«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց Մանե Թանդիլյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Սա երաշխավորության ինստիտուտի բարեփոխման փաթեթ է: Վարկ վերցնելիս օրենքով թեեւ նախատեսված է պայմանագրում արդյունավետ տոկոսադրույքի չափը նշելու պարտադիր պահանջ, սակայն կյանքը ցույց է տալիս, որ վարկառուները շատ հաճախ ստորագրելով պայմանագիրը՝ չեն տեղեկանում փաստացի տոկոսադրույքի չափի մասին՝ պայմանագրի բավական ծավալուն լինելու պատճառով, իսկ որոշ դեպքերում էլ դրա մասին չեն տեղեկացվում վարկատուների կողմից:
Ուստի առաջարկվում է, որ առնվազն պետք է ներառված լինի նաեւ պայմանագրի վերջին հատվածում՝ հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝ նույն էջում, որ մարդիկ տեսնեն:
Երկրորդ խնդիրն այն է, որ գիշերային ժամերին շատ վարկային կազմակերպություններ սպառողական վարկերի պայմանագրեր են կնքում: Արկադի Խաչատրյանի խոսքով՝ ակնհայտ է, թե որ դեպքերում է գիշերային ժամերին շտապ գումար պետք ու ում՝ խաղամոլությամբ տարված մարդկանց, կամ՝ գողոնի արագ իրացման ու գողոնից ազատման դեպքերում, կամ՝ գինովցած վարկ վերցնելու դեպքերում. «Դրա օգտակարությունը չկա, սոցիալական խնդիր է առաջացնում: Առաջարկվում է, որ արգելվի գիշերային ժամերին, մասնավորապես՝ 22-ից հետո մինչեւ առավոտյան 7-ը վարկերի տրամադրումը»:
«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հարցրեց, թե գիշերային ժամերին վարկ վերցնելու այդ վարկածները ենթադրությո՞ւն են, թե՞ կա վիճակագրություն, որովհետեւ կարող է գիշերը վարկ պետք լինի, օրինակ, հիվանդանոցի ծախսերի համար: Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ գիշերային ժամերին բուժհիմնարկ դիմելու պարագայում պարտադիր պահանջ չի լինի տեղում վճարում կատարել, որովհետեւ դրամարկղը բաց չի. «Չեմ կարծում, որ անհետաձգելի դեպքերում մարդուն մինչեւ առավոտ ժամանակ չեն տալիս: Իսկ ավտովթարների դեպքում ԱՊՊԱ-ն է փակում ծախսերը…Գիշերվա ժամը 3-ին մարդուն ինչի՞ է պետք վարկ վերցնել»:
Կարդացեք նաև
Իմքայլական պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց՝ վիճակագրություն չկա, մենք չգիտենք՝ ինչի՞ համար են գիշերը վարկ վերցնում՝ դեղերի՞, թե՞ խաղատանը խաղալու: Բացի այդ, ըստ նրա, աշխատատեղեր կկրճատվեն, գիշերային հերթափոխի աշխատողներին կազատեն աշխատանքից, ուստի առաջարկեց նախագծին կամ բացասական եզրակացություն տան, կամ հետաձգեն:
Կառավարության տեսակետը ներկայացրեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նա ասաց, որ եթե խորանանք, ցերեկվա ժամերին ավելի վատ խնդիրներ կարող են ի հայտ գալ, օրինակ, երեխան հեռախոսը տանից վերցնում է` տանում է լոմբարդ. «Դժվար է պատկերացնել, որ մեկը խաղատնից վազում է լոմբարդ, որ վարկ վերցնի: Հակառակը պատկերացնենք, որ մարդը ինչ ունի-չունի, ցերեկը կտանի կդնի լոմբարդ, որ գիշերը կազինոյում խաղա՝ գիտակցելով, որ գիշերը վարկ չեն տա»:
2 ամսով նախագծի քվեարկությունը հետաձգվեց, մինչեւ վիճակագրություն կլինի՝ որպես հիմնավորում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ