Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ այցից հետո դիտորդների խումբը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբեր 10,2020 12:36

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) 2020թ. օգոստոսի 25-ի վաղ առավոտյան այցելություն է կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նախորդ օրը մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների հիման վրա:

Այցելության ժամանակ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել, որի ժամանակ խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում: Նշված պատժախցում գտնվել են կալանավորված անձինք Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն: Խուզարկության ընթացքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:

Ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի՝ կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին, ուստի առաջացել է հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառելու անհրաժեշտություն:

Խումբը նշված անձանց մարմինների վրա արձանագրել է հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հետևանքով առաջացած մի շարք մարմնական վնասվածքներ:

Խիստ մտահոգված լինելով հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությամբ և համաչափությամբ՝ Խումբը այցից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ առաջարկելով քրեական գործ հարուցել հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով: Ինչպես նաև առաջարկել է անհապաղ դատաբժշկական փորձաքննություններ նշանակել նշված ազատազրկված անձանց նկատմամբ:

2020թ. սեպտեմբերի 4-ին Խումբը ՀՀ քննչական ծառայությունից ստացել է պաշտոնական պարզաբանում առ այն, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու` վերը նկարագրված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930