Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ բողոքներ Բաքվից. Երեւանը կարեւորում է ՌԴ-ի հետ համագործակցությունը

Սեպտեմբեր 10,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Բանակցություններ՝ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է Հայաստանի համագործակցությունը տարբեր երկրների հետ դժգոհության արտահայտման նոր թեմաներ դարձնել: Վերջերս Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում դժգոհել էր, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմամթերք է ուղարկել Հայաստան։ Այժմ էլ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցությունն է, պարզվում է, խիստ անհանգստացնում Ալիեւին:

Սեպտեմբերի 2-ին ընդունելով Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսին՝ Ալիեւն ասել է. «Հայաստանն իրեն ագրեսիվ է պահում: Բնականաբար, ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգություն է առաջացնում: Դուք ծանոթ եք Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների հարցում մեր վերաբերմունքին: Հուլիսի 16-ին սահմանին ակտիվ բախումները դադարեցին, իսկ հուլիսի 17-ից սկսած մինչեւ երեկ Ռուսաստանից Հայաստան մերձկասպյան պետությունների օդային տարածքով բազմաթիվ բեռնափոխադրումներ են իրականացվել: Ես սա ասում եմ ոչ միայն Ձեզ: Մենք այս հարցը բարձրացրել ենք նաեւ մեր ռուս գործընկերների մոտ: Հայաստանի հետ համագործակցությունը մտահոգիչ է»,- ասել է Ալիեւը: Եվս մեկ անգամ ընդգծելով եռակողմ համագործակցության մտահոգիչ լինելու հանգամանքը՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչն է ճիշտ:

Այս հայտարարությունից ընդամենը երեք օր առաջ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հիշեցրեց Ադրբեջանի պաշտոնական մտահոգությունը՝ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ, ու դժգոհել. «Մենք դեռեւս սպառիչ պատասխան չենք ստացել ռուսական կողմից», «Մենք բացատրություններ ենք ակնկալում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ զինել Հայաստանը»։

Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցից հետո, հիշեցնենք, որ Մոսկվան Բաքու էր գործուղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որը հավաստիացրել էր, թե Ռուսաստանն ընդամենը Գյումրիում տեղակայված բազայում «սոցիալական օբյեկտների շինարարություն է իրականացնում»։

Փաստորեն, պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով դեռ պարզաբանում է պահանջում Կրեմլից` Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ ու արձանագրում, որ՝ «տրված պատասխանները չեն գոհացրել»: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հավաստիացրել էր, թե Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, եւ որ իրենք ընդամենը շինարարական աշխատանքներ են իրականացնում Գյումրիի 102-րդ ռազմակայանում, ըստ էության: Այսքանը Բաքվի համար բավարար չի:

Պատահական չէր այս օրերին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիեւի ծավալուն հոդվածը ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ում, որտեղ նա ներկայացնում է Բաքվի դժգոհությունը. «Ադրբեջանը մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել այնպես, որպեսզի կողմերից որեւէ մեկի շահերը չտուժեն: Աշխարհաքաղաքական կարեւորություն ունեցող բազմաթիվ որոշումներ կայացնելիս Ադրբեջանը գործել է առավելագույնս անկեղծ այդ գիծը պահելու համար, մինչդեռ, ցավոք, Ռուսաստանից մեր մի շարք սպասելիքները չարդարացան»:

Ալիեւի պահվածքն իսկապես դուրս է տրամաբանության սահմաններից: Տարիներ շարունակ Ադրբեջանը Ռուսաստանից եւ աշխարհի այլ պետություններից զենք-զինամթերք ձեռք բերելու նպատակով, միլիարդ դոլարներ ծախսելով՝ մինչեւ ատամները զինվել ու այսօր էլ շարունակում է զինվել: Դրա իրավունքը, ըստ ամենայնի, ադրբեջանական իշխանությունների ընկալմամբ՝ իրենք ունեն, մինչդեռ հայկական կողմը՝ չունի՞:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի տվյալներով, մասնավորապես, 2013-17 թվականներին ադրբեջանական բանակն իր նոր սպառազինությունների կեսից ավելին՝ 65 տոկոսը ձեռք էր բերել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն՝ Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկ շաբաթ առաջ Մոսկվա կատարած այցից հետո «Ազատություն» ռադիոկայանի եթերում, Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: «Իրականում հայ-ռուսական հարաբերություններում շատ մեծ դինամիկա կա, որոշ ոլորտներում դա աննախադեպ է, օրինակ` ռազմօդուժի հետ կապված», – ասել էր Տոնոյանը, միաժամանակ հավելելով, որ ճիշտ չի լինի ասել, որ դինամիկան այս վերջին 2 տարիների ընթացքում է շարունակվել, բայց այն, ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության միջոցներին, իրականացվել է վերջին տարիներին:

Դավիթ Տոնոյանը նաեւ հայտնել էր, որ Հայաստանի ՊՆ-ի եւ Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջեւ ստորագրվել է «Սու-25»-ի արդիականացման եւ վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում. «Կնքվեց 4 «Սու-25»-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չի հաջողվել իրականացնել: Ռազմարդյունաբերության ոլորտում բավականին հետաքրքիր լուծումներ են եղել, ինձ ոգեշնչում է մասնավոր կազմակերպությունների ներգրավվածությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»:

Ի դեպ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Բաքվում արած հայտարարություններին անդրադառնալով՝ Տոնոյանը նկատել էր, որ անձամբ Շոյգուից է տեղեկացել սպասվող այդ հանդիպման մասին՝ «բավականին հնարավորինս մանրամասներով»:

Այսպիսով, Դավիթ Տոնոյանի նշյալ հարցազրույցի հայտարարություններից ուշագրավ էին հետեւյալ արձանագրումները, որ բանակցություններ են ընթանում «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ, որ կնքվել է 4 «Սու-25»-երի արդիականացման ծրագիր, կործանիչների արդիականացումը ՌԴ-ում է իրականացվելու, եւ որ նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական մասնավոր կազմակերպություններ ռազմարդյունաբերության ոլորտում:

«Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր», -վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության թեմային օրերս անդրադարձել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է: Այսպիսով, այստեղ որեւէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել»,- նշել էր նա: Հավելելով. «Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա եւ իրականացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համաձայնագրերի, պայմանավորվածությունների եւ աշխատանքային ծրագրերի հիման վրա: Ռուսաստանը չի խախտում տարածաշրջանում հավասարակշռությունը: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որեւէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»:

Իսկ հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ, Մնացականյանը պատասխանել էր. «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի. այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ այս ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանը ամեն կերպ հզորացնում է իր ռազմական ներուժը՝  փորձելով համոզել իր իսկ հասարակությանը եւ միջազգային հանրությանը, որ ունի ներուժ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար: Եվ դա մատուցվում էր այնպիսի լույսի ներքո, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների չսկսումը «զիջում» է Հայաստանին եւ Արցախին՝ փոխարենն ակնկալելով բանակցային գործընթացում հայկական կողմերի «միակողմանի զիջումներ»։ Իր ռազմական ներուժը զարգացնելու ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար»:

Լրագրողը հետաքրքրվել էր՝ պատրաստվո՞ւմ է Հայաստանը գնել ռազմական նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ «Մենք պատրաստ ենք անել ամենը` մեր երկրի պաշտպանունակության հետեւողական ամրապնդման համար։ Ես արդեն նշեցի, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են»,- նշել էր Մնացականյանը: Իսկ հարցին, թե Երեւանում շահագրգռվա՞ծ են Գյումրիի ռուսական ռազմաբազայի պահպանմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել էր. «Հայաստանը տարածաշրջանում որեւէ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր, որոնց վրա հիմնվելով էլ անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ ենք հետապնդում։ Ռազմական բազան, իր հերթին, եւս նպաստում է այդ նպատակին հասնելուն»:

Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համատեքստում Ռուսաստանի դերը պաշտոնական Երեւանն, այսպիսով, առանձնահատուկ կարեւորում եւ ընդգծում է: Հայաստանի անվտանգության պահպանման, տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից ՀՀ իշխանությունների կողմից, ինչպես նկատվում է, կա միանշանակ համոզում, որ առանց Ռուսաստանի ակտիվ ներգործության՝ դա հնարավոր չէ իրականացնել:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930