Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը դեմ չէ, որ ԲՀԿ-ի առաջարկած՝ սնանկության 1 միլիոնի շեմը ավելանա. Ինչքա՞ն գումարից սկսած սնանկ կճանաչվեն

Սեպտեմբեր 09,2020 13:10

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ անցած Սնանկության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը ցույց է տվել, որ մի շարք տնտեսվարողներ կանգնել են սնանկության խնդրի առաջ, ուստի ԲՀԿ-ն ի դեմս Միքայել Մելքումյանի, նախագիծ է մշակել՝ առաջարկելով սնանկ ճանաչվելու շեմը 1 միլիոն դրամից բարձրացնել՝ դարձնելով 2 միլիոն, որպեսզի գործարարները կարողանան հաղթահարել խնդիրները:

Միքայել Մելքումյանն ասաց, որ առաջարկել են ֆիզիկական անձանց համար երկու միլիոնի շեմ, իրավաբանական անձանց համար՝ երեք միլիոնի շեմը: Ըստ նրա, վերլուծություն են իրականացրել՝ ճշտելով սնանկ անձանց թիվը, սնանկացման գործընթացների ժամանակահատվածը: Պարզել են, այս պահին տասը հազարից ավելի սնանկ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կան: Փոփոխությունը նրա համար է, որ գործարարները այդքան շուտ սնանկության տիրույթում չհայտնվեն:

ԲՀԿ պատգամավորի առաջարկին պատասխանեց արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Փոխնախարարն ասաց, որ հարցը քննարկել են Համաշխարհային բանկի փորձագետների հետ, որպեսզի նախագիծն ավելի լավը դառնա: Ըստ նրա, մի շարք երկրներ, համաճարակով պայմանավորված, ձեռնարկում են միջոցներ՝ սնանկության օրենսդրությունը բարեփոխելու: Բացի այդ, հաշվի առնելով մեր երկրի տնտեսական զարգացումը եւ ՀՆԱ-ի աճը, որպես կառավարության ներկայացուցիչ համաձայնել են շեմը ավելացնել՝ դարձնելով երկու միլիոն: Սակայն, Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով, համաձայն չեն, որ իրավաբանական անձանց համար այն լինի երեք միլիոն, քանի որ այդ դեպքում տնտեսությունը կկանգնի խնդիրների առաջ: Ինչ վերաբերում է սնանկության 60-օրյա ժամկետին, ապա այն եւս կերկարաձգվի՝ դառնալով 90 օր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930