Լրահոս
Օրվա լրահոսը

Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա. ինչպե՞ս հաղթահարել երեխայի «կպչունությունները» կամ ֆիզիկական շեղումները (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2020 17:26

Ի՞նչ է ադապտիվ ֆիզիկական կուլտուրան: Շատ ծնողներ չգիտեն ադապտիվ կամ շտկողական ֆիզիկական կուլտուրայի մասին, մինչդեռ մասնագետները հավաստիացնում են՝ այն կարևոր է երեխայի աճի ու զարգացման համար:

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում «Լիդեր լենդ» երեխաների խնամքի և զարգացման կենտրոնի մարզիչ, Հայաստանի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և բուժական ֆիզկուլտուրայի մարզաառողջարանական ասոցիացիայի հիմնադիր, նախագահ Սահակ Խաչատրյանին խնդրեցինք ներկայացնել, թե մասնավորապես շտկողական ֆիզկուլտուրայի միջոցով ի՞նչ խնդիրներ են լուծվում:  «Լիդեր լենդ» երեխաների խնամքի և զարգացման կենտրոն հաճախում են 1-6 տարեկան երեխաներ: Մի շարք պարապմունքների թվում նրանք մասնակցում են նաև ադապտիվ ֆիզկուլտուրայի դասերի: Սահակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրան բավականին օգտակար է երեխայի աճի և զարգացման համար, քանցի երեխաներն ունեն վարքային և ֆիզիկական շտկողության կարիք: Կան նախատեսված հատուկ վարժություններ, որոնք շտկում են երեխայի ֆիզիկական ունակությունները, հնարավորություններն ու կարողությունները: Կան նախատեսված մեթոդներ, որոնք շտկում են երեխայի վարքը»:

Սահակ Խաչատրյանը նշեց, որ երբեմն երեխաների մոտ նկատվում են այսպես կոչված կպչունություններ տարբեր իրերի, առարկաների նկատմամբ, կենտրոնացման, ուշադրության պակաս: Այս խնդիրները հաղթահարելու համար մասնագետը ծնողներին մի քանի խորհուրդ տվեց. «Ծնողներին իմ խորհուրդը կլինի, որ հետևեն երեխաների վարքին, մանկավարժական դիտարկում իրականացնեն, իրենք հասկանան, թե երեխան ինչի նկատմամբ կպչունություն ունի, փորձեն կպչունությունները փոխարինել ավելի կարևոր իրերով ու արժեքներով՝ ընկերոջ հետ խաղով: Ասեն՝ սա քո ընկերն է, ինքը քեզ հետ խաղում է: Ցավոք, երեխաների մեծամասնությունն առանձին է խաղում, ավելի ինքնամփոփ երեխաներ են, կարող են վերցնել մի առարկա և բավականին երկար դրա հետ շփվեն, խաղան, ուսումնասիրեն, բայց ընկերոջ հետ չխաղան և ավելի պասիվ մնան: Խորհուրդս այն է, որ եթե երեխաների մոտ նման բան է նկատվում, պարտադիր ներգրավեն ընկերներ»:

Սահակ Խաչատրյանն ասաց, որ կիրառում է փոքր քայլերի մեթոդը և ծնողներին էլ խորհուրդ տվեց այս ճանապարհով շարժվել. «Ֆիզիկական արատները և խնդիրները շտկելու համար կիրառվում է փոքր քայլերի մեթոդը: Դա իմ սեփական մեթոդն է, որտեղ ներգրավված են՝ բացի ֆիզիկական ակտիվ վարժություններից նաև ինտելեկտուալ վարժություններ, որոնք երեխաները լուծելով և այդ վարժությունները կատարելով` հասնում են մեր սպասումներին: Մի կողմից զարգանում են երեխաների ֆիզիկական կարողությունները, աշխատում ենք մկանային խմբերի, ճկունություն, ուշադրության վրա երեխայի, մյուս կողմից աշխատում ենք երեխայի մտավոր ունակությունների վրա: Բավականին հետաքրքիր մատչելի մեթոդ է»:

Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս ծնողներին երեխաների հետ տան պայմաններում զբաղվել ֆիզիկական դաստիարակությամբ՝ օրը սկսել ֆիզիկական մարմնամարզությամբ, կարևորում է երեկոյան զբոսանքը, նաև արագացված քայլքը. «Շատ ցանկալի է, որ առավոտյան վեր կացից սկսվի այդ խնդրի հաղթահարումը, ինչպես նաև անձնական օրինակով. այսինքն՝ ընտանիքով բոլորը միասին պետք է կատարեն այդ վարժությունները: Առավոտյան մարմնամարզությունը կատարելուց հետո ցանկալի է երեկոյան ժամերին, երբ ընտանիքով դուրս են գալիս զբոսնելու, դա կատարվի նաև դրսում՝ զբոսանքի ժամանակ: Դանդաղ քայլք, միջին քայլք, արագացված քայլք. եթե կա անվտանգ տարածք, վազքեր, մարմնամարզություն, ցատկեր, հրումներ, ձգումներ՝ ըստ երեխայի կարողության և հնարավորությունների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930