«Սերժ Սարգսյանին դրեք մի կողմ: Ի՞նչ եք ասում: 2016-18թթ. Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն այդ վրիպումների մասին Կարեն Կարապետյանին հարցնելու: Թող հարցներ՝ տղա ջան, ինչո՞ւ ես վրիպել…Վարչապետը վրիպո՞ւմ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսում վերջինիս այն հայտարարությանը, որ ինքը խոսել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որը խոստովանել է՝ ապրիլյան քառօրյայում տանկերի անորակ դիզվառելիքի վերաբերյալ իր խոսքերը վրիպակ են եղել, իրեն Արցախ այցի ժամանակ ճիշտ չեն զեկուցել իրավիճակի մասին:
Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ ինքն էլ Կարեն Կարապետյանին հարց ունի՝ վրիպելը քաղաքական նպատակ ունեցե՞լ է. «Որովհետեւ այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա: Մանրամասներին չանդրադառնամ, բայց ասեմ, որ ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի եւ ուտելիքի պակաս չեն ունեցել: Սկզբնական փուլը այն մինիմալն է, որը կա դիրքում: Եկել է մի պահ, երբ որոշ կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունը եղել է սահմանափակ: Թե ինչու է այդպես եղել, հանձնաժողովի աշխատանքի արդյունքում մենք տալու ենք բացատրություններ՝ ո՞ր դիրքերում ուշացավ, ի՞նչ հետեւանք ունեցավ, կարո՞ղ էին ուշանալ, թե ոչ, բանակի կառավարման աստիճանն ինչպիսի՞ն էր»:
Քոչարյանը վստահեցրեց՝ շատ կարեւոր հարցերի պատասխաններ են տրվելու զեկույցում, բայց ժամանակից շուտ իրեն հարցեր տալ պետք չէ: Օրերս ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տեսել է հանձնաժողովի զեկույցի արձանագրություններից, որոնցում հերքվում է ջրի, զենքի, փամփուշտի խնդիրը. «Բայց ես հո գիտեմ, որ բարեկամս երկու օր Ջաբրայիլում փչացած տանկի մեջ է մնացել»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են արձանագրությունները հասանելի դարձել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձի համար: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Արձանագրությունները գաղտնի չեն: «Գաղտնի» գրությամբ փաստաթղթերը եթե հանկարծ որեւէ մեկի ձեռքում հայտնվեն, պատասխանատվություն կկրեն նրանք, ովքեր պատասխանատու են գաղտնի փաստաթղթի տնօրինման համար: Այն, ինչ դուք ասում եք, գաղտնի բան չեմ տեսնում»:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի զեկույցին, Անդրանիկ Քոչարյանը հայտնեց. «Ակտիվ ամփոփիչ փուլում ենք, այս ամսում զեկույցը, որը շատ ծավալուն է, ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի հետագա ճակատագիրը, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Այն ունենալու է գաղտնի, հույժ գաղտնի, բաց տիրույթներ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՌԴ-ում բանակային առաջին խաղերի ընթացքում Բելոռուսի թիմի տանկը խափանվել էր՝տանկը փոխելու համար ժամանակը կանգնեցրել էին,որից հետո մրցույթը շարունակվել էր…:Այնպես որ տեխնիկայի խափանումից ոչ ոք ապահովագրված չէ….: