Կենտրոնական բանկի նախագահն այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով քննադատություններին, ասաց, որ ԿԲ-ի վարած ցանկացած քաղաքականություն, այսպես, թե այնպես, քարկոծվում է։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ իրենց քարկոծում են այն տնտեսագետները կամ այն բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կարծում են, թե ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության արդյունքում պետք է բարձր գնաճով առաջնորդվի, որը թույլ կտա արտահանում իրականացնել ու հայկական արդյունաբերությունը կբերի շատ ավելի բարձր մակարդակի․«Սակայն այստեղ ես մի քիչ սկեպտիկ եմ, որովհետեւ մեր առաջնորդման սկզբունքն ուրիշ է, ԿԲ-ն առաջնորդվում է ՀՀ քաղաքացու շահով։ Գնաճը հետ բերել, որը նախանշված է, խնդիր չէ։ Բայց հասկանո՞ւմ եք, արժեզրկման արդյունքում մենք կարող ենք ունենալ գների աճ, որի արդյունքում մեր գնաճի թիրախը կիրականացնենք, սակայն սա չէ մեր նպատակը։ Մեր նպատակն այն է, որ մենք խարսխենք քաղաքացիների գնաճային սպասումները, ու մարդկանց մոտ ձեւավորվի վստահություն առ այն, որ ԿԲ-ն ունակ է գները կարգավորել եւ ունենալ ցածր գնաճ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, այս իրավիճակին զուգընթաց ունենայինք նաեւ բարձր գնաճ։ Ի՞նչ էր լինելու մարդկանց վիճակը։ ԿԲ-ն տարիներ շարունակ նախընտրել է ունենալ ցածր գնաճ, ու դա արվել է գիտակցված»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ