Լրահոս
Օրվա լրահոսը

Դերիբասովսկայայի վրա մի սպասիր լավ եղանակի, երբ Բրայթոն-Բիչում կրկին փոթորկում է

Սեպտեմբեր 10,2020 13:30

Առանց այն էլ անհանգիստ, կայունությունից հեռու աշխարհն աշնան գալուստով, գտնում եմ, մտնում է քաղաքական տուրբուլենտության գոտի, ինչը ենթադրում է, եթե ոչ աղետներ ու կատակլիզմներ, ապա գրեթե անկասկած՝ լուրջ ցնցումներ։ Պատճառը նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններն են ԱՄՆ-ում։ Ցավով պետք է փաստել, որ երբեմնի համաշխարհային հեգեմոնի դերում հանդես եկող գերտերությունը, որը երաշխավորում էր գործնականում ամբողջ մոլորակի կայունությունն ու զարգացումը, ինչ-որ պահից վերածվեց նյարդայնացնող ու ավերիչ գործոնի։

Տասնամյակներով զանգվածային լրատվամիջոցները հետեւողականորեն գլուխներս մտցրել են, թե ԱՄՆ քաղաքական համակարգը ժողովրդավարության, ինչպես եւ փոխզսպումների ու հակակշիռների մեխանիզմների կատարյալ օրինակ է, երբ նախագահի ինստիտուտն իբր առանց ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների ի զորու չէ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող փոքրիշատե նշանակալից որոշում ընդունել։ Մինչդեռ նախագահի աթոռի համար քաղաքական ուժերի եւ նրանց թեկնածուների միջեւ լրջագույն պայքար է ծավալվում, որն ընդգրկում է փոխադարձ ոչնչացման գործնականում ողջ զինանոցը՝ կոմպրոմատներ, սադրանքներ, մեղադրանքներ բոլոր մեղքերի մեջ, հաճախ բացարձակ սուտ, «ընդդատյա» լրատվամիջոցներ եւ հասարակական կարծիք ձեւավորող մյուս կենտրոններ։ Նման էկզիստենցիալ հակամարտության չենք հանդիպում խորհրդարանական ընտրություններում, երբ Հանրապետականներն ու Դեմոկրատները վիճարկում են տեղերի քանակը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում։ Հավանաբար, ԱՄՆ նախագահի պաշտոնը շատ ավելին է, քան մեզ փորձում են ներշնչել։

Թվում էր, թե ասվածի գագաթնակետը 2016թ. նախագահական ընտրություններն էին, երբ Օվալաձեւ կաբինետի ներկայիս տերը շատերի համար անսպասելի հաղթեց դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Դեմոկրատներն ու նրանց հովանավորներն ինչ կերպ ասես չփորձեցին բացատրել իրենց, սեփական կարծիքով աներեւակայելի, իսկ իրականում միանգամայն օբյեկտիվ ֆիասկոն։ Կարծիք կար անգամ, թե ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտնվելով փոխեց ժամանակի ընթացքը։ Մինչդեռ ինքը ժամանակը (փոփոխվող աշխարհը) թելադրեց տարիներով կառուցած համակարգի մաս չկազմող լիդերի երեւան գալու անհրաժեշտությունը։ Խոսքը բնավ Հանրապետականների մասին չէ, այլ Թրամփի անձի։ Ամերիկայի վեհության մասին, որը Թրամփը խոստացել էր վերադարձնել, քանզի համարում էր կորսված,  նրա պատկերացումները զգալի տարբերվում են իր քաղաքական ընդդիմախոսների ընկալումներից։ Թրամփը մրցակիցներից շուտ ընկալեց այն իրողությունը, որ բացառապես զինուժի եւ քարոզչական առավելության վրա խարսխվող՝ ամենուր ռեսուրսները հօգուտ Ամերիկայի քամելու քաղաքականությունն իրեն սպառել է, եկամտաբեր նախագծից վերածվելով թանկարժեք ու վնասաբեր զբաղմունքի, որը բավարարում է ոչ թե շարքային ամերիկացիների պահանջմունքները, այլ սոսկ իսթեբլիշմենթի առանձին շրջանակների հավակնությունները։ Մյուս կողմից, ամրացել եւ ավելի մեծ ինքնավստահություն էին ձեռք բերել մի շարք պետություններ, որոնց ամերիկյան հոխորտանքն այլեւս չէր տպավորում։ Ովքեր հանկարծ պարզել էին, որ «ամերիկացիների տակ» գոյատեւելուց զատ գոյություն ունի առավել արժանապատիվ կենսակերպ՝ մնալ ինքնատիպ։ Շարունակել ողջ աշխարհին սեփական կանոնները պարտադրել, միաժամանակ կրճատելով այդ արտոնյալ իրավունքը «գնելու» բյուջեն, այլեւս անհնարին էր դարձել։ Դա անհնարին կդառնար նույնիսկ բյուջեն ոչ միայն չկրճատելու, այլ անգամ ավելացնելու պարագայում, քանզի բավական արագ եւ նկատելի աճել էր մի շարք երկրների թե՛ տնտեսական, թե՛ ռազմական պոտենցիալը։ Նրանց հետ ուժի դիրքերից խոսելն արդեն, մեղմ ասած, անվտանգ չէր։ Խոսքն անգամ միայն Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի մասին չէ։ Սեփական հայեցողությամբ պայմաններ թելադրելն անհնար էր դարձել անգամ տարածաշրջանային լիդերներ չհանդիսացող մի շարք երկրների համար, թեպետ նրանցից ոմանք նման նկրտումներ ունեն. Թուրքիա, Իրան, ԿԺԴՀ, Վենեսուելա, Կուբա եւ այլն: Չխոսելով արդեն նույնիսկ մի շարք եվրոպական երկրների մասին, որոնք սկսել են առավել հետեւողականորեն պաշտպանել սեփական ինքնիշխան շահերն անդրօվկիանոսյան հեգեմոնի ոտնձգություններից։ Հապա ինչպես, երբ հեգեմոնը, ինչը ղեկավարելուց զատ ենթադրում է նաեւ ենթակաների նկատմամբ հոգ տանելը, վերածվել է, թույլ տվեք նոր տերմին ներկայացնել՝ էգեմոնի (հեգեմոնի ժամանակակից տարատեսակ, ում սեփական շահերից զատ ոչինչ չի հետաքրքրում)։

Ասվածի լույսի ներքո միամտություն է կարծելը, թե Դոնալդ Թրամփին Ամերիկայի վզին են փաթաթել դրսից, մասնավորապես՝ Մոսկվան։ Նրա նախագահության առաջին ժամկետն արդեն ավարտին է մոտենում, իսկ Նահանգներում առանձին շրջանակներ ցայսօր խոսում են Կրեմլի միջամտության մասին։ Անհասկանալի է միայն՝ դրանով հպարտանո՞ւմ են, սեփական խորաթափանցությամբ հիանո՞ւմ, թե՞ ինչ։ Ըստ իս, գերտերությունը, որի նախագահին «նշանակել են» մեկ այլ մայրաքաղաքի կամքով ու տեխնոլոգիաների շնորհիվ, ուղղակի պետք է ամեն կերպ շրջանցի այդ թեման եւ չխայտառակի իրեն աշխարհի աչքում։ Չէ՞ որ հարցեր են առաջանում։ Այդ ի՞նչ աշխարհի ամենահզոր գերտերություն է, ավելին՝ տեխնոլոգիաների ու բազմաթիվ այլ ոլորտներում առաջընթացի առաջամարտիկ, միեւնույն ժամանակ ռազմական առումով հզորագույն, որ չի կարողանում ինքզինքը պաշտպանել բոլոր առումներով իրենից հետ մնացած Մոսկվայից (այդ մասին անդադար պնդում են ամերիկյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները): Մի՞թե դա իրականություն է։ Եթե այո, ապա ինչպե՞ս է Վաշինգտոնը պաշտպանելու իր որեւէ դաշնակցի, երբ ինքն է այդչափ խոցելի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ոչ, ստացվում է՝ անխղճորեն ստում են։ Այս դեպքում որքա՞ն է մոլորակով մեկ ճակատագրեր բախտորոշելու հավակնություն ունեցող այդ գործիչների խոսքի իրական արժեքը։ Ամենն արվում է իրենց իսկ՝ ամերիկացիների ձեռքով, ուստի իմաստ ունի՞ որեւէ մեկի համար միջոցներ ծախսել ԱՄՆ-ին վարկաբեկելու նպատակով, եթե ամերիկացիներն իրենք հաջողությամբ լուծում են այդ խնդիրը։

Հազիվ թե պարկեշտության կամ էլ նախանձելի խելամտության դրսեւորում է ռուսաստանյան այն բուժհիմնարկների եւ բժիշկ գիտնականների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, մի իրավիճակում, երբ համավարակից ողջ աշխարհն է տուժում։ Սոսկ նրա համար, որ հայտնի չէ, թե որքան ժամանակ անց ստեղծեն սեփական պատվաստանյութը, վաճառեն աշխարհով մեկ եւ դրանով լրացուցիչ վաստակե՞ն։ Կամ էլ, ասենք՝ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, իբր Մոսկվան վճարում է թալիբներին, որպեսզի նրանք Աֆղանստանում կոտորեն ամերիկացի զինվորականներին։ Հավանաբար, առանց հավելավճարի թալիբներն ամերիկացիների հետ միայն հաճույքով գրկախառնվում են։ Մեկ այլ, բոլորովին թարմ օրինակ. ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը Մոսկվայում սպառնում է ՌԴ-ի նկատմամբ ցայժմ չտեսնված կոշտ պատժամիջոցներով՝ Ալեքսեյ Նավալնուն թունավորելու համար։ Մի կողմ թողնենք, որ թունավորման եւ դրան Կրեմլի մասնակցության որեւէ ապացույց ոչ ոք չի ներկայացրել, ոչ էլ հոդաբաշխ բացատրել է Կրեմլի շահը դրանում, հետաքրքիր է այլ բան, ո՞ր օրգանով է պետք մտածել, որպեսզի Նահանգների, իբրեւ պետություն, շահը ստորադասել մեկ՝ անգամ շատ սիրելի անձից։ Փորձագիտական գնահատականներ են հնչում, թե խոսքը Ռուսաստանին միջազգային գործարքները ԱՄՆ դոլարով կատարելու հնարավորությունից զրկելու մասին է։ Եվ ի՞նչ, իսկ հետեւանքնե՞րը։ ԱՄՆ-ն մինչ այժմ համաշխարհային տնտեսությունում առաջատար դիրք է զբաղեցնում հիմնականում շնորհիվ նույն այդ դոլարի, իբրեւ հիմնական փոխարժեք։ Զրկելով առանձին երկրների՝ փոխադարձ հաշվարկներում այն օգտագործելու հնարավորությունից, արդյունքում որտե՞ղ կհայտնվի դոլարը մասնավորապես, եւ ԱՄՆ-ն ընդհանրապես։ Ի՞նչ նկատառումներով է պետք առաջնորդվել, որպեսզի ինքնակամ նախաձեռնվի սեփական ազդեցության գլխավոր գործիքի հանդեպ վստահությունը սասանելու գործընթացը։ Առաջնորդվելով խելամտության կանխավարկածով, մնում է բոլոր այդ, իրենց աններդաշնակության մեջ զվարճալի, գալարումները բացատրել ԱՄՆ-ում ընտրական գործընթացների առանձնահատկությամբ։ Հռետորաբանության մակարդակով թույլատրված է ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, երբ Թրամփին վարկաբեկելու գլխավոր զենքը նրան Մոսկվայի հետ կապերում մեղադրելն է, իսկ վերջինիս ամենազորեղ հակահարվածը՝ Մոսկվայի վրա ցուցադրաբար ճնշում գործադրելը։ Ընդգծեմ, հենց հռետորաբանության մակարդակում, քանզի իրավական դաշտում չկարողացան արժանահավատ փաստեր պեղել։

Ըստ իս, անկախ ամենից, նոյեմբերյան ընտրություններում Դոնալդ Թրամփը հաղթող դուրս կգա։ Ճիշտ է, առայժմ պարզ չէ՝ կճանաչե՞ն, արդյոք, այդ հաղթանակը նրա ընդդիմախոսները։ Տպավորություն է ստեղծվում, որ դաժան պայքարը նոյեմբերի 3-ով չի ավարտվելու։ Պարտվող կողմը, ով էլ դա լինի, հակառակորդին մեղադրելու է ընտրակեղծիքների մեջ եւ նախաձեռնելու է փողոցային ընդվզումների ալիք։ Այդ սցենարն արդեն այսօր ակտիվ նախապատրաստվում եւ փորձարկվում է տարբեր քաղաքներում: Ինչի՞ վրա է խարսխվում Թրամփի հաղթանակի մեջ իմ համոզմունքը։ Առաջին հերթին, պարզ մաթեմատիկական հաշվարկի։ ԱՄՆ նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով։ Առաջին տարին անցնում է սեփական թիմը ձեւավորելու, առանցքային նշանակումները կատարելու, գործերին եւ արտասահմանյան գործընկերների հետ ծանոթանալու հոգսերի մեջ։ Ցանկացած ղեկավարի պաշտոնավարման վերջին մեկուկես-երկու տարում ընդունված է նրան համարել «կաղ բադիկ», նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակն այլեւս չի բավականացնի իրագործելու սեփական թեկուզ եւ միջնաժամկետ ծրագրերը։ Ստացվում է, որ լայնամասշտաբ, արդյունավետ աշխատանքի համար նախագահն օբյեկտիվորեն ունի միայն մեկ-մեկուկես տարի։ Եվ ի՞նչ կարելի է հասցնել նման կարճ ժամանակամիջոցում։ Թերեւս դա է պատճառը, որ ավանդույթ է ձեւավորվել. ԱՄՆ գործող նախագահը, իբրեւ կանոն, գնում է երկրորդ ժամկետի ընտրության եւ հաղթում։ Հանուն արդարության նկատենք, որ այս դեպքում էլ նախագահի պաշտոնավարման առաջին ժամկետի վերջին մեկ-մեկուկես տարին անցնում է նախընտրական պայքարի տրամաբանության թելադրանքով, այդուհանդերձ, արդյունքում մեկ լրիվ ժամկետ (4 տարի) նախագահն աշխատում է լիարժեք։ Երկրորդ, 2016 թվականին Թրամփին Սպիտակ տուն բերած օբյեկտիվ պատճառները ոչ միայն չեն անհետացել, այլեւ ամրապնդել են այդպիսին ճանաչվելու իրենց իրավունքը։ Ավելին, դրանք ներկայումս ավելի ակնառու են, քան 4 տարի առաջ։ ԱՄՆ-ի հեգեմոնիա, ինչպիսին այն պատկերացնում են դեմոկրատները, այլեւս չի լինելու, պատմության այդ էջը շրջված է։ Հետեւաբար, եթե այս փուլում իշխանության գան դեմոկրատներն իրենց նախկին հայացքներով, նետվելու են վերականգնելու երբեմնի կարգերը, ինչն աշխարհում կոշտ հակազդեցություն է առաջացնելու, դրանից բխող հետեւանքներով։ Թրամփը ղեկի մոտ, ով բաղձում է սեփական վճռականությունը ցուցադրել, բայցեւ կաշկանդված է շարունակ դեմոկրատների հետ փոխզիջումներ փնտրելու անհրաժեշտությամբ, նախընտրելի է համեմատաբար զսպվածության եւ անհամեմատ փոքր վտանգ պարունակելու տեսանկյունից։

Հօգուտ Թրամփի է աշխատելու նաեւ դեմոկրատների հաստատած թեկնածությունը։ Ժոզեֆ Բայդենն այն կերպարն է, ով հենց մարմնավորում է դեմոկրատների մոտ սեփական հայացքները վերանայելու ցանկության իսպառ բացակայությունը։ Խնդիրն անգամ թեկնածուի տարիքը չէ, այլ մարդու վաղուց արդեն կայացած ռենոմեն։ Բացի այդ, ի հակակշիռ Թրամփին վերագրվող սպիտակ շովինիզմի, դեմոկրատների հանդուրժողականությունն իբրեւ ընդգծող փոխնախագահի թեկնածությունը եւս հեռու է հանճարեղ քայլ լինելուց, եթե չասենք սխալ հաշվարկ էր։ ԱՄՆ պատմության ողջ ընթացքում փոխնախագահի որեւէ կին թեկնածու հաջողության չի հասել։ Ի՞նչ հանգամանքներից ելնելով այս անգամ այլ կերպ է լինելու, հատկապես որ, ելնելով Բայդենի տարիքից, շատերը ֆորս-մաժորի դեպքում Քամալա Հարիսին դիտարկում են հենց ապագա նախագահի դիրքում։ Կասկածում եմ, թե ամերիկացիներին իրերի նման դասավորվածությունը դուր է գալիս։ Ի դեպ, տիկին Հարիսի բազմազգ ներկայացվող իմիջը նույնպես դեմոկրատներին առանձնապես դիվիդենդներ չբերեց։ Ավելի շուտ հակառակը, կուսակցությանը հիմա էլ մեղադրեցին երեսպաշտության մեջ։ Սեւամորթ ամերիկացիները նկատեցին, որ Քամալայի մաշկը բավարար չափով մուգ չէ, իսկ հնդիկները, թե բավարար ասիացի չէ։ Ստացվում է, Հարիսի օգտին պետք է քվեարկեն սպիտակ ամերիկացիները, ում մի պահ պետք է թվա, թե Քամալան Թրամփից շիկահե՞ր է։

Դե, դե։

Աշոտ ԱՆՏԻՆՅԱՆ

Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
09.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930