Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկար»-ի նոր պահանջները գեղարվեստական չեն. Դավիթ Մուրադյան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 10,2020 10:44
oskar

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան նոր չափանիշներ է սահմանել «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու հավակնություն ունեցող ֆիլմերի համար. հաղորդում է The New York Times-ը: CNN-ը հիշեցնում է, որ #OscarsSoWhite (ՕսկարնԱյնքանՍպիտակԷ) հեշթեգը որպես մրցանակաբաշխության քննադատություն գործարկելուց հինգ տարի անց, ահա, «Օսկար»-ը փորձ է անում «գունավորվել» բոլոր առումներով՝ պահանջելով իրենց ներկայացվող ֆիլմերում ներառել ռասայական, էթնիկ, սեռական եւ այլ փոքրամասնությունների:

Կինոարվեստների ակադեմիան ներկայացնում է չորս չափանիշ, որոնցից առնվազն երկուսը ֆիլմում պետք է պահպանված լինեն, որպեսզի այն հավակնի տարվա լավագույն ֆիլմի տիտղոսին: Բոլոր պայմանները սոցիալական են՝ վերաբերում են դերասանական ու տեխնիկական անձնակազմի ընտրությանը:

Այսպես, առաջին կամ երկրորդ պլանի դերասաններից առնվազն մեկը պետք է լինի ռասայական կամ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ։ Այս պայմանի բացակայության դեպքում՝ դերասանական կազմի առնվազն 30%-ը պետք է լինեն կանայք, ռասայական, էթնիկ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ կարողություններով մարդիկ։ Նույն համամասնությամբ պիտի ընտրվեն ֆիլմերի ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմերը։ Եվ չորրորդ՝ ֆիլմում աշխատելու համար պետք է ներգրավված լինեն սկսնակներ:

Ի՞նչ ազդեցություն կունենան այս պահանջները կինոարվեստի ու նրա միջոցով՝ հանրության վրա. այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցերին է պատասխանել Հայկական կինոակադեմիայի անդամ, կինոակադեմիայի առաջին նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նրա նախագահության տարիներին կինոակադեմիան երկու անգամ Օսկարին ֆիլմ է ներկայացրել, որ մտել են «Լոնգ Լիսթ» (հազարավոր ֆիլմերից ընտրված 100-յակը, որ իրավունք է ստանում մասնակցելու մրցանակաբաշխությանը):

– Պարոն Մուրադյան, ըստ Ձեզ, այս նոր չափանիշները կխանգարե՞ն կինոգործիչներին, ի՞նչ ազդեցություն կունենան:

– Սրանք գեղարվեստական չափանիշներ չեն: Ես ոչինչ չունեմ փոքրամասնությունների դեմ, բայց կինոյի համար սահմանված չափանիշները պիտի լինեն միայն գեղարվեստական… բոլոր պարագաներում:

– Օսկարն այս փոփոխությամբ ինչպիսի՞ կինո է ուզում ստանալ եւ այն ի՞նչ ազդեցություն կունենա հանրային մտածելակերպի ձեւավորման-փոփոխության գործում: Ըստ Ձեզ, հանրության մեջ այս ամենը որոշողների համար սա նախընտրելի արժեքների առավել արագ ներարկման ձեւ՞ է, թե՞ ուղղակի՝ մի մեծ տոնի կազմակերպիչների կամակորություն:

– Ցավոք սրտի, այս պայմանների առաջադրումը վկայում է, որ առանցքային չափանիշները ենթարկվում են քաղաքական մթնոլորտի տատանումներին: Սրանք գուցե թելադրված են ժամանակի տրամաբանությամբ, սակայն, ըստ իս, դուրս են մշակույթի բնական տրամաբանությունից: Կինոն պատմության ընթացքում բավականին փոխվել է, բայց պետք է որ հասարակությանը մատուցվի իսկական կինոարվեստ, հասարակությունը պիտի արվեստի վարպետների հետ հաղորդակցվի թե կինոյում, եւ թե թատրոնում:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930