Որոշ տեղեկություններով, կառավարությունից «շան լափ են թափել» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ բացասական եզրակացություն տալու համար, ինչպես խորհրդարանում են ասում՝ «հանձնաժողովն ասֆալտին է փռել Խունդկարյանին» ու եզրակացությունն ուղարկել ԱԺ բոլոր պատգամավորներին։ Կառավարությունում անհանգիստ են, եւ իշխող խմբակցությանը խիստ հրահանգ է իջել՝ եզրակացությունը չհրապարակել։
Մեր ձեռքի տակ են հայտնվել թեկնածուներից երկուսի՝ Խունդկարյանի եւ ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանի մասին եզրակացությունները։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ՍԴ դատավորի թեկնածու Խունդկարյանի վերաբերյալ բարեվարքության եզրակացությունը, ըստ այդ փաստաթղթի, բացասական է, իսկ Վաղարշյանի վերաբերյալ եզրակացությունը՝ դրական։ Արձանագրություններն ԱԺ են ուղարկվել օգոստոսի 31-ին։
Մասնավորապես, ուսումնասիրելով Խունդկարյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիրը, հանձնաժողովը, ինչպես փաստաթղթում է ձեւակերպված, «հայտնաբերել է հետեւյալ անհամապատասխանությունը»․ «2019 թ․ գույքի եւ եկամուտների հայտարարագրում տարվա սկզբի դրությամբ առկա են 2 մլն ՀՀ դրամական միջոցներ, որը նշվել է որպես նախկին տարիներին նվիրատվություն ստացած գումար», սակայն «գումարը չի նշվել որպես ստացած եկամուտ եւ/կամ առկա դրամական միջոց նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրում»։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի կողմից բարեվարքության ուսումնասիրության են արժանացել մի շարք որոշումներ, որոնց դեպքում Խունդկարյանը հանդես է եկել որպես ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ եւ կոլեգիալ կազմով մասնակցել է մի շարք որոշումների կայացմանը։ Եզրակացությունում նշվում է, որ Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով Հայաստանը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ։ Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտադրել է մեծ գումարներ վճարել, եւ վճիռների զգալի մասը քննվել է հենց Խունդկարյանի կողմից, հանձնաժողովը հիշատակում է մի շարք գործեր։ «Որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ թեկնածուի մասնակցությամբ կայացած մեկ տասնյակից ավելի որոշումներում ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով պետությունը մոտ 306 հազար եվրոյի փոխհատուցում է տրամադրել։ ՄԻԵԴ-ի կողմից խախտում է ճանաչվել առնվազն տասն այնպիսի գործերով, որտեղ պետության կարիքների համար օտարվել է անհատներին պատկանող սեփականությունը եւ այդ հիմքով առաջացրել սեփականության իրավունքի, առանձին դեպքերում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումներ»,- նշված է եզրակացությունում։ Հիշեցնենք, որ Խունդկարյանը վճռաբեկի նախագահ է նշանակվել 2010 թվականին։
Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում, ըստ էության, հաստատվել են տարիներ շարունակ մամուլում շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց՝ Խունդկարյանը վճռորոշ ազդեցություն է ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակվելու հարցում։ Մասնավորապես, 2004-ին տնտեսական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն է մերժել եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում այդ պահին չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։ Իսկ 2008-ին ՄԻԵԴ-ը հունիսի 17-ի իր որոշմամբ արձանագրել է, որ հեռուստաընկերությանը լիցենզիայի տրամադրումը մերժելը հանդիսացել է միջամտություն հեռուստատեսության՝ տեղեկատվության եւ գաղափարներ տարածելու ազատությանը։ Այս գործի պատճառով, ըստ հանձնաժողովի, «առնվազն ինը տարիների ընթացքում ՀՀ-ում խոսքի ազատության իրավիճակը տարբեր միջազգային հարթակներում մտահոգությունների եւ քննադատությունների հիմք է հանդիսացել»։
Եվ որպես վերջաբան․ «Հանձնաժողովի մոտ չի ձեւավորվել այն համոզմունքը, որ թեկնածուի մասնակցությամբ ձեւավորվող Սահմանադրական դատարանի կազմը հիմք կհանդիսանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, ինչպես նաեւ սահմանադրական արդարության հաստատման ու իրավունքի գերակայության զարգացման համար, ուստի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ տալիս է բացասական եզրակացություն»։ Այսպես է նշված Հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմած փաստաթղթում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: