«Կորոնավիրուսի թվերը բավականին իջել են, ինչը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացուն մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Բազմաթիվ երկրներ կան որոնք մուտք ու ելք են անում, մենք ԵԱՏՄ անդամ ենք, որն առավելություններ ունի տեղաշարժվելու, բայց մեզ ոչ մի պատասխան չեն տալիս»,-պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չեն դիմում Ռուսաստանի ներկայացուցչությանը, քանի որ ոչ թե Հայաստանն, այլ Ռուսաստանն է փակ պահում իր սահմանները, ասաց կառավարության առաջ բողոքի ցույց անող քաղաքացին, որը փակ սահմանների պատճառով չի կարողանում մեկնել ՌԴ:
Ռուսաստան մեկնել ցանկացող մի խումբ մարդիկ այսօր կրկին կառավարության առջեւ էին: Ցուցարարների խոսքով՝ ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ կառավարությունից որեւէ հստակ պատասխան չեն տալիս. «Մենք պահանջում ենք, որ բանակցեն՝ ճանապարհները բացեն: Մեր կառավարությունը, որը ընտրվել է ՀՀ հպարտ քաղաքացու շնորհիվ, խնդրում ենք մեր հարցին լուծում տա: Մենք որեւէ քաղաքական նպատակներով ցույց չենք անում, որեւէ կուսակցության անդամ չենք: Ընդամենն ուզում ենք վերադառնալ»:
Ցույցի մասնակիցները բարձրախոսով դիմեցին Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով՝ բանակցել ու բացել Ռուսաստանի սահմանները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ