Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ հավերժ մնալու են ընտրացուցակներում, եթե նոր մեխանիզմներ չներդրվեն». Դանիել Իոաննիսյան. «Ժամանակ»

Սեպտեմբեր 10,2020 11:30

Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվելու նաև ընտրական ցուցակներին։ Փոփոխությունները մշակող աշխատանքային խմբի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը «Սիվիլնեթի» հետ զրույցում ասել է, որ առաջարկվող փոփոխությամբ ընտրական ցուցակներից դուրս կհանվեն այն քաղաքացիների անունները, որոնց անձը հաստատող փաստաթղթերը ժամկետանց են: Խոսքը մինչև 200 հազար մարդու մասին է: Դանիելյանը նշել է նաև, որ այդ փոփոխությունը չեն անում այդ քաղաքացիների ընտրական իրավունքի հաշվին։ Անձը հաստատող ժամկետանց փաստաթուղթ ունեցող քաղաքացիները, եթե ընտրության օրը ներկայանան քվեարկության, այդուհանդերձ կկարողանան քվեարկել՝ ներառվելով ընտրողների լրացուցիչ ցուցակներում։ Դանիելյանի խոսքով՝ այս 200 հազար քաղաքացիների հիմնական մասը այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են արտերկրում, հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, գուցե նաև մահացել են արտերկրում, և նրանց մահը այստեղ գրանցված չէ։

Ընտրական բարեփոխումների վրա տևական ժամանակ աշխատած, աշխատանքային խմբի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ սա  լավ գործիք է ընտրական ցուցակները մաքրելու համար: «Երբ խոսք է գնում հազարավոր մարդկանց մասին, հնարավոր է ճշտությունը կորցնել։ Դրա համար էլ  մենք ասում ենք, որ այն մարդիկ, ովքեր արտագաղթել են, գուցե նաև արտերկրում մահացել են, և դրա մասին ՀՀ պատկան մարմիններին չեն տեղեկացրել, նրանց անձնագրի վավերականությունը վաղ թե ուշ ավարտվում է, և նրանց պետք է հանել ցուցակից։ Իսկ այն մարդիկ, ովքեր գտնվում են արտերկրում և քվեարկությունից առաջ գալիս են Հայաստան, ապա նրանք կարող են քվեարկել, քանի որ նրանց անձնագիրը վավեր է։ Իրենք չէին կարող ոչ վավեր անձնագրով սահման հատել և գալ Հայաստան»,- ասաց Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ անգամ այս մեխանիզմի կիրառման պարագայում հնարավոր չի լինելու ունենալ իդեալական ընտրացուցակներ. «Մի բան հստակ է՝ Հայաստանից արտագաղթած քաղաքացիները ուշ թե շուտ դուրս են գալու ընտրացուցակներից։ Դանդաղ, բայց դուրս են գալու, քանի որ ինչ-որ պահից նրանց անձնագրի վավերականության ժամկետը լրանալու է, և իրենք դուրս կմնան։ Սա կարևոր է, քանի որ մենք հիմա ընտրացուցակում  ունենք  1890-ականներին ծնված մարդ, այն պարագայում, երբ աշխարհի ամենատարեց մարդը ծնվել է 1901 թվականին։ Եվ այդ մարդիկ հավերժ մնալու են ընտրացուցակներում, եթե նոր մեխանիզմներ չներդրվեն»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930