Լրահոս
Օրվա լրահոսը

Շները կունենան անձնագրեր. Լենա Նազարյանի ու Մերի Գալստյանի նախագիծը առիթ դարձավ՝ թափառող շներից ու արջերից բողոքելու

Սեպտեմբեր 10,2020 15:52

«Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանն այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց նոր օրենքի նախագիծ՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»: Սա մայր օրենքի նախագիծ է, որի համահեղինակն է նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նպատակն է բացառել կենդանիներին ցավ պատճառելը, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ներկայացվում են կենդանիների վաճառքի, բուծման, կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները, կացարաններում պահելու պայմանները եւ այլն:

Մերի Գալստյանն ասաց. «Ներմուծվել է շների նույնականացման՝ անձնագրեր ունենալու պահանջը, ինչը արդյունավետ է լինելու նրանց կորելու դեպքում տերերի նույնականացման հարցում, դա կարեւոր է լինելու նաեւ թափառող կենդանիների կարգավորման տեսանկյունից»:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց. «Վայոց ձորի մարզում արջը շատ ազատ է, ոչ շատ ուշ ժամերին, 11-12-ին իջնում է գյուղ, դպրոցի մոտ, ինչ ուզում՝ անում է ու գյուղացին պաշտպանված չի, որովհետեւ Կարմիր գրքում գրանցված կենդանի է: Ռիսկ կա, որ կհարձակվի ու հատկապես ծերերը հնարավորություն չեն ունենա փախչելու: Գյուղում անելանելի վիճակ է ստեղծվում, ի՞նչ անեն»:

Մերի Գալստյանը պատասխանեց, որ այս օրենքը չի կարգավորում վայրի կենդանական աշխարհի հետ կապված որեւէ իրավահարաբերություն, այս օրենքը բացառապես տնային, թափառող կենդանիների, ծառայողական, սպորտային, ժամանցային ցուցադրության համար նախատեսված կենդանիներին է վերաբերում: Դա «Կենդանական աշխարհի մասին» օրենքի կարգավորման տիրույթում է:

Հիշեցնենք, որ նմանատիպ մի օրենք՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, հեղինակել էր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սարիկ Մինասյանը բողոքեց՝ օրենքն ընդունելուց հետո թափառող շներին չեն կարողանում վերահսկել. «Թափառող շները ոհմակներով են արդեն շրջում, հարձակվում են երեխայի, ծերերի վրա: Դեպք եղավ՝ 2-3 տարեկան երեխային հոշոտեցին, հազիվ փրկվեց երեխան: Իմ համար ավելի կարեւոր է ՀՀ քաղաքացիների հոգեկան ու ֆիզիկական անվտանգությունը, քան, շատ կներեք, թափառող շների: Գուցե այլընտրանք է քնեցումը թափառող շների: Գյումրիում չեն կարող այնպիսի չափերի կացարան կառուցել, որ բոլոր թափառող շներին տեղավորեն: Ասենք, 5000 թափառող շուն կա, ինչքա՞ն գումար պետք է ներդրվի, որ կացարան կառուցվի, այդքան սնունդ, բուժում ապահովի,դա մեր երկրի բյուջեի համար այնքան հարմար չի»:

Մերի Գալստյանը պատասխանեց, որ բյուջեի հետ կապված հաշվարկներ եղել են, թե մեկ թափառող շուն կացարանում պահելը որքան է արժենալու. «Հարցերը փորձել ենք հավասարակշռության տրամաբանության հիման վրա կառուցենք: Պետք է ապահովվի թե՛ բնակչության անվտանգությունը, նաեւ կենդանիների պաշտպանությունը: Կենդանիների հետ մեր համակեցությունը պետք է լինի համերաշխ ու անվտանգ: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը ու գիտենք, որ իրենք տարիներով են հասել նրան, ինչը հիմա օրինակելի է համարվում»:

Պատգամավորը հորդորեց այս նախագիծն այսօր քվեարկության չդնել, քանի որ կառավարության հետ դեռ աշխատում են նախագծի վրա: Քվեարկությունը կլինի ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930