաև
Շիրակի մարզից մահացածների թիվը վիրուսի տարածման օրվանից հասել է 43-ի։
Նշենք, որ մեր տեղեկություններով, վարակվել են նաև մարզի դատական իշխանության՝ դատարանի ու ԴԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դեռ ինքնամեկուսացման մեջ են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Humans of Gyumri ՖԲ էջից