«Աշխարհազորային գնդի կամ աշխարհազորային կառույցի ստեղծման գաղափարը շատ լավն է, կողմ ենք գաղափարին, բայց կան նրբություններ, որ պետք է ուսումնասիրվեն և քննարկվեն»,- «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
Միևնույն ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ իրենց չեն հրավիրել այս թեմայով քննարկումներին ու ասաց. «Ինչպես նախկին իշխանությունների ժամանակ մեզ չեն հրավիրել քննարկումների, այնպես էլ իներցիայով այդ տրամադրությունը շարունակվում է: Ազատամարտիկների դաշինքում կա 30 հրամանատար, որոնք պատերազմ են անցել, ապրիլյան դեպքերին եղել են առաջին գծում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում՝ այս մարդկանց էլ կարելի է հրավիրել, քննարկել: Մինչդեռ քննարկելու շատ հարցեր կան»:
Նա հայտնեց՝ առաջարկում են, որ աշխարհազորի ստեղծման թեմայով լայն քննարկում լինի, քննարկումներին մասնակցեն բոլոր վետերանական կառույցների հրամանատարները: Հիշեցմանը՝ աշխարհազորի ստեղծման հայտարարությունը հանրային այնպիսի տրամադրություններ է առաջացրել, որ պատերազմ կարող է լինել, Գագիկ Մելքոնյանն այսպես արձագանքեց. «Ոչ ոք էլ թող չվախենա. մեկ է այդ պատերազմը լինելու է վաղ, թե ուշ: Ավելի լավ է հիմա պատրաստ լինենք պատերազմին, չնայած մեր բանակը պատրաստ է պատերազմին»:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ նա ասաց. «Իր բոլոր հայտարարությունները զրո են: Ինքը տասը տարի եղել է երկրի ղեկին: Այն, ինչի մասին հիմա խոսում է, թող կատարեր այն ժամանակ: Էնքան շատ բան չեն արել այս երկրի համար: Այդ ուժերը ետ գալ չեն կարող, քանի որ ժողովուրդը կշտացած է նրանցից: Երբ գրում են, թե վարչապետի վարկանիշն ընկել է, սուտ են ասում: Մտեք ժողովրդի մեջ, բոլորն ընդունում են Նիկոլին: Բոլորը հասկանում են, որ կորոնավիրուսը ողջ աշխարհի գլխով անցել է, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պիտի աներ. զոնտի՞կ պիտի փռեր այնտեղ, որ այդ վիրուսը չգար այստեղ: Այդ ուժերն ուզում են հեղափոխություն անել, չի ստացվի, քանի որ ժողովրդին վերացնել չեն կարող: Սա ժողովրդի իշխանությունն է, և ոչ ոք էլ չի կարող այդ իշխանությունը վերցնել ժողովրդից»:
Կարդացեք նաև
«Մեծն Տիգրան» աշխարհազորի գնդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ այսօր ՀՀ զինված ուժերում կատարվող փոփոխությունները նկատելի են. «Մի քանի օր առաջ էր, որ SU-30 բերեցին, հայտարարեցին, որ ևս չորս, ութ հատ էլ բերելու են: Այդ ամենը գերագույն գլխավոր հրամանատարից է կախված. ուզում ես լավ գործ անել, թե՝ վատ: Մենք տեսել ենք, թե նախկին իշխանություններն ինչ են արել: Իրենք էլ թող բերեին զենքեր..այսօր ավելի շատ լավ բաների մասին գիտենք, բայց դեռ չենք ուզում արտահայտվել»:
Ազատամարտիկների դաշինքի անդամ Գևորգ Տեր-Գևորգյանը նկատեց՝ տավուշյան դեպքերն ապացուցեցին մի կարևոր բան, որ ՀՀ-ն իր զինված ուժերով պատրաստ է լուրջ հակահարված տալուն: Հարցին՝ հնարավո՞ր է ուժերի կոնսոլիդացիա ընդդեմ գործող իշխանության, նա պատասխանեց. «Նման բան հնարավոր չէ: Մենք այդ գործիչներից մեծ մասին հրաշալի ճանաչում ենք, գիտենք բոլորի անցած ճանապարհն ու հավակնությունները: Ես նրանց մեծ հաշվով քաղաքական գործիչ չէի ասի, ուղղակի մարդիկ են, որոնք այդ ամենը զուտ իրենց թալանածը պահպանելու մղումով են դա անում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ