Այսօր Երեւանի ավագանու նիստում, երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը ներկայացնում էր Կենդանաբանական այգու կառավարման նոր մոդելի կիրառության վերաբերյալ հարցը՝ նշելով, որ մինչ օրս ձեւավորվել չի կառավարման խորհուրդը, ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ բորբոքված տոնով ասաց. «Ես ձեզ լսում եմ 40 րոպե եւ ոչ մի տրամաբանական բան չեմ լսում, ուրեմն հիմա շատ լավ կառավարվում է Կենդանաբանական այգին, շատ լավ վիճակում է եւ կարծում եմ, որ պետք չի, որ դուք 40 րոպե պատմեք, թե կենդանաբանական այգու կառավարման մեջ պետք է փոփոխություն անել»:
Արմեն Ներսիսյանը խոսքը շարունակելով ասաց՝ «Ես չտեսա մի անգամ, որ գոնե դուք կամ ձեր նման մտածող մարդիկ Վարդաշենի վթարային շենքի մասին խոսեք: 7 ամիս է, ասում ենք՝ փլվում է մարդկանց գլխին, չլսեցի ձեր մոտից գոնե գնաք այցելեք այդ մարդկանց: Մարդիկ իրենց կյանքն են վտանգում, մի անգամ չգնացիք կանգնեք երեւանցիների կողքին: Բայց հիմա 40 րոպե խոսում եք կենդանաբանական այգու մասին: Որքան կարելի է չարաշահեք բոլորիս համբերությունը: Ե՞րբ եք զբաղվելու երեւանցիների խնդրով, խաբել եք մի ամբողջ ժողովրդի»:
Ի պատասխան, պարոն Անտոնյանն ասաց. «Առնվազն ինձ հետ նման տոնով ու նման ձեւակերպումով չպետք է խոսեիք, լինելով ցանկացած խնդրի կիզակետում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ