Տավուշում կայացել է «Թիկունքը՝ մշակույթ» նախագծի հերթական միջոցառումը:
Պանդեմիայի շրջանում առիթ ունեցել ենք քանիցս նշելու, որ պատերազմներն ու ճգնաժամերը երբեւէ չեն խանգարել մեր մշակութային կյանքի ընթացքին, օրինակ, 95-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նույնիսկ 1941թ. հունիսի 22-ին՝ Հայրենական պատերազմի առաջին օրը, ելույթ է ունեցել, բայց այլ ծրագրով. հնչել են ռազմաշունչ երաժշտություն եւ հայրենասիրական երգեր՝ Լենինգրադից հրավիրված դիրիժոր Իսպիր Խարաջանյանի ղեկավարությամբ։
Այսօր էլ նվագախումբը, հարազատ մնալով տասնամյակներ առաջ որդեգրած աշխատաոճին, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում ելույթ ունեցավ ընդարձակ ծրագրով։
Այս համերգով մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան)։ Համերգը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ» նախագծի Տավուշի մարզում օգոստոսի 5-ին մեկնարկած հերթական միջոցառումն է։
«Առավոտն» անդրադարձել է նախագծին. հիշեցնենք, որ այն մեկնարկեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ներկայացմամբ, որին հաջորդեցին «Մասունք» ավանդական երգի-պարի անսամբլի, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների, այնուհետեւ Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի, կոնցերտմայստեր Ելենա Վարդանյանի, ջազմեն Վահագն Հայրապետյանի ելույթները։ Մեզ հետ զրույցում Վարսենիկ Ավանյանն ասել էր. «Հասկացա, որ այդ մարդիկ այլ իրականության մեջ են ապրում։ Նրանք շատ երազկոտ են, միեւնույն ժամանակ մարտական ու աննկարագրելի քաջ։ Հասկացա, որ սահմանամերձ շրջանների բնակիչներն ամեն օր են պայքարում մեկ բանի՝ խաղաղ կյանքի համար»։
Անդրադառնալով ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, նշենք, որ ծրագրում հնչել են Ասլամազյանի կոմիտասյան երգերի փոխադրումներ, Խաչատրյան, Կանաչյան, Բելինի, Վերդի, Չայկովսկի, որպես մենակատարներ հանդես են եկել օպերային սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, ֆլեյտահար Լիլիթ Բաղդասարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ զրույցում դիտարկմանը, թե ելույթի պահին մտածո՞ւմ էիք, որ հայկական եւ համաշխարհային երաժշտական գրականության ձեր հնչեցրած ստեղծագործությունները հավանաբար ունկնդրում էր նաեւ թշնամին, ստացանք հետեւյալ պատասխանը. «Մեղք են, թող լսեն ու կրթվեն»։
«Թիկունքը՝ մշակույթ» նախագիծը, մեծ հաշվով, մշակութային պատասխանն է հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտման։ Կայացած համերգին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
09.09.2020