Քաղաքական դաշտի ակտիվացման մի շարք նախադրյալներ կան, որոնցից առաջինն իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը երկիրը հասցրել է բավականին ծայրահեղ վիճակի: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Մանրամասնելով՝ քաղաքագետն այլ հիմքեր էլ է առանձնացնում. «Համաճարակային իրավիճակի ոչ հմուտ կառավարում, որը հանգեցրեց տնտեսական շատ լուրջ խնդիրների, ընդհանուր դեպրեսիա՝ կախված համաճարակային իրավիճակի հետ: Բացի նշվածներից, մենք ընդհանրապես բոլոր ոլորտներում բացթողումներ ենք տեսնում՝ սկսած առողջապահականից, կրթականից, մշակութային ոլորտից և այդպես շարունակ:
Ընդհանուր առմամբ, շատ լուրջ դժգոհություն կա իշխանություններից»: Քաղաքագետը նկատեց՝ այսօր ընդդիմադիր ուժերից ոչ մեկը իշխանության գործողությունների վերահսկման հարց չի դնում. «Քաղաքական ուժերը հանդես են գալիս այն տեսանկյունից, ըստ որի՝ իշխանություններն ամբողջովին ձախողել են կառավարման ամբողջ գործընթացը, և իշխանություններին փոխելու խնդիր է դրվում»: Ինչ վերաբերում է «ի՞նչ է լինելու հետո» հարցի պատասխանը ընդդիմադիրների կողմից ձևակերպելու անհրաժեշտությանը, Ա. Ենոքյանը նկատում է. «Այստեղ երկակի է խնդիրը: Այսինքն, մի կողմից շատ պարզ է՝ ինչ պետք է չարվի. պետք է չարվի այն, ինչ ներկա իշխանություններն են անում բոլոր բնագավառներում:
Մյուս կողմից, երբ խնդիր է դրվում առ այն, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարեն, այս դեպքում ընդդիմության միասնականությունն է փլուզվում, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ մի պատկերացում ունի հետագա վարվող քաղաքականության մասին: Այնպես որ, սա բավականին նուրբ խնդիր է: Եթե նրանք փորձեն ցույց տալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է անեն, այս դեպքում ավելի կբարդանա ընդդիմության գործը: Մինչդեռ, եթե հիմա էլ ներկայիս ընդդիմությունը փորձի գնալ «մերժի՛ր Նիկոլին» կարգախոսով, այս դեպքում միասնականություն ապահովելը ավելի հեշտ կլինի: Իսկ այն հարցը, թե ինչ պետք է անեն հետո, արդեն երկրորդ փուլի խնդիր կլինի:
Այսինքն, երբ իշխանությունը վերցնեն ու յուրաքանչյուրը հանդես գա իր ծրագրով»: Անդրադառնալով ընդդիմության հնարավորություններին՝ իշխանությանը փոխելու խնդրի համատեքստում, Աղասի Ենոքյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին բավականին ուժեղ են. «Եվ եթե անգամ միավորված ընդդիմության խնդիր չառաջանա, և առանձին ուժեր փորձեն վերոնշյալ հարցն առաջ տանել, կարծում եմ՝ հնարավոր է հաջողության հասնել: Բայց մի պայմանով, եթե միմյանց չխանգարեն: Սա է հարցը, որը կարող է խնդիր առաջացնել»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը մատնանշեց նաև պատասխանատվության խնդրի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի ներսում իշխանությունների պատասխանատվության զգացումը չափազանց ցածր է: «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինչ-որ ոչ էական փաստարկ գտնի, այն դարձնի էական՝ դրանով կհամոզի մարդկանց. ներողություն, բայց սա կոչվում է «կրուտիտ անել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։