Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Իմ քայլի» պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Մերի Գալստյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագիծը:
Քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը փոխանցեց հայկական գամփռ պահողների դժգոհությունը: Նրանք ասում են, որ այդ ցեղատեսակի պահպանման համար պետք է մարտեր լինեն, իսկ օրենքով մարտերն արգելվում են, հնարավոր չէ՞ թույլատրել նրանց դեպքում:
Մերի Գալստյանը պատասխանեց, որ շնամարտերը միանշանակ պետք է արգելել, որովհետեւ նույն բացատրությունը կարող են տալ նաեւ այլ ցեղատեսակի շուն պահողները: Դա, ըստ նրա, պետք է արվի վարժանքների միջոցով, որովհետեւ մարտերը ե՛ւ էթիկապես, ե՛ւ վտանգավորության տեսանկյունից ճիշտ չեն: Այվազյանը հակադարձեց. «Գենի պահպանման խնդիրը պետք է դնենք, դա չի կարող վարժանքների միջոցով լինել»: Նա խոստացավ գամփռ պահողների, մասնագետների հետ այս հարցով քննարկում կազմակերպել:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը անարդարություն տեսավ շների նկատմամբ. «Տեսեք, մենք, օրինակ, դեմ չենք, որ բռնցքամարտը, որպես սպորտաձեւ լինի, չնայած մարդիկ կան՝ դեմ են, բայց մարդիկ այդ մարտերի միջոցով ինքնահաստատվում են, իսկ շներին զրկում ենք դրանից»:
Կարդացեք նաև
Շինշիլաների հետ կապված հարց եղավ, իսկ դրանք բուծվում են հիմնականում մորթու համար, Մերի Գալստյանն ասաց, որ աշխարհի շատ հայտնի նորաձեւության կենտրոնները բնական մորթուց անցում են կատարում արհեստական մորթու եւ դա պետք է ընդունել որպես ուղերձ:
Նախագծի քվեարկությունը հետաձգվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ