Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարո՞ղ է բացառություն լինել

Սեպտեմբեր 10,2020 10:00

Երբ 2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը եւ Սոնա Աղեկյանը դիմակներ հագան եւ փորձեցին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ես նման վարքագիծը ոչ պատշաճ համարեցի ու դրա մասին գրեցի: Ի պատասխան՝ ինձ մեղադրեցին «ռեժիմը» պաշտպանելու մեջ: Մարինան եւ Սոնան դարձան օրվա հերոսուհիներ, ֆեյսբուքահայերի մեծամասնությունը, իրավապաշտպանները եւ ընդդիմադիր գործիչները նրանց փառաբանում էին որպես գաղափարական մարտիկներ, որոնք անզիջում պայքար են մղում «ռեժիմի» դեմ:

Անցավ երկուսուկես տարի, եւ հիմա նույն մարդիկ այդ նույն կանանց հասցեին չափազանց կոպիտ բառեր են ասում, որոնցից ամենամեղմը «խելագարն» է: Պատճառն այն է, որ հիմա Մարինեն եւ Սոնան, դարձյալ ոչ պատշաճ բառապաշարով, քննադատում են ներկայիս իշխանությանը: Իսկ ինչպես հայտնի է՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը չի կարելի քննադատել որեւէ բառապաշարով:

Խոսքն այն մասին է, որ քարոզչության մեջ, քաղաքական պայքարում միջոցների մեջ խտրականություն չի դրվում. ցանկացած, նույնիսկ՝ չափազանց մարգինալ, դրսեւորում, երբ պետք է՝ փառաբանվում է, իսկ երբ դրա անհրաժեշտությունը չկա՝ դատապարտվում է: Ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդը չի կարողանում հասցնել այդ վայրիվերումների հետեւից: (Հուրախություն քաղաքական գործիչների՝ նման մտածելակերպ ցանկացած հասարակության մեջ ունի մոտավորապես 10 տոկոսը):

Բերեմ մի քանի օրինակ: Եթե որեւէ պայմանով հայկական զորքերի՝ ազատագրված շրջաններից դուրս բերելու շուրջ բանակցելը սխալ էր 1998 թվականին, ապա սխալ էր նաեւ 2011-ին, սխալ է նաեւ հիմա: Եթե ճիշտ է, ապա՝ ճիշտ է բոլոր երեք դեպքերում: Եթե ոստիկանության վրա զինված հարձակումը եւ մարդասպանությունը հանցագործություն է, ապա մեղավորները, նաեւ կազմակերպիչները պետք է ազատազրկվեն: Իսկ եթե ոչ թե հանցագործություն է, այլ՝ հրաշալի, հերոսական ապստամբություն, ապա այդ գործով բոլոր կալանավորվածները պետք է ազատ արձակվեն, եւ ոմանք էլ գուցե պարգեւատրվեն մարտական խաչով: Եթե ներքնաշորով արագաչափ փակելն օրինական է, ապա նա, ով դա այսօր կանի, նույնպես չպիտի պատասխանատվության ենթարկվի:

Երկակի ստանդարտներն, իհարկե, զուտ հայաստանյան քաղաքականության խնդիր չեն: Ցանկացած երկրում, որտեղ ինչ-որ բան կախված է քաղաքացիների կարծիքից, օգտագործվում է ամեն մի փաստ կամ երեւույթ, որոնք կարող են նպաստել քաղաքական հաջողությանը: Բայց ինձ թույլ տամ չափազանց միամիտ եւ «իդեալիստական» հարց տալ. կարելի՞ է արդյոք այնպես անել, որ Հայաստանն այդ իմաստով բացառություն լինի: Հօգուտ այդ բացառության հնարավորության՝ խոսում է արտաքին վտանգի առաջ համախմբման անհրաժեշտությունը, մեր երկրի մոնոէթնիկ կառուցվածքը եւ այն հազվագյուտ մշակութային ժառանգությունը, որը մենք կուտակել ենք հազարամյակների ընթացքում: Դա բավարա՞ր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930